Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Որովհետև Ադար՝ տասներկուերորդ ամսի տասներեքին տեղ հասավ արքունիքից …

1 Որովհետև Ադար՝ տասներկուերորդ ամսի տասներեքին տեղ հասավ արքունիքից ուղարկված հրովարտակը, 2 նույն օրն անհետացան հրեաների հակառակորդները, և ոչ ոք նրանց ամենևին չէր ընդդիմանում, որովհետև ահաբեկվեցին նրանցից։ 3 Եվ սատրապությունների իշխանները, կուսակալներն ու արքունի դպրապետները պատվում էին հրեաներին, որովհետև Մուրթքեի ահը նրանց գլխին էր կախված, 4 և թագավորական հրովարտակով նրա անունը հռչակվում էր ողջ թագավորության մեջ։

6 Հրեաները Սիսիս քաղաքում կոտորեցին հինգ հարյուր մարդու, 7 ինչպես նաև Փարակին, Նեստեին, Դովփոնին, Փազգային, 8 Փարդաթային, Բարեային, Սարաբաքային, 9 Մարմասիսին, Արուփեսին, Արսեսին, և Զարբութեթանին, 10 որոնք Բերգեի որդի Ամադովթի որդու՝ հրեաների թշնամի Համանի որդիներն էին, 11 և հափշտակեցին [եբր. բայց չհափշտակեցին] նրանց ունեցվածքը։ Նույն օրը Սիսիս քաղաքում սպանվածների թիվը հայտնեցին արքային։ 12 Արքան ասաց Եսթերին. «Հրեաները Սիսիս քաղաքում հինգ հարյուր մարդու ոչնչացրին, իսկ քաղաքի շրջակայքում՝ էլ ավելի։ Արդ, ուրիշ ի՞նչ ես ցանկանում, որ քեզ համար անեմ»։ 13 Եսթերն արքային ասաց. «Թող արքան հրամայի, որ հրեաները նույն կերպ վարվեն նաև վաղը և կախեն Համանի որդիներին»։ 14 Նա հրամայեց այդպես անել։ Համանի որդիների մարմինները հանձնեց քաղաքի հրեաներին՝ փայտից կախելու համար։ 15 Ադարի տասնչորսին հրեաները հավաքվեցին Սիսիսում և կոտորեցին երեք հարյուր մարդու, սակայն ոչինչ չհափշտակեցին։ 16 Եվ նրա թագավորության մեջ ապրող մյուս հրեաներն էլ հավաքվեցին և միմյանց զորավիգ եղան։ Այսպիսով հանգստացան և ապահով եղան նրանցից, որոնք պատերազմում էին իրենց դեմ, որովհետև Ադար ամսի տասներեքին նրանցից կոտորեցին հինգ հազար [եբր. յոթանասունհինգ հազար] հոգու, սակայն ոչինչ չհափշտակեցին։ 17 Եվ նույն ամսի տասնչորսին նրանք հանգստացան և այդ օրը հանգստյան օր կարգեցին՝ խնդությամբ և ուրախությամբ։ 18 Սիսիս քաղաքի հրեաները ևս հավաքվեցին ամսի տասնչորսին, սակայն չհանգստացան և տասնհինգերորդ օրը կարգեցին ցնծության և ուրախության օր։ 19 Այդ իսկ պատճառով ողջ թագավորության գավառների հրեաներն Ադար ամսի տասնչորսին էին ուրախության տոն անում, ուրախության բարի օր, և միմյանց նվերներ ուղարկում, իսկ մայրաքաղաքի բնակիչներն Ադարի տասնհինգին էին բարի և ուրախության օր տոնում։

20 Մուրթքեն այս ամենը գրեց մատյանում և Արտաշես արքայի իշխանությանը ենթակա հրեաներին՝ մերձավորներին ու հեռավորներին, 21 հրաման ուղարկեց Ադարի տասնչորսին և տասնհինգին ուրախության տոն հաստատելու մասին։ 22 Որովհետև այս երկու օրերին հրեաները հանգիստ գտան իրենց թշնամիներից և այդ ամսին էր (այսինքն՝ Ադար), որ նրանց սուգն ուրախության վերածվեց, և վիշտը խնդության փոխվեց։ Ուստի այդ օրերը պետք է տոնեն, ինչպես հարսանեկան խնդության օրեր։

23 Հրեաներն ընդունեցին այն, ինչպես որ իրենց գրել էր Մուրթքեն։ 24 Նա պատմել էր, թե ինչպե՛ս Ամադովթի որդի Համան Մակեդոնացին պայքարել էր իրենց դեմ և ինչպե՛ս էր վիճակ գցել ու որոշել կորստյան մատնել իրենց 25 և կամ ինչպե՛ս էր մտել թագավորի մոտ ու խնդրել կախել Մուրթքեին։ Սակայն ինչքան չարիք որ ջանում էր հրեաների վրա բերել, հավաքվեցին ու իր գլխին թափվեցին, և նա ու իր որդիները կախաղան հանվեցին։

26 Դրա համար էլ այդ օրերը «վիճակ» բառի պատճառով Փուրիմ անվանվեցին (որովհետև իրենց բարբառով վիճակը փուրիմ է կոչվում)։ Այս հրովարտակի խոսքերի և նրանց կրած նեղության ու նրանց հետ պատահածի պատճառով Մուրթքեն հաստատեց այդ տոնը։ 27 Հրեաներն այն ընդունեցին և հանձն առան. սովորեցնում էին նաև իրենց զավակներին ու իրենց հարողներին, որպեսզի այլ կերպ չվարվեն, 28 այլ այս օրերը սերնդեսերունդ հիշատակ լինեն քաղաքներում ու գավառներում, որպեսզի պատվեն Փուրիմի այդ օրերը և դրանց հիշատակը սերնդեսերունդ չպակասի։

29 Ամինադաբի դուստր Եսթերն ու հրեա Մուրթքեն գրեցին և հաստատեցին այս հրովարտակը։ 31 Մուրթքեն և Եսթերը հաստատեցին այս կարգը նաև իրենց համար, ուխտ արեցին և կատարեցին իրենց խորհուրդը։ 32 Եսթերը երդմամբ այն հաստատեց հավիտենական ժամանակների համար, և դա գրվեց հիշատակությունների մատյաններում։