Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ռաֆայելը հայտնում է իր ինքնությունը1 Տովբիթը կանչեց իր որդի Տովբիային…

Ռաֆայելը հայտնում է իր ինքնությունը

1 Տովբիթը կանչեց իր որդի Տովբիային ու ասաց. «Որդյա՛կ, այժմ տե՛ս, թե ի՛նչ վարձ ես տալու հետդ եկած մարդուն. արժե, որ ավելին տաս»։ 2 Նա պատասխանեց. «Հա՛յր, ինձանից ոչինչ չի պակասի, եթե նրան տամ ինձ հետ բերված ունեցվածքիս կեսը, 3 որովհետև ինձ ողջ-առողջ բերեց քեզ մոտ, բուժեց իմ կնոջը, բերեց իմ արծաթը և քեզ նույնպես առողջացրեց»։ 4 Ծերունին ասաց. «Նա արժանի է»։ 5 Եվ կանչեց հրեշտակին ու ասաց նրան. «Դու վերցրո՛ւ կեսն այն ամենի, որ բերեցիր»։ 6 Այն ժամանակ հրեշտակը նրանց երկուսին գաղտնի կանչեց մի կողմ և ասաց. «Դուք Աստծո՛ւն օրհնեցեք, նրա՛ն խոստովանեք, փա՛ռք տվեք նրան և բոլորի առջև գոհությո՛ւն հայտնեք այն ամենի համար, որ նա արել է ձեզ հետ, որովհետև բարի է Աստծուն օրհնաբանելը, նրա անունը փառավորելը և Աստծու գործերը պատվով հռչակելը. մի՛ հապաղեք նրան բարեբանել։ 7 Լավ է թագավորի գաղտնիքը թաքցնել, իսկ Աստծու գործերը փառքով հայտնել։ Բարի՛ն գործեք, և ձեզ չար բան չի պատահի։ 8 Բարի են աղոթքները՝ պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով։ Բարի է քիչ ունեցվածքը արդարությամբ, քան շատը՝ անիրավությամբ։ Լավ է ողորմություններ անել, քան ոսկու գանձ կուտակել։ 9 Ողորմությունը փրկում է մահից և սրբում բոլոր մեղքերից. ովքեր ողորմություններ և արդարություններ են անում, լցվում են կյանքով, 10 իսկ ովքեր մեղք են գործում, նրանք իրենց կյանքի դեմ պատերազմողներ են։ 11 Այժմ ես ձեզանից ոչինչ չեմ թաքցնի, որովհետև արդեն ասացի, որ լավ է արքայի գաղտնիքները թաքցնել, իսկ Աստծու գործերը փառքով հայտնել։ 12 Երբ դու և քո հարս Սառան աղոթքի կանգնեցիք, ես ձեր խնդրանքները մատուցեցի Սուրբի առջև։ Նաև քեզ հետ էի, երբ դու թաղում էիր մեռելներին։ 13 Երբ չհապաղեցիր վեր կենալ ու թողնել քո ճաշը, որպեսզի գնաս և թաղես մեռելը, ինձնից աննկատ չմնացիր բարիք գործելով, այլ դարձյալ քեզ հետ էի։ 14 Եվ հիմա Աստված ինձ ուղարկեց՝ բժշկելու քեզ և քո հարս Սառային։ 15 Ես Ռաֆայելն եմ, մեկն այն յոթ սուրբ հրեշտակներից, որոնք մատուցում են սուրբերի աղոթքները և ներկայանում Սուրբի Փառքի առջև»։
16 Նրանք երկուսն էլ այլայլվեցին ու երեսնիվայր ընկան գետնին, որովհետև շատ էին վախեցել։ 17 Հրեշտակը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք, խաղաղություն թող լինի ձեզ, Աստծո՛ւն օրհնեցեք, 18 որովհետև ես ոչ թե իմ շնորհիվ եկա, այլ ձեր Աստծու կամքով. նրան օրհնեցե՛ք հավիտյան։ 19 Այն բոլոր օրերին, որ ես երևում էի ձեզ, ո՛չ կերա, ո՛չ էլ խմեցի, այլ դուք տեսիլք էիք տեսնում։ 20 Այժմ գոհությո՛ւն մատուցեք ձեր Աստծուն, որովհետև ես բարձրանում եմ նրա մոտ, ով ուղարկեց ինձ։ Իսկ դուք գրե՛ք այս ամենի մասին, որ եղավ ու կատարվեց»։
21 Այս ամենը գրվեց գրքում։ Իսկ նրան այլևս չտեսան։ 22 Նրանք պատմում էին Աստծու մեծամեծ գործերի և այն մասին, թե ինչպես իրենց հայտնվեց Տիրոջ հրեշտակը։