Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Փախչում է ամբարիշտը՝ առանց մեկից հալածվելու, իսկ արդարն առյուծի նմա…

1 Փախչում է ամբարիշտը՝ առանց մեկից հալածվելու, իսկ արդարն առյուծի նման աներկյուղ է։

2 Ամբարիշտների մեղքերի պատճառով հուզվում են դատարանները, իսկ խորագետը հանգցնում է դրանք։

3 Հզորն ամբարշտությամբ կեղեքում է աղքատին։ Ինչպես սաստիկ և անշահ անձրևը,

4 նրանք էլ մերժում են օրենքները և գովում ամբարշտությունը. իսկ նրանք, որ սիրում են օրենքը, իրենց պարսպով են շրջապատում։

5 Չարերը չեն մտաբերում իրավունքը, իսկ Տիրոջը փնտրողները խելամուտ են ամեն ինչում։

6 Ավելի լավ է ճշմարտությամբ ընթացող աղքատը, քան սուտ մեծատունը։

7 Իմաստուն որդին պահում է օրենքը, իսկ որկրամոլներին միացողն անարգում է իր հորը։

8 Ով իր տունը տոկոսներով և վաշխով է լցնում, հավաքում է նրա համար, ով ողորմում է աղքատին։

9 Ով շեղում է իր ականջը, որ օրենքը չլսի, պղծում է իր ուխտը։

10 Ով չար ճանապարհով մոլորեցնում է ուղղամիտներին, ապականության մեջ է ընկնելու։ Անբիծները պիտի բաժանեն բարիքները, անօրենները պիտի անցնեն բարիքների կողքով և չեն մտնելու նրանց մեջ։

11 Մեծահարուստն իր աչքին իմաստուն է թվում, իսկ հանճարեղ աղքատը դատապարտում է նրան։

12 Արդարներին օգնական լինելուց փառքը մեծ է լինելու, իսկ ամբարիշտների տեղերում կոտորվում են մարդիկ։

13 Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։

14 Երանելի է այն մարդը, որ արհամարհում է ամեն ինչ երկյուղածության պատճառով, իսկ խստասիրտը կընկնի չարիքների մեջ։

15 Ով աղքատ է, քաղցած առյուծի և ծարաված գայլի պես դաժան կլինի խեղճ ժողովրդի համար։

16 Մտքից զուրկ թագավորը մեծ կեղեքող է, իսկ անիրավություն ատողը երկարակյաց կլինի։

17 Մահապարտին երաշխավորողը փախստական է դառնում և չի դադարում։

17ա Խրատի՛ր որդուդ, և քեզ կհանգստացնի. զարդ կլինի անձիդ համար և չի հնազանդվի անօրեն ազգի։

18 Ով գնում է արդարությամբ, օգնություն է գտնելու, իսկ ով թյուր ճանապարհ է բռնում, նրանով կխճճվի։

19 Ով մշակում է իր հողը, կհագենա հացով, իսկ ով դատարկաբանների հետևից է գնում, անտուն կմնա։

20 Հավատարիմ մարդը մեծ օրհնություն պիտի գտնի, իսկ չարագործը պատուհասից չի փրկվելու։

21 Ով չի պատկառում արդարներից, արժանի չէ գովասանքի։ Ով կեղծորեն խուսափում է անօրեններին հանդիմանելուց, բարի չէ. այդպիսին մարդ կվաճառի մի կտոր հացով։

22 Չարաչք մարդը շտապում է հարստանալ և չգիտի, որ ողորմածը պիտի հաղթի իրեն։

23 Ով հանդիմանում է մարդուն նրա ճանապարհի համար, ավելի շնորհ պիտի գտնի, քան լեզվով շողոքորթողը։

24 Ով մերժում է իր հորը կամ մորը և դա մեղանչել չի համարում, նա կցորդ է ամբարիշտ մարդկանց։

25 Ագահ մարդը հակառակություն է բորբոքում, բայց Տիրոջը հուսացողն հոգածություն կգտնի։

26 Իր սրտի հանդգնությանն հուսացողը անզգամ է, իսկ իմաստությամբ գնացողը կփրկվի։

27 Աղքատներին տվողը չի՛ աղքատանա, իսկ ով իր աչքը շրջում է նրանցից, շատ բանի կարոտ կմնա։

28 Ամբարիշտների բարձրանալուց հեծում են արդարները, բայց նրանց կորստյամբ բազմանում են արդարները։