Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տովբիթի օրհներգը1 Տովբիթը ցնծության մեջ գրեց այս աղոթքը և ասաց.2 «Օրհ…

Տովբիթի օրհներգը

1 Տովբիթը ցնծության մեջ գրեց այս աղոթքը և ասաց.
2 «Օրհնյա՜լ է Աստված, որ կենդանի է հավիտյան,
Օրհնյա՜լ է նրա արքայությունը,
Որովհետև նա հարվածում, բայց և ողորմում է,
Իջեցնում է դժոխք և հանում է այնտեղից,
Եվ չկա մեկը, որ փախչի նրա ձեռքից։
3 Իսրայելի՛ որդիներ, փառաբանե՛ք նրան ազգերի առջև,
Որովհետև նա մեզ ցրեց նրանց մեջ։
4 Պատմե՛ք նրա մեծության մասին,
Փառավորե՛ք նրան բոլոր մարդկանց առջև,
Քանի որ նա է Տերը՝ մեր Աստվածը,
Մեր Հայր Աստվածը հավիտյան։
5 Մեր բոլոր անիրավությունների համար նա կտանջի մեզ,
Սակայն կրկին կողորմի մեզ.
Մեզ կվերահավաքի բոլոր ազգերի միջից,
Որոնց մեջ ցրվել ենք մենք։
6 Եթե դուք ձեր ամբողջ սրտով,
Ձեր ամբողջ հոգով վերադառնաք դեպի նա
Եվ նրա առջև արդարություն գործեք,
Այն ժամանակ նա էլ կդառնա դեպի ձեզ
Եվ իր երեսը չի ծածկի ձեզանից։
7 Դուք կտեսնեք, թե նա ի՛նչ կանի ձեզ հետ,
Եվ դուք նրան կփառաբանեք լիաբերան։
Օրհնեցե՛ք Տիրոջը, որ արդար է,
Փառաբանե՛ք հավիտենության Թագավորին։
8 Ես իմ գերության երկրում գոհություն կհայտնեմ նրան
Եվ նրա զորությունն ու մեծությունը ցույց կտամ մեղավոր ազգերին։
Այժմ, մեղավորնե՛ր, դարձի՛ եկեք
Եվ նրա առջև արդարությո՛ւն գործեք։
Ո՜վ գիտե, գուցե նա բարեհաճ լինի և ողորմի ձեզ։
9 Իսկ ես կօրհնեմ իմ Աստծուն,
Իմ հոգին կօրհնի երկնքի Թագավորին,
Ես կցնծամ նրա մեծությամբ։
10 Թող բոլոր ազգերն ասեն այս
Եվ փառաբանեն նրան սուրբ քաղաք Երուսաղեմում։
Նա կպատժի քո ժողովրդի որդիներին,
Բայց նորից կդառնա ու կողորմի արդարների որդիներին։
11 Դու գոհությո՛ւն մատուցիր բարերար Տիրոջը
Եվ օրհնաբանի՛ր հավիտենության Թագավորին,
Որպեսզի նա կրկին իր խորանը ուրախությամբ կառուցի քո մեջ։
12 Քո մեջ կցնծան նրանք, ովքեր գերված են,
Քեզ կսիրեն նրանք,
Ովքեր բոլոր ազգերի մեջ հավիտյան թշվառացած են։
13 Տիրոջ՝ Աստծու անվան համար բազմաթիվ ազգեր կգան հեռվից,
Ձեռքերին առած՝ կբերեն իրենց նվերները՝ մատուցելու երկնավոր Թագավորին,
Եվ սերնդից սերունդ ուրախություն կպարգևեն քեզ։
14 Քո բոլոր ատելիներն անիծյալ կլինեն,
Քո բոլոր սիրելիներն օրհնյալ կլինեն։
15 Ցնծա՛ և ուրա՛խ եղիր արդարների որդիների համար,
Որովհետև նրանք կհավաքվեն
Եվ միասին կփառաբանեն արդարությունների Տիրոջը։
Քեզ սիրողները երանելի կլինեն,
Եվ կցնծան քո խաղաղության համար։
16 Երանի՜ նրանց, ովքեր տրտմեցին քո կործանման համար,
Որովհետև երբ նրանք տեսնեն քո փառքը,
Կրկին քեզանով կցնծան և հավիտյան ուրախ կլինեն։
Հոգիս կօրհնի Աստծուն՝ մեծ Թագավորին,
17 Որովհետև Երուսաղեմը կկառուցվի թանկարժեք քարերով՝
Շափյուղայով, սուտակով և այլ թանկագին քարերով։
Քո պարիսպները, աշտարակներն ու ամրությունները
Կկառուցվեն ազնիվ ոսկով։
Երուսաղեմի բոլոր հրապարակները
կպատրաստվեն բյուրեղ, դահանակ և սարդիոն քարերով։
18 Երուսաղեմի բոլոր փողոցներում կասեն՝ ալելուիա,
Կօրհներգեն և կասեն. «Օրհնյա՜լ է Աստված,
Որ հավիտյան փառավորեց ողջ աշխարհը»։