Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ոխակալների մասին1 Ով վրեժ առնի, Տիրոջից վրեժխնդրություն կգտնի, և Տերը…

Ոխակալների մասին

1 Ով վրեժ առնի, Տիրոջից վրեժխնդրություն կգտնի, և Տերը խստորեն կհաստատի նրա մեղքերը։
2 Ների՛ր քո եղբոր անիրավությունը, և միայն այդ ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներվեն։
3 Մարդը մարդու հանդեպ բարկություն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկություն է խնդրում։
4 Իր նման մարդու հանդեպ նա ողորմածություն չունի, բայց աղերսում է իր մեղքերի թողության համար։
5 Ինքը ևս մարմին է, բայց ոխ է պահում։ Ո՞վ քավություն կտա նրա մեղքերին։
6 Հիշի՛ր քո վախճանը և դադարի՛ր թշնամություն անելուց, հիշի՛ր ապականացու լինելդ ու մահդ 7 և մնա՛ պատվիրանների մեջ։
8 Հիշի՛ր պատվիրանները և ոխ մի՛ պահիր մերձավորիդ հանդեպ։
9 Հիշի՛ր Բարձրյալի ուխտը և արհամարհի՛ր տգիտությունը։
10 Հեռո՛ւ մնա վեճից և կնվազեցնես մեղքերդ, քանզի զայրացած մարդը կռիվ է բորբոքում, մեղավոր մարդը գժտեցնում է իր բարեկամներին 11 և նրանց մեջ, ովքեր խաղաղությամբ են ապրում, բանսարկություն է գցում։
12 Կրակը վառվում է ըստ իրեն սնող նյութի, իսկ կռիվը բորբոքվում է ըստ նրան գրգռող սաստկության. մարդու զայրույթը լինում է ըստ նրա զորության, և ըստ նրա հարստության սաստկանում է նրա բարկությունը։
13 Անզիջում հակառակությունը կրակ է բորբոքում, և անզիջում կռիվը արյուն է հեղում։
14 Եթե կայծի վրա փչես, կբորբոքվի, և եթե նրա վրա թքես, կմարի. սրանք երկուսն էլ քո բերանից են դուրս գալիս։
15 Քսուն և երկերեսանին անիծյալ թող լինեն, քանզի բազում խաղաղ ապրողներ կործանվեցին։

Չար լեզուն

16 Երրորդ մարդու լեզուն շատերին սասանեց, նրանց ազգից ազգ հալածեց, 17 ամուր քաղաքներ կործանեց 18 և մեծամեծների տներն ավերեց։
19 Երրորդ մարդու լեզուն ջանասեր կանանց խելքահան արեց և նրանց զրկեց իրենց վաստակից։
20 Ով նրան լսի, հանգիստ չի գտնի և վստահ ու ապահով չի ապրի։
21 Մտրակի հարածը վերք է առաջացնում, իսկ լեզվի հարվածը ոսկորներ է փշրում։
22 Շատերն են ընկել սուսերի սայրից, բայց ոչ նրանց չափ, ովքեր ընկել են լեզվի երեսից։
23 Երջանիկ է նա, ով թաքնվում է նրանից, ով չի ճաշակել նրա ցասումը, ով չի քաշել նրա լուծը և ով չի կապվել նրա կապանքներով։
24 Նրա լուծը երկաթյա լուծ է, նրա կապանքները՝ պղնձե կապանքներ։
25 Դաժան մահ է նրա մահը, դժոխքը լավ է նրանից։
26 Նրա ձեռքը թող չլինի բարեպաշտների վրա, և նրանք թող չայրվեն նրա բոցերի մեջ։
27 Ովքեր Տիրոջը թողնեն, կընկնեն չար լեզվի ձեռքը. նրանց մեջ կբորբոքվի այն ու չի մարի, նրանց վրա կուղարկվի իբրև առյուծ ու նրանց կոչնչացնի ինձի նման։
28 Տե՛ս, քո կալվածքը ամրացրո՛ւ փշե ցանկապատով։
29 Պի՛նդ կապած պահիր քո ոսկին և արծաթը, քո խոսքին չափ ու կշի՛ռ տուր և քո բերանին դուռ ու նի՛գ դիր։
30 Զգո՛ւյշ եղիր, որպեսզի չգայթակղվես լեզվից, չընկնես դարանակալ մարդու առջև։