Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Անտիոքոսի երկրորդ արշավանքը դեպի Եգիպտոս1 Այդ ժամանակ Անտիոքոսն անտիո…

Անտիոքոսի երկրորդ արշավանքը դեպի Եգիպտոս

1 Այդ ժամանակ Անտիոքոսն անտիոքացիների կողմերից երկրորդ անգամ հարձակվեց Եգիպտոսի վրա։ 2 Այնպես պատահեց, որ քառասուն օր ամբողջ քաղաքի վրա՝ երկնքում և երկրի վրա, երևացին ոսկեզարդ հագուստներով նիզակակիր հեծյալներ։ 3 Նրանք արշավում էին, հարձակվում ու բախվում միմյանց։ Պետք էր լսել ու տեսնել վահանների բախումը, աղեղների շաչյունը, սուսերների շողքը, դրոշների փողփողումը, նետերի շառաչյունն ու ոսկե զարդարանքի փայլը։ 4 Բոլորը ծնկաչոք աղաչում էին, որ այդ տեսիլքը բարի նախանշան լինի։

Յասոնը հարձակվում է Երուսաղեմի վրա

5 Երբ հանկարծակի շշուկ տարածվեց, թե իբր Անտիոքոսը վախճանվել է, Յասոնը քսան հազարից ոչ պակաս սպառազեն զինվորներ վերցնելով, հարձակվեց քաղաքի վրա։ Պահապանները, դավից անակնկալի եկած, հետ քաշվեցին պարսպից, իսկ Մենելաոսն ապաստան գտավ միջնաբերդում։ 6 Մոլեգնած Յասոնն առանց խնայելու իր համաքաղաքացիներին էր կոտորում իբրև թշնամիների, և չէր մտածում, որ տոհմակիցների ու համաքաղաքացիների հաշվին ձեռք բերված բարեկեցությունը մեծ թշվառություն է, այլ կարծում էր, թե թշնամիների և ոչ թե ազգակիցների վրա է հաղթության դրոշ բարձրացնում։ 7 Սակայն նա իշխանության հասնել չկարողացավ, այլ ի վերջո կրեց դավաճանի նախատինքն ու փախավ ամովնացիների կողմերը։ 8 Նա չար վախճանի արժանացավ. արաբների արքա Արետասը բանտարկեց նրան։ Հետո Յասոնը քաղաքից քաղաք փախավ՝ բոլորի կողմից ատելի ու հալածական, իբրև օրենքի դեմ ընդվզող և պիղծ ու գարշելի համարվելով, իբրև հայրենիքի ու համաքաղաքացիների մատնիչ և դահիճ, վտարվեց Եգիպտոս։ 9 Շատերին իրենց երկրից տարագրած լինելով՝ ինքն էլ տարագիր կորավ օտարության մեջ 10 անխնամ և առանց հագուստի. ոչ ոք չսգաց նրան, և արժանի չեղավ նախահայրերի գերեզմանին։
11 Երբ արքան տեղեկացավ այդ դեպքերի մասին, կարծեց, թե Հուդայի երկիրն ապստամբել է իր դեմ։ Այդ պատճառով նա գազազած սրտով շտապ դուրս եկավ Եգիպտոսից և քաղաքը գրավելով՝ սրի քաշեց։ 12 Նա զինվորներին հրաման տվեց, որ ով իրենց ձեռքն ընկնի, անխնա կոտորեն, իսկ ովքեր ապարանքներում ապաստանեն, նույն տեղում էլ սպանեն նրանց։ 13 Տղամարդիկ ու ծերերն անխտիր կոտորվեցին, կանայք ու մանուկներն անխտիր սպանվեցին, կույսերն ու երեխաներն անխտիր սրի քաշվեցին։ 14 Այդ երեք օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ութսուն հազար մարդ կործանվեց. քառասուն հազարը սրի քաշվեցին, մնացածն էլ ստրկության վաճառվեցին։

Երուսաղեմի տաճարի կողոպուտը

15 Երբ նա չհագեցավ այս չարագործություններով, որոշեց ձեռք բարձրացնել ամբողջ աշխարհի ամենասուրբ սրբարանի վրա, հանդգնեց մտնել տաճար՝ իբրև առաջնորդ ունենալով Մենելաոսին, որը օրենքի, երկրի ու ժողովրդի մատնիչն ու դահիճն էր դարձել։ 16 Իրենց պիղծ ու անօրեն ձեռքերով վերցրին ու պիղծ մարդկանց բաշխեցին զոհասեղանի այն սուրբ սպասքը, որ ուրիշ թագավորներ ու այլ քաղաքներ նվիրել էին սրբարանին՝ ի բարգավաճումն ու ի փառս այդ վայրի։ 17 Անտիոքոսը հպարտացել էր մտքում՝ առանց հասկանալու, որ այդ քաղաքի բնակիչների մեղքերի համար է բարկացել Տերը նրանց վրա, դրա համար էլ անարգվեց սուրբ վայրը։ 18 Որովհետև եթե մեծ մեղքեր գործած չլինեին, ապա Անտիոքոսը ևս ներս մտնելուն պես կկործանվեր իր հանդգնության պատճառով, ինչպես որ եղավ Հելիոդորոսը, որին Սելևկիոս արքան ուղարկել էր՝ հաշվելու գանձերը։ 19 Ոչ թե տեղի համար էր Տերն ընտրել ազգին, այլ ազգի համար էր ընտրել տեղը։ 20 Դրա համար էլ տեղն ինքը բաժնեկից եղավ ազգի դժբախտություններին և այնուհետև մասնակից դարձավ նրա բարիքներին, և ինչ որ լքվել էր Ամենակալի բարկության ժամանակ, դարձյալ վերահաստատվեց ամբողջ փառքով, երբ Մեծն Աստված հաշտվեց։

Նոր կոտորած Երուսաղեմում

21 Անտիոքոսը, հազար յոթ հարյուր քանքար հափշտակելով տաճարից, շտապ հասավ Անտիոք՝ գոռոզամտությամբ կարծելով, թե կարող է ծովը ցամաքի վերածել և ցամաքը՝ ծովի։ 22 Նա այնտեղ թողեց խիստ վերակացուներ, որպեսզի չարչարեն ժողովրդին։ Երուսաղեմում թողեց ազգով փռյուգիացի Փիլիպպոսին, որն իր բարքով ավելի ժանտ էր, քան նա, ով իրեն նշանակել էր այնտեղ, 23 իսկ Գարիզինում՝ Անդրոնիկոսին։ Սրանց վրա էլ նշանակեց Մենելաոսին, որը նրանցից ավելի չար լինելով՝ դատ ու դատաստան էր տեսնում քաղաքացիների հետ։ Հրեաների դեմ ատելությամբ լցված՝ 24 Անտիոքոսը Մյուսիայի զորապետ Ապոլոնիոսին ուղարկեց քսան հազար զինվորներով, չհաշված նախկին հազար զինվորները, որպեսզի բոլոր չափահաս տղամարդկանց կոտորի, իսկ կանանց ու մանուկներին վաճառի։ 25 Սա, երբ եկավ Երուսաղեմ, նախ ձևացրեց, թե խաղաղությամբ է եկել, և այնտեղ սպասեց մինչև սուրբ շաբաթ օրը, ապա երբ տեսավ, որ հրեաները շաբաթ օրը գործ չեն անում, իր զինվորներին հրաման տվեց զորահանդեսի ելնել։ 26 Ովքեր նայելու էին եկել այդ տեսարանը, սրակոտոր արեց։ Ապա սպառազինված զինվորները քաղաքում այստեղ-այնտեղ շարժվելով՝ դիաթավալ գետնին էին փռում բոլորին։
27 Հուդա Մակաբեն, տասը հոգով փախուստի դիմելով, գնաց անապատ և լեռներում գազանների նման կյանք էր վարում իր խմբի հետ. ապրում էին խոտաբույսեր ուտելով, որպեսզի հեռու մնան պղծությունից։