Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տիրոջ բարեհաճությունն Իսրայելի նկատմամբ1 Տիրոջ խոսքի հայտնությունն Իս…

Տիրոջ բարեհաճությունն Իսրայելի նկատմամբ

1 Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին իր պատգամաբերի միջոցով։ Ձեր սրտերո՛ւմ դրեք։

2 «Սիրեցի ձեզ»,- ասում է Տերը, և ասացիք. «Ինչպե՞ս սիրեցիր մեզ»։ «Եսավը Հակոբի եղբայրը չէ՞ր,- ասում է Տերը,- բայց Հակոբին սիրեցի, 3 իսկ Եսավին ատեցի և նրա լեռները ամայացրեցի և նրա երկիրը տվեցի շնագայլերին։ 4 Եթե Եդովմն ասի՝ “Ահա կործանվեցինք. դառնանք և շինենք ավերված քաղաքները”, այսպես է ասում Ամենակալ Տերը. “Նրանք կշինեն, բայց ես կկործանեմ, և նրանք կկոչվեն “Անօրենության սահմաններ” և “Ժողովուրդ”, որի հետ Տերը հավիտյան պատերազմ կմղի”։ 5 Ձեր աչքերը կտեսնեն, և դուք իսկ կասեք, որ Տերը բարձրացավ Իսրայելի սահմանների վրա»։

Տիրոջ բարեհաճությունը քահանաների նկատմամբ

6 «Որդին փառավորում է հորը, և ծառան երկնչում է իր տիրոջից։ Իսկ արդ, եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, և եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը,- ասում է Ամենակալ Տերը։ Դուք, քահանանե՛ր, որ անարգում եք իմ անունը և ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը”։ 7 Քանի որ իմ սեղանին պղծված հաց եք մատուցում և ասացիք. “Ինչո՞վ պղծեցինք դրանք”. երբ դուք ասում եք, թե՝ “Տիրոջ սեղանն արհամարհված է, և այն՝ ինչ դրվում է նրա վրա”։ 8 Քանի որ եթե կույր կենդանի զոհ մատուցեք, չար գործ չի՞ լինի, և եթե կաղ կամ հիվանդոտ կենդանի մատուցեք, չար գործ չի՞ լինի։ Լավ, այն քո իշխանի՛ն մատուցիր, մի՞թե կընդունի քեզ կամ նկատի կառնի քեզ,- ասում է Ամենակալ Տերը։ 9 Եվ այժմ աղաչե՛ք ձեր Աստծու երեսը և հաշտեցրե՛ք նրան. ձեր ձեռքով եղավ դա. մի՞թե աչառությամբ որևէ բան կվերցնեմ ձեզնից,- ասում է Ամենակալ Տերը։ 10 Քանի որ ձեզ համար դռները կփակվեն, և իզուր մի՛ մոտեցեք իմ սեղանին, որովհետև իմ կամքը ձեր մեջ չէ,- ասում է Ամենակալ Տերը,- զոհեր չեմ ընդունի ձեր ձեռքից։ 11 Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։ 12 Սակայն դուք պղծեցիք այն, երբ ասացիք, թե՝ “Տիրոջ սեղանը պղծված է, և այն կերակուրը, որ դրվում է նրա վրա՝ արհամարհված”։ 13 Ասում էիք՝ “Դա չարչարանքից է”. այն դուրս կփչեմ,- ասում է Ամենակալ Տերը։ Եվ եթե ինձ հափշտակված, կաղ ու վտիտ զոհ մատուցեք, մի՞թե դրանք կընդունեմ ձեր ձեռքից,- ասում է Ամենակալ Տերը։ 14 Թող անիծյալ լինի այն մարդը, որ կխաբի. նրա հոտի մեջ որձ կլինի, բայց արատավորը կմատուցի Տիրոջը. նրա ուխտն իր անձի վրա է։ Քանի որ ես հաղթող Թագավոր եմ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմ անունը նշանավոր է ազգերի մեջ»։