Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հրեաների տեղահանությունը1 Հրովարտակի հրամանը ուր էլ հասնում էր, հեթան…

Հրեաների տեղահանությունը

1 Հրովարտակի հրամանը ուր էլ հասնում էր, հեթանոսները հավաքվում էին գավառներում ու քաղաքներում և մեծ ուրախություն անում, որովհետև խորամանկ նենգությամբ թաքցրած իրենց ոխակալությունն արդեն բացահայտորեն ու համարձակությամբ էին ցույց տալիս։ 2 Եբրայեցիների խոր սուգը հորդառատ արցունքներով ու ճիչերով սիրտ էր ճմլում, որովհետև հանկարծ տրվել էր մի խիստ հրաման, որով կոչ էր արվում առհասարակ բոլորին սպանել։ 3 Չկար մի գավառ, մի քաղաք, ընդհանրապես մարդաբնակ մի վայր կամ քաղաքներում մի փողոց, որ գույժի աղաղակով ու կոծով լցված չլիներ, 4 որովհետև խիստ դաժան ու անողոք այդ հրամանի համաձայն՝ գավառների հրամանատարները զանազան քաղաքներից տեղահան էին անում ընտրյալ ազգի զավակներին, որպեսզի բնակավայրերից դուրս իզուր տեղը մեռնեն։ Աղետալի տառապանքներն ու խոր վշտերը այնքան ծանր էին, որ մարդկանց չարչարանքների այս ողորմելի տեսարանը հասարակ գթասրտության պատճառով մինչև անգամ ոխակալ սրտից ու նախանձալից աչքերից արտասուք էր քամում, 5 որովհետև թշվառության այդ ճանապարհով տանում էին ալեհեր, ծերությունից թուլացած և հիվանդաքայլ ոտքերով ծերունիների մի բազմություն։ 6 Տանում էին նաև նորապսակների՝ այդ չար գույժով զրկելով նրանց ամուսնական նոր առագաստի կիսատ մնացած ուրախությունից։ Ավանդապահ, քողածածկ ու պարկեշտ հարսները, գլխաբաց ու ողբալով, յուղով օծված մազերի հյուսվածքը համարձակորեն արձակած, հող էին լցնում իրենց գլուխներին։ Նրանք ուրախ երգերի ձայնակից ընկեր լինելու փոխարեն ենթարկվում էին իրենց համար անսովոր տառապանքների։ 7 Հերարձակ, բզկտված ու կապված՝ նրանց բռնությամբ քարշ էին տալիս հրապարակներից մինչև նավահանգիստները։ 8 Նրանց ամուսինները, երիտասարդական ուրախության փոխարեն ձեռնակապերով ու պարաններով էին կապկպված, իրենց վրա հասած այս աղետի պատճառով իրենց դիմաց տեսնում էին մահվան օրհասը, իրենց ոտքերի առաջ՝ դժոխքի պատկերը։ 9 Այսպես բոլորին՝ իբրև վայրենի գազանների, շղթայակապ բերեցին և նույն շղթաներով, որոնցով կապված էին նրանց պարանոցները, ամրացրին նավախելերին։ Ոմանց ոտքերից, ոմանց ձեռքերից կապելով՝ գամեցին նավի տախտակամածի վերին կողմը։ 10 Բոլոր կողմերից փակված՝ նրանք թմրած ու հիմարացած էին։ Այդպես էին արել, որպեսզի նավերի ընթացքի ժամանակ հանկարծ խորամանկությամբ փախչել չկարողանան։
11 Երբ այսպես բոլորին նավերին ամրացրած տարան և հաջողակ քամու շնորհիվ, թագավորի հրամանի համաձայն, տեղ հասցրին, հրաման արձակվեց, որ դրանց հավաքեն քաղաքից դուրս մի հրապարակում, ընդարձակ մի վայրում՝ ի խայտառակություն այդ ազգի, որպեսզի քաղաք ելումուտ անող բոլորն անարգել տեսնեն նրանց. նախորդների վրեժը սրանցից էին հանում։ 12 Երբ այս ամենը կատարվեց, հայտնի դարձավ, որ հրեաների ազգակիցները գաղտնի ելնում են քաղաքից, որպեսզի նրանց հետ ողբան իրենց ազգի վրա հասած այս հանկարծակի թշվառության համար։ 13 Երբ դա իմացվեց, թագավորը խիստ զայրացավ ու հրաման տվեց, որ քաղաքում գտնվող հրեաներին նույնպես բերեն ու խառնեն սրանց և բոլորին նույն պատժին ենթարկելով՝ մահվան դատապարտեն։ 14 Նա պատվիրել էր անուն առ անուն մարդահամարի ենթարկել նրանց ազգատոհմը, սակայն ոչ թե նախապես հպանցիկ նշված ծանր աշխատանքի համար, այլ սաստիկ պատուհասներով ու տանջանքներով մեկ օրում նրանց ոչնչացնելու համար։
15 Թեև նրանց մարդահամարը կատարվում էր խիստ հապճեպ ու նախանձախնդիր ջանասիրությամբ, արևածագից մինչև մայրամուտ, բայց քառասուն օրից հետո էլ այն լիովին ավարտել չհաջողվեց։
16 Թագավորը, սովորականից ավելի մեծ ու տևական ցնծությամբ լցված, կարգադրեց խնջույք հրավիրել մեծ տաճարում՝ ի պատիվ բոլոր մեծ կուռքերի։ Ճշմարտությունից շեղված մտքով, անօրեն ու պիղծ բերանով նա հարգում և գովաբանում էր անշունչ, անձայն ու անմռունչ կուռքերին, իսկ օրինավոր սրբությունների մասին ասում էր այն, ինչ վայել չէր։ 17 Նշանակված ժամկետն անցնելուց հետո մարդահամար անող գրագիրները եկան ու թագավորին հանձնեցին ցուցակը։ Նրանք սկսեցին համոզել, որ հրեաների հաշվառում կատարելն անհնար է։ 18 Նրանք ասացին. «Չենք կարող, որովհետև նրանք անչափ շատ են. շատերը երկրով մեկ ցրված լինելու պատճառով մարդահամարից դուրս են մնացել, չհաշվառված հրեաներ կան անգամ Եգիպտոսի տարբեր վայրերում»։ 19 Երբ թագավորը դա լսեց, սպառնաց պատժել գրագիրներին՝ որպես կաշառակերների, որոնք իբր ցանկանում են խոտոր ճանապարհներով փրկել հրեաների կյանքը։ 20 Սակայն նրանք պնդում ու բացահայտորեն ցույց էին տալիս, որ իրենց թղթերն սպառվել, իսկ գրիչները մաշվել են։ 21 Բայց այս ամենը լինում էր Բարձրյալի օգնությամբ, որը գութ ու խնամք էր ցուցաբերում եբրայեցիների նկատմամբ։