Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Դավիթը Երուսաղեմում(Բ Թագ. 5.11-16)1 Տյուրոսի արքա Քիրամը Դավթի մոտ դ…

Դավիթը Երուսաղեմում

(Բ Թագ. 5.11-16)

1 Տյուրոսի արքա Քիրամը Դավթի մոտ դեսպաններ ուղարկեց, ինչպես նաև մայրի փայտ, որմնադիրներ ու ատաղձագործներ, որ տուն շինեն նրա համար։ 2 Դավիթը հասկացավ, որ Տերն է իրեն պատրաստել Իսրայելի վրա իշխելու համար, քանի որ հզորացել էր նրա թագավորությունը Իսրայելի իր ժողովրդի համար։

3 Դավիթն այլ կանայք ևս առավ Երուսաղեմում, որոնք նրա համար ուրիշ տղաներ ու աղջիկներ էլ ծնեցին։ 4 Ահա անունները նրանց, որոնք ծնվեցին նրա համար Երուսաղեմում՝ Սամաա, Սոբաբ, Նաթան, Սողոմոն, 5 Հեբաար, Եղիսավ, Եղիփաղետ, 6 Նագեթ, Նափատ, Հափիե, 7 Ելիսամա, Բաղիադա և Եղիփաղատ։

Հաղթանակներ այլազգիների դեմ

(Բ Թագ. 5.17-25)

8 Երբ այլազգիները լսեցին, որ Դավիթը թագավոր է օծվել ամբողջ Իսրայելի վրա, ելան Դավթին բռնելու։ Դավիթը, այդ լսելով, նրանց դեմ ելավ։ 9 Եկան նաև այլազգիները, և նրանք միմյանց հանդիպեցին Հսկաների հովտում։ 10 Դավիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Հարձակվե՞մ այլազգիների վրա, դու նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերը նրան ասաց. «Հարձակվի՛ր, և ես նրանց քո ձեռքը կմատնեմ»։ 11 Դավիթը ելավ Բաաղփարասին և կոտորեց նրանց։ Դավիթն ասաց. «Աստված իմ թշնամիներին հարվածեց իմ ձեռքով, ինչպես հեղեղն է հարվածում»։ Սրա համար այդ տեղը կոչվեց Բաաղփարասին, այն է՝ Փարասինի հարված։ 12 Նրանք իրենց աստվածներին այնտեղ թողեցին, և Դավիթը պատվիրեց դրանք հրով այրել։

13 Այլազգիները կրկին հարձակվեցին, և նրանք իրար հանդիպեցին Հսկաների հովտում։ 14 Դավիթը դարձյալ հարցրեց Աստծուն, և Աստված նրան ասաց. «Մի՛ գնա նրանց հետևից, այլ շրջվի՛ր և նրանց մոտեցի՛ր տանձենիների մոտ։ 15 Երբ տանձենիների կատարների շարժման ձայն լսես, այն ժամանակ ելի՛ր պատերազմի, քանզի Աստված, քո առջևից գնալով, կոտորելու է այլազգիների բանակը»։ 16 Դավիթն արեց այնպես, ինչպես Աստված պատվիրել էր նրան, և նա կոտորեց այլազգիների բանակը Գաբաթովնից մինչև Գազերա։ 17 Դավթի անունն ամբողջ երկրում հռչակվեց, և Տերը նրա երկյուղը տարածեց բոլոր ազգերի վրա։