Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՀՈԳԵՎՈՐ ԽՐԱՏՆԵՐ ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԻմաստության խորհուրդը1 Ամեն իմ…
ՀՈԳԵՎՈՐ ԽՐԱՏՆԵՐ ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Իմաստության խորհուրդը
1 Ամեն իմաստություն Տիրոջից է, և այն կա և կմնա նրա հետ հավիտյան։
2 Ո՞վ կարող է երբևէ հաշվել ծովի ավազը, անձրևների շիթերը և անցած օրերը։
3 Ո՞վ կարող է քննել երկնքի բարձրությունը, երկրի լայնությունը և իմաստության խորքերը։
4 Իմաստությունն ստեղծվեց ամեն ինչից առաջ, զգոնությունը և հանճարը հավիտենից կային։
5 Իմաստության արմատները նրա մեջ հայտնվեցին։
8 Իմաստությունը մեկ է և խիստ ահեղ, որ նստում է իր գովության աթոռին։
9 Ինքը՝ Տերը, հաստատեց այն, տեսավ և չափեց այն ու հեղեց իր գործերի վրա,
10 ամեն մարմնի վրա՝ ըստ իր պարգևի, և այն բաշխեց իր սիրելիներին։
11 Տիրոջ հանդեպ երկյուղը փառք է ու պարծանք, ուրախություն է և ցնծության պսակ։
12 Տիրոջ հանդեպ երկյուղը զվարճացնում է սիրտը և ուրախություն, խնդություն ու երկար կյանք պարգևում։
13 Ով երկյուղ է կրում Տիրոջից, նա բարիք կստանա հետո և իր վախճանի օրը կօրհնվի։
16 Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, որ հավատացյալների համար հաստատվել է մայրական արգանդից, մարդկանց հետ բնավորվել է հավիտենական հիմքից և հավատարիմ կմնա նրանց սերնդի հետ։
20 Իմաստության լրումը երկյուղն է Տիրոջից. այն մարդկանց կսնի իր պտուղներով,
21 մարդու ամբողջ տունը կլցնի ցանկալի բաներով և շտեմարանները՝ նրա վաստակով։
Լինել համբերատար և զուսպ
22 Իմաստության պսակը Տիրոջ հանդեպ երկյուղն է։
23 Նա է ծլեցնում խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան։
24 Նա բխեցրեց իմաստունի խրատը և գիտությունը, բարձրացրեց նրանց փառքը, ովքեր ունեն այն։
25 Իմաստության արմատը երկյուղն է Տիրոջից, և նրա ոստերը՝ երկար կյանքը։
28 Անիրավ զայրույթը չի կարող արդարանալ, քանի որ նրա զայրույթի ընթացքը նրան տանում է դեպի կործանում.
29 համբերատարը առժամանակ զսպում է իրեն, և հետո դարձյալ ուրախությունը տիրում է նրան։
30 Նա առժամանակ կթաքցնի իր խոսքերը, և շատերի շուրթերը կպատմեն նրա իմաստության մասին։
31 Իմաստության գանձերի մեջ խրատի առակներ կան։
32 Մեղավորի համար աստվածապաշտությունը գարշելի է։
33 Եթե իմաստության ես ձգտում, պահի՛ր Տիրոջ պատվիրանները, և Տերը քեզ կպարգևի այն։
34 Արդարև, իմաստության զգոնությունը Տիրոջ երկյուղն է, և հավատն ու հեզությունը հաճելի են Տիրոջը։
35 Մի՛ անտեսիր Տիրոջ հանդեպ երկյուղը և նրան մի՛ մոտեցիր երկբայությամբ։
37 Կեղծավորություն մի՛ արա մարդկանց առջև և զգո՛ւյշ եղիր քո շրթունքներից։
38 Մի՛ բարձրացրու քեզ, որպեսզի չընկնես, քեզ վրա անարգանք չբերես, և Տերը չնվաստացնի քեզ,
40 քանզի նրան չմոտեցար Տիրոջ երկյուղով, և քո սիրտը լի է նենգությամբ։