Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Եվ Հուդիթը ընկավ երեսնիվայր, հանեց քուրձը, որ հագել էր, մոխիր ցանեց…
1 Եվ Հուդիթը ընկավ երեսնիվայր, հանեց քուրձը, որ հագել էր, մոխիր ցանեց գլխին։ Այդ նույն պահին Երուսաղեմում՝ Տիրոջ տաճարում, երեկոյան խնկարկությունն էին անում։ Եվ Հուդիթը բարձրաձայն դիմեց Տիրոջը՝ Աստծուն՝ ասելով. 2 «Տե՛ր, Աստվա՛ծ իմ նախահայր Շմավոնի, որի ձեռքը սուր տվեցիր՝ վրեժ լուծելու այն այլազգիներից, որոնք պղծեցին կույսի արգանդը, մերկացրին նրա ամոթույքը նախատինքի համար, թշնամաբար խայտառակեցին նրա կուսությունը։ Սրանք հաճելի չեղան քո առաջ, 3 այդ իսկ պատճառով նրանց իշխաններին անկողիններով հանդերձ արյան դատապարտեցիր, իրենց տերերի հետ միասին սպանեցիր նաև ծառաներին, նաև նրանց հայրերին՝ իրենց աթոռների վրա, 4 նրանց կանանց ավարի հանձնեցիր, իսկ դուստրերին՝ գերության, ողջ ավարը բաժանեցիր քո սիրելի որդիներին, որոնք խանդավառվեցին քո նախանձախնդրությամբ և գարշանք համարեցին իրենց քրոջ պղծությունը և դիմեցին քեզ օգնության խնդրանքով։ Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, լսի՛ր քո աղախնի ձայնը, նայի՛ր այրիիս խնդրանքին։ 5 Դու խորհեցիր, և եղավ այնպես, ինչպես կամեցար։ Իրականություն դարձան այն ամենը, ինչ դու ցանկացար։ 6 Եվ ասացին. “Ահա մենք կանք, քանզի քո բոլոր ճանապարհները պատրաստ են, իսկ դատաստանները՝ կանխագետ”։ 7 Ահա ասորեստանցիները երկիրը լցրին զորքով, հպարտացան իրենց ձիերով, հեծյալներով, մեծամտացան իրենց հետևակ բազմության բազկով, իրենց հույսը դրեցին նիզակի ու սպառազինության, աղեղնավորների ու պարսատիկավորների վրա և անգիտացան, որ դու ես Տերը, որ խորտակում է պատերազմները։ 8 Քո անունը Տեր է, փրկի՛ր մեզ նեղությունից, ցրի՛ր նրանց զորությունը, Տե՛ր ամենակալ, քո բարկությամբ խորտակի՛ր նրանց զորությունը, քանի որ ցանկացան պղծել քո սրբությունը՝ քո փառքի, անվան բնակության հարկը, և երկաթով կործանել քո զոհասեղանի եղջյուրը։ 9 Նայի՛ր ու տե՛ս նրանց ամբարտավանությունը, քո բարկությունն առաքի՛ր նրանց գլխին, հզորացրո՛ւ ինձ՝ այրիիս, որ իմ իսկ ձեռքերով անեմ այն, ինչ մտածել եմ։ 10 Հարվածի՛ր իշխանին իր ծառաներով և խորտակի՛ր նրանց սաստկությունը կնոջ ձեռքով։ 11 Որովհետև քո զորությունը չի հիմնվում բազմության վրա, քո իշխանությունը չի հիմնվում հզորների վրա։ Դու խոնարհների Աստվածն ու տերն ես, կարոտյալների օգնականը, տկարների օժանդակությունը, հուսահատվածների պաշտպանը և ընկճվածների փրկիչը։ 12 Այո՛, իմ հո՛ր Աստված, Աստվա՛ծ Իսրայելի ժառանգության, Տե՛ր երկնքի և երկրի, արարի՛չ ջրերի, բոլոր արարածների թագավո՛ր։ Լսի՛ր քո աղախնի աղոթքը, 13 ինձ մի՛տք տուր, որ խոսեմ՝ կործանելու համար նրանց, որոնք ելել են քո սրբացյալ տան, Սիոնի բարձունքի և քո որդիների բնակության դեմ։ 14 Եվ հայտնի՛ դարձրու քո ժառանգության հզոր բազուկը և նաև այն, որ դու ես Աստվածը, որ տիրում է բոլոր զորություններին ու իշխանություններին, և քեզնից բացի, Տե՛ր, ոչ ոք պաշտպան չի լինի Իսրայելի ազգին»։