Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տերը գթասիրտ է Հովսեփի տան հանդեպ1 Լսե՛ք այս խոսքը,որով ես ողբալու եմ…

Տերը գթասիրտ է Հովսեփի տան հանդեպ

1 Լսե՛ք այս խոսքը,

որով ես ողբալու եմ ձեզ վրա։

Ընկավ Իսրայելի տունը և այլևս չի կարողանա ոտքի ելնել։

2 Իսրայելի կույսը կործանվեց իր երկրում,

և չկա մեկը, որ կանգնեցնի նրան։

3 Քանի որ այսպես է ասում Տեր Տերը.

«Այն քաղաքից, որից հազարավորներ էին ելնում, կմնան հարյուրը,

և որից հարյուրավորներ էին ելնում, կմնան տասը Իսրայելի տան համար»։

4 Քանզի այսպես է ասում Տերն Իսրայելի տան համար.

«Փնտրե՛ք ինձ և կապրեք.

5 մի՛ փնտրեք Բեթելը և Գաղգաղա մի՛ մտեք,

Երդման ջրհոր մի՛ ելեք,

քանի որ Գաղգաղան ամբողջությամբ կգերեվարվի,

և Բեթելը չեղածի նման կլինի»։

6 Փնտրե՛ք Տիրոջը և կապրեք,

որպեսզի կրակի պես չբորբոքվի Հովսեփի տունը

և ուտի նրան,

և ոչ ոք չի լինի, որ հանգցնի։

7 Նա, ով արդարադատություն է անում բարձունքներում,

արդարություն դրեց երկրի վրա,

8 ով ամեն ինչ ստեղծում և նորոգում է,

մահվան ստվերները վերածում է այգի

և ցերեկը գիշերով մթնեցնում,

ով կանչում է ծովի ջրերը

և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը.

9 ով կործանում է տարածում զորության դեմ

և թշվառություն բերում ամրոցների վրա։

10 Ատեցին հանդիմանողներին դռների առաջ

և սուրբ խոսքերը պղծեցին։

11 Դրա համար, քանի որ կռփահարում էիք աղքատներին

և ընտիր կաշառք էիք վերցնում նրանցից,

շքեղազարդ ապարանքներ կշինեք,

բայց չեք բնակվի նրանց մեջ,

գեղեցիկ այգիներ կտնկեք,

բայց դրանց գինին չեք խմի,

12 քանի որ ես իմացա ձեր բազում ամբարշտությունները,

և սաստիկ են ձեր մեղքերը։

Ոտնակոխ էիք անում արդարին՝ կաշառքներ առնելով,

և մոլորեցնում էիք աղքատին դռների առաջ։

13 Դրա համար նա, ով իմաստուն է,

այն ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է։

14 Բարի՛ն փնտրեք և ոչ թե չարը,

որպեսզի ապրեք,

և Տերը՝ Ամենակալ Աստված, կլինի ձեզ հետ.

ինչպես որ ասացիք՝

15 «Ատեցինք չարիքը և սիրեցինք բարին»։

Արդարադատությո՛ւն հաստատեք ձեր դռների առաջ,

որպեսզի Տերը՝ Աստված, ողորմի Հովսեփի մնացորդներին։

16 Դրա համար այսպես է ասում Տերը՝ Ամենակալ Աստված.

«Բոլոր հրապարակներում՝ կոծ,

և բոլոր ճանապարհներին վա՜յ, վա՜յ է ասվելու.

մշակը կկանչվի սգի ու կոծի և ողբալացի.

17 բոլոր ճանապարհներին կոծ կլինի,

որովհետև անցնելու եմ քո միջով»,- ասում է Տերը։

18 «Վա՜յ նրան, ով ցանկանում է Տիրոջ օրը.

ի՞նչ գործ ունեք դուք Տիրոջ օրվա հետ.

այն խավար է և ոչ թե լույս։

19 Ինչպես օրինակ, եթե մարդ փախչի առյուծի երեսից,

և նրան արջ հանդիպի, տուն փախչի

և իր ձեռքը հենի պատին, և նրան օձը խայթի,

20 մի՞թե խավար չէ Տիրոջ օրը և ոչ թե լույս.

աղջամղջային է, և նրա մեջ ճաճանչ չկա»։

21 «Ատեցի, մերժեցի ձեր տոները

և ձեր տարեկանները չեմ հոտոտի։

22 Քանի որ եթե մատուցեք ձեր ողջակեզներն ու զոհերը,

չեմ ընդունի և ձեր փրկության հայտնի զոհաբերություններին ես չեմ նայի։

23 Հեռո՛ւ տար ինձնից քո երգերի ձայնը,

և քո սրինգների նվագը ես չեմ լսի։

24 Բայց թող հորդի արդարադատությունը ջրի պես,

և արդարությունը՝ անհուն հեղեղի պես։

25 Մի՞թե ողջակեզներ և զոհեր մատուցեցիք ինձ այնտեղ՝

անապատում, քառասուն տարի, ո՛վ Իսրայելի տուն։

26 Եվ վերցրիք Մողոքի խորանը և Հռեմփայի՝

ձեր աստծու աստղը և նրանց արձանները,

որ պատրաստեցիք ձեզ համար։

27 Եվ կփոխադրեմ ձեզ Դամասկոսից այն կողմ»,- ասում է Տերը.

Ամենակալ Աստված է նրա անունը։