Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հուդա Մակաբեի ապստամբությունը1 Հուդա Մակաբեն և նրանք, որ նրա հետ էին,…
Հուդա Մակաբեի ապստամբությունը
1 Հուդա Մակաբեն և նրանք, որ նրա հետ էին, գաղտնի մտնում էին գյուղերը, քաղաքներն ու ագարակները և իրենց շուրջն էին հավաքում իրենց ցեղակիցներին։ Նրանք ներգրավում էին այն հրեաներին, որոնք հավատարիմ էին մնացել իրենց ուխտին։ Հավաքվեցին, շատացան ու բանակ կազմեցին. մոտ վեց հազար մարդ եղան։ 2 Նրանք խնդրում էին Տիրոջը, որ օգնի, բարի աչքով նայի հեթանոսներից ոտնակոխ արված իր ժողովրդին, խնայի ամբարիշտների ձեռքով պղծված տաճարը, 3 կարեկցի ավերման ու հիմնահատակ կործանման եզրին հասած քաղաքին, ականջ դնի թափված արյան կանչին, 4 հիշի անմեղ մանուկների անիրավ ոչնչացումը և չմոռանա իր սուրբ անվանն ուղղված հայհոյությունները։
5 Երբ Մակաբեն զորք հավաքեց, հեթանոսները նրան չդիմադրեցին, որովհետև մեծ Աստծու զայրույթը ողորմածության էր վերածվել։ 6 Նա հարձակվեց գյուղերի ու քաղաքների վրա, հրդեհի մատնեց թշնամիների ամրոցները, նվաճելով վերադարձրեց նրանց գրաված վայրերն ու մեծամեծ հարվածներ հասցրեց նրանց, 7 մանավանդ որ իրեն օգնական ու աջակից էր դարձրել գիշերը։ Նրա քաջագործությունների համբավը տարածվեց ամենուր։
Նիկանորի և Գորգիասի արշավանքը
8 Երբ Փիլիպպոսը* տեսավ, որ այդ մարդու գործերը գնալով հաջողվում են, պատգամավորներ ուղարկեց Ստորին Ասորիքի ու Փյունիկեի սպարապետ Պտղոմեոսի մոտ՝ օգնական զորք խնդրելով։ 9 Պտղոմեոսը Պատրոկլեսի որդի Նիկանորին՝ իր ավագների մեջ առաջին սիրելի մարդուն, հանձնեց ոչ պակաս, քան քառասուն հազար մարդ, որ առհասարակ բնաջնջի, երկրի վրայից վերացնի հրեա ազգը։ Նրան օգնական տվեց Գորգիաս զորավարին, որը պատերազմական գործերին քաջատեղյակ ու ըստ ամենայնի հմուտ մարդ էր։ 10 Նիկանորը որոշեց հռոմեացիներին վճարվող նախկին հարկը՝ հարյուր քանքարը, լրացնել հրեա գերիների վաճառքից։ 11 Նա ծովեզերքում բնակվող վաճառականներին հրամայեց գալ Հուդայի երկիր՝ մարդիկ գնելու, և խոստացավ մեկ քանքարի դիմաց նրանց տալ իննսուն մարդ։ Նա չգիտեր, որ երկնքից Ամենակալի դատաստանն է պատրաստված իր համար։
12 Հուդան մարդիկ ուներ, որոնք տեղեկացրին Նիկանորի արշավանքի մասին։ 13 Այդ լսելով՝ վախկոտներն այս ու այն կողմ փախան 14 և ինչ որ ունեին, վաճառեցին ու սկսեցին աղոթել Ամենակալ Տիրոջը, որ իրենց փրկի անօրեն, անարժան Նիկանորի ձեռքից, որը մարդկանց չտեսած՝ արդեն իսկ սահմանել էր նրանց վաճառքի գինը։ 15 Աղաչում էին, որ նրանից փրկի իրենց եթե ոչ իրենց համար, ապա գոնե իրենց հայրերի հետ կնքած ուխտի և Նրա փառավոր ու սուրբ անվան համար։ 16 Բայց Մակաբեն հավաքեց իր մոտ գտնվող զորքը՝ մոտ վեց հազար հոգի, քաջալերեց նրանց, որ չվախենան Նիկանորի զորքի բազմությունից, զուր չհուսալքվեն հեթանոսների բանակի այդպիսի մեծ կուտակումից, այլ կանգնեն ու մարտնչեն քաջությամբ՝ 17 նախանձախնդրությամբ հիշելով սուրբ վայրերում կատարված անարգությունները, գերված քաղաքի կրած չարչարանքներն ու նախնիների սուրբ օրենքների ոտնահարումը։ 18 «Նրանք,- ասում էր նա,- հույս են դրել իրենց զենքի և իրենց հզորության վրա, իսկ մենք՝ Ամենակալ Աստծու, որը մեզ վրա եկող այդ մարդկանց և ողջ աշխարհը կարող է մի շնչում կոտորել»։ 19 Նա սկսեց մեկ առ մեկ հիշեցնել նախնիների քաջագործությունները և Տիրոջ կողմից եղած օգնությունները. «Հիշե՛ք Սենեքերիմին և հարյուր ութսուն հազար մարդկանց միանգամից կոտորվելը, 20 հիշե՛ք գաղատացիների դեմ հռոմեացիների պատերազմը, երբ հարյուր քսան հազար հարձակվող մարդկանց դեմ ելան վեց հազար զինվորներ և Բարձրյալի օգնությամբ հարյուր քսան հազար զինվորներին միաժամանակ կոտորեցին»։
21 Այսպիսի մխիթարական, քաջալերիչ խոսքերով կռվի էր պատրաստում նրանց, որ հանուն իրենց օրենքների ու իրենց երկրի՝ հոժարաբար մարտնչեն և հերոսաբար մեռնեն։ 22 Նա զորքը բաժանեց երեք գնդի և երկու գնդերի զորավար նշանակեց իր երկու եղբայրներին՝ Շմավոնին ու Հովսեփին։ 23 Բացի այդ, զորքերին քաջալերելու, սրտապնդելու համար բերեցին Եզրասի գրքերը, նրանց առաջ կարդացին, ամեն մի գնդին Տիրոջ անունով զինանշաններ բաշխեց, ինքն անցավ առաջամարտիկ գնդի գլուխը և արշավելով հարձակվեց Նիկանորի վրա։ 24 Ամենակալն օգնության հասավ նրանց. հարձակվեցին և թշնամու զորքից ավելի քան ինը հազար սպառազեն մարդ սպանեցին, շատերին էլ խոցոտեցին, խեղանդամ ու վիրավոր դարձրին և շրջապատեցին նրանց բանակը։ 25 Ստրկավաճառների ունեցվածքն ու գանձերը առգրավեցին, իսկ Նիկանորի կենդանի մնացած զինվորներին մինչև օրը մթնելը հալածելով փախուստի մատնեցին։ 26 Երբ օրը տարաժամել էր, այդտեղից շտապ վերադարձան ու չշարունակեցին հալածել նրանց, որովհետև հաջորդ օրը շաբաթ էր։ 27 Հասնելով ճակատամարտի վայրը՝ նրանք հավաքեցին ընկածների զենքերը, վերցրին սպանվածների ավարը և պատրաստվեցին տոնելու շաբաթ օրը։ Նրանք օրհնաբանում, գոհություն էին մատուցում և փառաբանում Տիրոջը, որ այդ օրն իրենց փրկել էր նրանցից։ Այդ օրը Տիրոջ ողորմածության և հաղթության տոն կատարեցին։ 28 Շաբաթ օրից հետո վերցված ավարից մաս հանեցին նեղյալներին, այրիներին ու որբերին, իսկ հետո մնացածն իրար միջև բաժանեցին։ 29 Երբ այս բանն արեցին, բոլորը ծնկի եկած աղոթեցին ողորմած Աստծուն և աղաչեցին, որ մինչև վերջ հաշտ լինի իր ծառաների հետ։
Մակաբեի հաղթանակը Տիմոթեոսի և Բաքիդեսի դեմ
30 Դրանից հետո նրանց վրա հարձակվեցին Տիմոթեոսն ու Բաքիդեսը։ Մակաբեի զորքերը հարձակվեցին, հարվածեցին ու նրանցից ավելի քան քսան հազար հոգու սպանեցին։ Բազմաթիվ բարձրադիր ամրոցներ գրավեցին քաջությամբ, նրանց բազում գանձերը, ինչքն ու ունեցվածքն ավար առան և դրանից իրենց հետ հավասար բաժին տվեցին նաև աղքատներին, որբերին ու ծերերին։ 31 Նրանք հավաքեցին սպանվածների զենքերը, պահեցին հարմար տեղերում, իսկ իրենք ավարով Երուսաղեմ եկան։ 32 Այդտեղ նրանք սպանեցին Տիմոթեոսի զորքի առաջնորդին, որ բազում չարիքներ էր հասցրել հրեա ազգին։ 33 Հավաքեցին գավառներից եկած մարդկանց, ուրախացան և տոնեցին հաղթանակը։ Ապա բերեցին փախստական Կալիսթենեսին ու նրա հետ եղողներին, որոնք տաճարի դռներն էին հրդեհել, ու ողջ-ողջ այրեցին։ 34 Իսկ ոճրագործ Նիկանորը, որ հազար վաճառական էր բերել հրեաներ գնելու համար, 35 Տիրոջ հրամանով մեծ տառապանքների մեջ ընկած, փառքի հանդերձներից զրկված, նվաստանալով մուրացկան դարձած, իր զորքը կորցնելու համար մեծ սգի մատնված, փախստական դարձած՝ անտիոքացիների քաղաքն ընկավ։ 36 Նա, որ խոստացել էր Երուսաղեմի բնակիչների գերությամբ ապահովել հռոմեացիներին վճարվող հարկը, իր բերանով պատմում էր, որ Աստված հայտնապես օգնում է նրանց, դրա համար էլ նրանք պատերազմից դուրս են գալիս ողջանդամ ու առանց վերք ստանալու, որովհետև նրանք հավատարմությամբ են պահպանում Նրա սահմանած օրենքները։