Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Սաղմոս Դավթի, որ Տիրոջն ասաց Հերմինի որդի Քուսի խոսքերի առիթով2 Տե՛…

1 Սաղմոս Դավթի, որ Տիրոջն ասաց Հերմինի որդի Քուսի խոսքերի առիթով

2 Տե՛ր, Աստվա՛ծ իմ, հույսս քեզ վրա դրեցի,

Փրկի՛ր ինձ և ազատի՛ր իմ բոլոր հալածիչներից։

3 Գուցե և առյուծի նման հափշտակեն անձն իմ,

Ու չգտնվի մեկը, որ փրկի ինձ և պահպանի։

4 Տե՛ր, Աստվա՛ծ իմ, եթե արել եմ այս բանը.

Եթե իմ ձեռքերով անօրենություններ եմ գործել,

5 Եթե իմ հանդեպ չարիք չգործածին երբևէ չարությամբ եմ հատուցել,

Թող ես էլ կորչեմ իմ թշնամիների հետ։

6 Ուրեմն ինձ թող հալածի թշնամին,

Հասնի և կորստի մատնի կյանքն իմ,

Իսկ փառքս հողին հավասար դարձնի։

7 Ելի՛ր, Տե՛ր, բարկությամբ քո

Եվ բարձրացի՛ր՝ վերացնելու իմ թշնամիներին։

Արթնացի՛ր, Տե՛ր, Աստվա՛ծ իմ,

Հանուն քո պատվիրած հրամանների։

8 Եվ ժողովուրդների բազմությունները շուրջդ կհավաքվեն,

Դրա համար, ո՜վ Տեր, բազմի՛ր բարձունքներում,

9 Որովհետև Տերն է դատում իր ժողովրդին։

Ո՜վ Տեր, ինձ դատի՛ր ըստ իմ արդարության

Եվ ըստ իմ մեջ եղած անբծության։

10 Թող մեղավորների չարիքները վերջ գտնեն,

Իսկ արդարին հաջողությո՛ւն տուր։

Դու քննում ես սրտերն ու երիկամները,

Ո՜վ արդար Աստված։

11 Հիրավի ինձ օգնողն Աստված է,

Որ փրկում է նրանց, ովքեր ուղիղ են սրտով։

12 Դատավոր է Աստված՝ հզոր, արդար և երկայնամիտ,

Որն իր զայրույթը չի թափում անտեղի։

13 Իսկ եթե նրան չդառնանք,

Սրված է սուրն իր, աղեղն իր՝ լարված։

14 Նա պատրաստել է գործիքը մահվան,

Իսկ իր նետերը կրակ են արձակում։

15 Ահավասիկ անօրենություն երկնեց,

Ցավ հղացավ և անիրավություն ծնեց։

16 Գուբ փորեց և խորացրեց,

Բայց ինքը պիտի ընկնի այն խորխորատի մեջ,

Որ ինքը պատրաստեց։

17 Նրա գլխին կդառնան իր ցավերը,

Նրա գագաթին կիջնեն իր անօրենությունները։

18 Պիտի գովաբանեմ Տիրոջը

Ըստ նրա արդարության,

Սաղմոս պիտի ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։