Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երուսաղեմը լուսավորում է աշխարհը1 Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղ…

Երուսաղեմը լուսավորում է աշխարհը

1 Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղե՛մ,

քանզի հասել է քո լույսը,

և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագելու։

2 Ահա խավարը ծածկեց երկիրը,

մառախուղը՝ հեթանոսներին,

բայց քո մեջ է հայտնվելու Տերը,

և նրա փառքը քո մեջ է երևալու։

3 Թագավորները քո լույսով պիտի ընթանան

և ազգերը՝ քո լույսի փայլով։

4 Աչքերդ բարձրացրո՛ւ և շո՛ւրջդ նայիր

ու տե՛ս մոտդ հավաքված քո բոլոր մանուկներին.

քանի որ որդիներդ եկան հասան հեռուներից

և իրենց ուսերին առած՝ բերում են քո դուստրերին։

5 Այնժամ դու պիտի տեսնես ու խնդաս,

երկյուղես ու ապշես քո մտքում,

որովհետև ծովերի, ազգերի ու ժողովուրդների հարստությունը

քո կողմը պիտի դառնա։

6 Դեպի քեզ են գալու ուղտերի երամակները,

քեզ ծածկելու են Մադիամի և Գեփայի ուղտերի երամակները.

բոլորը Սաբայից պիտի գան՝

բերելով ոսկի, կնդրուկ ու թանկագին քարեր

և տալու են Տիրոջ փրկության ավետիսը։

7 Կեդարի ոչխարների բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն,

Նաբեոթի խոյերը պիտի բերվեն

ու իմ սեղանի վրա պիտի մատուցվեն իբրև ընդունելի զոհ,

և իմ աղոթքի Տունը պիտի փառավորվի։

8 Ովքե՞ր են սրանք, որ թռչում են ամպի պես

և ձագերի հետ խառնված աղավնիների պես՝

երամով գալիս են ինձ մոտ։

9 Ինձ են սպասում կղզիները և Թարսիսի նավերը,

որպեսզի սկզբից հեռուներից բերեն քո որդիներին

և նրանց հետ՝ արծաթն ու ոսկին,

Տիրոջ սուրբ անվան համար,

Իսրայելի փառավորյալ Սրբի համար։

10 Օտարազգիների որդիները պիտի շինեն քո պարիսպները,

ու նրանց թագավորները պիտի ծառայեն քեզ,

որովհետև իմ բարկության պատճառով հարվածեցի քեզ

և իմ գթասրտության համար սիրեցի քեզ։

11 Քո դռները զօր ու գիշեր միշտ բաց պիտի լինեն և չպիտի փակվեն,

որպեսզի քո մեջ տեղափոխեն ազգերի հարստությունը

և նրանց թագավորներին բերեն քեզ մոտ։

12 Իսկ այն ազգերն ու թագավորները,

որոնք քեզ չեն ծառայելու,

կորչելու են.

ազգերը բոլորովին պիտի կործանվեն։

13 Լիբանանի փառքը դեպի քեզ է գալու՝

դափնիով, սոսիով, նոճիով ու մայրիով,

որպեսզի լիապես փառավորեն իմ սրբարանի տեղը,

և ես փառավորեմ իմ ոտքերի տեղը։

14 Քեզ մոտ պիտի գան քեզ նեղողների և զայրացնողների զարհուրած որդիները,

քո ոտնահետքերին երկրպագություն պիտի անեն բոլոր նրանք,

որոնք զարհուրեցնում էին քեզ,

ու դու պիտի կոչվես Տիրոջ՝

Իսրայելի Սրբի քաղաք։

Տիրոջ փառքը՝ հավիտենական լույս

15 Դու եղար լքված ու ատելի,

և ոչ ոք չկար, որ օգներ քեզ,

ես քեզ կդարձնեմ հավիտենական ուրախություն,

ցնծություն՝ սերնդից սերունդ։

16 Դու պիտի ծծես հեթանոսների կաթը

և ուտես թագավորների հարստությունը,

պիտի իմանաս, որ ես եմ Տերը՝

Իսրայելի Աստվածը, որ ազատում ու փրկում եմ քեզ։

17 Պղնձի փոխարեն ոսկի եմ բերելու քեզ,

երկաթի փոխարեն արծաթ եմ բերելու քեզ,

փայտի փոխարեն պղինձ եմ բերելու քեզ,

քարի փոխարեն երկաթ եմ տալու քեզ,

խաղաղություն եմ տալու քո իշխաններին,

և քո վերակացուներին՝ արդարություն։

18 Քո երկրում անիրավության մասին այլևս չի լսվելու

և ոչ էլ քո սահմաններում՝ կոտորածի ու թշվառության մասին.

քո պարիսպները փրկություն են անվանվելու,

և քո դռները՝ ցնծություն։

19 Այլևս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկվա լույս է լինելու,

և ոչ էլ լուսնի ծագումն է քեզ գիշերը լույս տալու,

այլ քեզ համար Տերն է հավիտենական լույս լինելու,

և Աստված՝ քո փառքը։

20 Արեգակը քեզ համար մայր չի մտնելու,

և լուսինը քեզնից չի պակասելու,

որովհետև Տերը քեզ համար հավիտենական լույս է լինելու։

Քո սգո օրերը պիտի վերջանան։

21 Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի

և հավիտենապես պիտի ժառանգի երկիրը.

տունկն ապահով է լինելու, նրանց ձեռքի գործերը փառք են բերելու։

22 Սակավաթիվը հազարավոր է դառնալու,

փոքրը՝ մեծ ազգ,

քանզի ես՝ Տերս, ժամանակ առ ժամանակ հավաքելու եմ նրանց։