Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Սաղմոս ԴավթիՏերը թագավորում է, ժողովուրդները՝ դողում։Նա նստում է քե…

1 Սաղմոս Դավթի

Տերը թագավորում է, ժողովուրդները՝ դողում։

Նա նստում է քերովբեների վրա. երկիրը սասանվեց։

2 Տերը մեծ է Սիոնի մեջ և բարձր է բոլոր ժողովուրդներից.

3 Գոհություն մատուցենք քո մեծ անվանը,

Որովհետև ահավոր և սուրբ է։

4 Եվ թագավորի պատիվն իրավունք է սիրում։

Դո՛ւ պատրաստեցիր ուղղությունը.

Իրավունքն ու արդարությունը դո՛ւ տվեցիր Հակոբին։

5 Փառաբանե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն,

Երկրպագե՛ք նրա ոտքի պատվանդանին,

Որովհետև սուրբ է։

6 Մովսեսն ու Ահարոնը՝ նրա քահանաները,

Սամուելը՝ նրանց հետ, որոնք աղոթում են նրա անվանը,

Աղոթում էին Տիրոջը. նա լսում էր նրանց

7 Եվ ամպի սյունով խոսում էր նրանց հետ։

Պահում էին նրա վկայությունը

Եվ հրամանները, որ տվեց նրանց։

8 Տե՛ր, Աստվա՛ծ մեր, դու լսում էիր նրանց,

Աստվա՛ծ, դու քավիչ և վրեժխնդիր էիր լինում

Նրանց բոլոր գործերի համար։

9 Փառաբանե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն,

Երկրպագե՛ք նրա սուրբ լեռանը,

Որովհետև Սուրբ է Տերը՝ մեր Աստվածը։