Հին Կտակարան
Նոր Կտակարան
դ. Տեսիլք թռչնորսորդների գործիքի մասին1 Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տեր…
դ. Տեսիլք թռչնորսորդների գործիքի մասին
1 Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը, և ահա թռչնորսորդների մի գործիք,
2 և ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։
Ասացի՝ թռչնորսորդների գործիք։
Եվ Տերն ինձ ասաց. «Վախճանը հասել է Իսրայելի իմ ժողովրդի վրա,
և այլևս չեն շարունակի շրջանցել նրանց։
3 Այն օրը տաճարի ձեղունները կողբան,- ասում է Տերը,-
շատերը կկործանվեն,
և բոլոր վայրերի վրա լռություն կբերեմ»։
Ագահությունն աղետ է բերում
4 Լսե՛ք սա, որ նեղում էիք տնանկին
առավոտյան ու հարստահարում աղքատին երեկոյան
5 և ասում էիք. «Ե՞րբ պիտի անցնի այս ամիսը, որ շահ անենք,
և այս շաբաթը, որ բացենք գանձարկղերը՝ չափը
փոքրացնելու և կշիռը մեծացնելու,
ստության կշռաքարեր սարքելու համար.
6 որ արծաթով առնենք աղքատներին,
տնանկներին՝ կոշիկների գնով,
և մեր բոլոր վաճառքներից շահ ստանանք»։
7 Երդվում է Տերը Հակոբի հպարտության համար,
թե՝ «Իսպառ չեն մոռացվի ձեր բոլոր գործերը։
8 Դրա համար երկիրը կխռովվի, նրա բոլոր բնակիչները
սուգ կանեն, և կելնի
նրա վախճանը գետի նման
և կիջնի եգիպտացիների գետի պես»։
9 «Եվ կլինի այն օրը,- ասում է Տեր Տերը,-
որ արեգակը մայր կմտնի միջօրեին,
և երկրի վրա լույսը կխավարի ցերեկով։
10 Ձեր տոները սգի կվերածեմ,
և ձեր բոլոր երգերը՝ ողբի,
քուրձ կգցեմ ամեն տարիքի մարդկանց վրա
և բոլոր գլուխներին՝ ճաղատություն.
նրա համար կդարձնեմ որպես սիրելիի սուգ,
և նրանց համար, որ նրա հետ կլինեն՝ որպես ցավերի օր։
11 Ահա գալիս են օրեր,- ասում է Տեր Տերը,-
և սով կուղարկեմ երկիր,
ոչ թե հացի սով և ոչ թե ջրի ծարավ,
այլ Տիրոջ խոսքը լսելու սով։
12 Ջրերը կհուզվեն ծովից մինչև ծով
և հյուսիսից մինչև արևելք.
կընթանան՝ Տիրոջ խոսքը փնտրելու, բայց չեն գտնի։
13 Այն օրը ծարավից կնեղվեն գեղեցիկ կույսերն ու երիտասարդները,
14 որոնք երդվում էին Սամարիայի քավության զոհերով
և ասում. “Կենդանի է քո աստվածը, Դա՛ն,
և կենդանի է քո աստվածը, Բերսաբեե՛”.
կկործանվեն և այլևս ոտքի չեն կանգնի»։