Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հովհաննես Մկրտչի քարոզչությունը(Մրկ. 1.1-8, Ղուկ. 3.1-9, 15-17, Հովհ.…

Հովհաննես Մկրտչի քարոզչությունը

(Մրկ. 1.1-8, Ղուկ. 3.1-9, 15-17, Հովհ. 1.19-28)

1 Երբ ժամանակը հասավ, Հրեաստանի անապատում երևաց Հովհաննես Մկրտիչը։ Քարոզում էր 2 և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։ 3 Հիրավի սա՛ է նա, որի մասին խոսվել է Եսայի մարգարեի միջոցով, որ ասում է.

«Մի ձայն է գոչում անապատում.

“Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը

և ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները”» (Ես. 40.3)։

4 Հովհաննեսը հագնում էր ուղտի բրդից հագուստ և կաշվե գոտի՝ իր մեջքին։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։ 5 Այդ ժամանակ նրա մոտ էր գնում ողջ ժողովուրդը՝ Երուսաղեմից, ողջ Հուդայից ու Հորդանանի բոլոր շրջաններից, 6 նրա կողմից մկրտվում էին Հորդանան գետում իրենց մեղքերը խոստովանելուց հետո։

7 Տեսնելով, որ շատ սադուկեցիներ ու փարիսեցիներ եկել են մկրտությանը, Հովհաննեսը նրանց ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ ասաց, թե այսպիսով կարող եք փախչել Տիրոջ գալիք բարկությունից։ 8 Այսուհետև ապաշխարության արժանի ապացո՛ւյց տվեք 9 և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. «Մենք իբրև հայր ունենք Աբրահամին»։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։ 10 Որովհետև կացինն ահա ծառերի արմատի մոտ է դրված։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կկտրվի և կրակը կգցվի։ 11 Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։ 12 Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։

Հիսուսի մկրտությունը

(Մրկ. 1.9-11, Ղուկ. 3.21-22)

13 Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։ 14 Բայց Հովհաննեսը կանխեց նրան և ասաց. «Ես պետք է քեզնից մկրտվեմ, և դո՞ւ ես ինձ մոտ գալիս»։ 15 Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև Աստծու ծրագիրն այս է, որ մենք կատարենք ամբողջ արդարությունը»։ Այն ժամանակ Հովհաննեսը թույլ տվեց նրան մկրտվել։ 16 Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու Հոգին, որ իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա։ 17 Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։