Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Ալելուիա՝ Անգեոսի և ԶաքարիայիՕրհնեցե՛ք Տիրոջը,Որովհետև բարի են սաղմ…

1 Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի

Օրհնեցե՛ք Տիրոջը,

Որովհետև բարի են սաղմոսները.

Օրհնությունը հաճելի է մեր Աստծուն։

2 Տերը կառուցում է Երուսաղեմը

Եվ հավաքում Իսրայելի ցրվածներին,

3 Բժշկում է բեկյալ սրտերը

Եվ կապում է նրանց վերքերը բոլոր։

4 Հաշվում է աստղերի բազմությունը

Եվ բոլորին կոչում է իրենց անուններով։

5 Մեծ է մեր Տերը, և մեծ է նրա զորությունը.

Նրա իմաստությունը սահման չունի։

6 Տերն ընդունում է հեզերին

Եվ ամբարտավաններին խոնարհեցնում մինչև գետին։

7 Օրհնեցե՛ք Տիրոջը խոստովանությամբ,

Սաղմո՛ս երգեք նրան օրհնությամբ։

8 Նա ամպերով պարուրեց երկինքը

Եվ անձրև պատրաստեց երկրի համար,

Խոտ բուսեցրեց լեռների վրա,

Կանաչություն՝ մարդկանց ծառայելու համար։

9 Նա, որ կերակուր է տալիս անասուններին,

Ագռավի ձագերին, որ կանչում են նրան։

10 Ոչ թե ձիու զորությունը կամեցավ Տերը,

Ոչ էլ հսկա մարդու իրանը հաճելի գտավ։

11 Այլ Տերն իրենից երկյուղածներին է հավանում

Եվ նրանց, ովքեր իր ողորմությունն են հայցում։