Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տապանակը տանում են իր տեղը։ 1Եւ նա իր համար Դաւիթի քաղաքումը տներ …
Տապանակը տանում են իր տեղը։
1Եւ նա իր համար Դաւիթի քաղաքումը տներ շինեց, եւ Աստուծոյ տապանակի համար տեղ պատրաստեց, եւ * նորա համար մի վրան գցեց։ 2Այն ժամանակ Դաւիթն ասեց. * Ոչ ով վեր չþառնէ Աստուծոյ տապանակը բացի Ղեւտացիներից. Որովհետեւ Տէրը նորանց ընտրեց որ կրեն Աստուծոյ տապանակը եւ նորան ծառայեն յաւիտեան։
3Եւ Դաւիթը ժողովեց * բոլոր Իսրայէլը Երուսաղէմ, որ Տիրոջ տապանակը վեր տանեն իր տեղը, որ նորա համար պատրաստեց։ 4Եւ դաւիթը ժողովեց Ահարօնի որդիներին եւ Ղեւտացիներին. 5Կահաթի որդկանցից՝ Ուրիէլ իշխանին եւ նորա եղբայրներին հարիւր քսան։ 6Մերարիի որդկանցից՝ Ասայիա իշխանին եւ նորա եղբայրներին երկու հարիւր քսան։ 7Գերսոնի որդկանցից՝ Յովէլ իշխանին եւ նորա եղբայրներին հարիւր երեսուն։ 8* Եղիսափանի որդկանցից՝ Սեմայիա իշխանին եւ նորա եղբայրներին երկու հարիւր։ 9* Քեբրոնի որդկանցից՝ Եղիէլ իշխանին եւ նորա եղբայրներին ութսուն։ 10Ոզիէլի որդկանցից՝ Ամինադաբ իշխանին եւ նորա եղբայրներին հարիւր տեսնեւերկու։
11Եւ Դաւիթը կանչեց * Սադովկ եւ * Աբիաթար քահանաներին եւ Ղեւտացիներից՝ Ուրիէլին, Ասայիային, Յովէլին, Սեմայիային, Եղիէլին եւ Ամինադաբին, 12Եւ նորանց ասեց. Դուք էք Ղեւտացիների տոհմերի գլխաւորները. Սրբեցէք ձեր անձերը դուք եւ ձեր եղբարքը, որ Իսրայէլի Տէր Աստուծոյ տապանակը վեր տանէք նորա համար իմ պատրաստած տեղը։ 13Որովհետեւ * սկզբումը դուք չþլինելու համար՝ * մեր Տէր Աստուածը մեզ հարուած տուաւ, որովհետեւ նորան չþխնդրեցինք ինչպէս որ կարգն է։ 14Եւ քահանաներն եւ Ղեւտացիներն սրբեցին իրանց անձերը Իսրայէլի Տէր Աստուծոյ տապանակը վեր տանելու համար։ 15Եւ Ղեւտացիների որդիները վեր առան Աստուծոյ տապանակը՝ ինչպէս որ * Մովսէսը Տիրոջ խօսքին համեմատ հրամայել էր՝ իրանց ուսերի վերայ ձողերով նորանց վերայ։
16Եւ Դաւիթը պատուիրեց Ղեւտացիների իշխաններին, որ իրանց եղբայրներից կանգնեցնեն երգիչներ երգեցողութեան գործիքներով՝ * տաւիղներով, քնարներով եւ ծնծղաներով, որ բարձր ձայնով երգեն ուրախութեան համար։ 17Եւ Ղեւտացիները կանգնեցրին * Յովելի որդի Եմանին, եւ նորա եղբայրներից * Բարաքիայի որդի Ասափին, եւ նորանց եղբարք՝ Մերարիի որդկանցից * Կիսեայի որդի Եթանին։ 18Եւ նորանց հետ նորանց երկրորդ դասակարգի եղբայրներին՝ Զաքարիային, Բենին, Յազիէլին, Սեմիրամովթին, Յեքիէլին, Ուննիին, Եղիաբին, Բանեային, Մաասիային, մատաթիային, Եղիփաղէին, Մակենիային, Աբդեդօմին եւ Յէիէլին որ դռնապաններ էին։ 19Եւ Եման, Ասափ եւ Եթան երգիչները՝ պղնձի ծնծղաները հնչեցնելու համար. 20Եւ Զաքարիա, * Ազիէլ, Սեմիրամովթ, Յեքիէլ, Ուննի, Եղիաբ, Մաասիա եւ Բանեա * Ալամօթի վերայ տաւիղներով նուագելու համար։ 21Եւ Մատաթիա, Եղիփաղէ, Մակենիա, Աբդեդօմ, Յէիէլ եւ Ազազիա քնարներով * Շէմինիթով առաջնորդելով։ 22Եւ Ղեւտացիների * երգեցողութեան իշխան Քոնոնիան սովորեցնում էր * երգելը, որովհետեւ նա հանճարեղ էր։ 23Եւ բարաքիան եւ Եղկանան տապանակի դռնապաններն էին։ 24Եւ Սաբանիա, Յովսափատ, Նաթանայէլ, Ամեսայի, Զաքարիա, Բանեա եւ Եղիազար քահանաները * փողերը հնչեցնում էին Աստուծոյ տապանակի առաջը. Եւ Աբդեդօմ ու Յէիա տապանակի դռնապաններն էին։
25* Այսպէս Դաւիթը եւ Իսրայէլի ծերերը եւ հազարապետները գնացին Տիրոջ ուխտի տապանակը Աբդեդօմի տանիցն ուրախութեամբ վեր տանելու։ 26Եւ երբոր Աստուած Տիրոջ ուխտի տապանակը կրող Ղեւտացիներին օգնեց, այն ժամանակ եօթը զուարակ եւ եօթը խոյ զոհ արին։ 27Եւ Դաւիթը բեհեզի պատմուճան էր հագել, նոյնպէս եւ բոլոր Ղեւտացիները որ կրում էին տապանակը, եւ երգիչները, եւ * երգիչների գլխաւորը Քոնոնիա երգիչների հետ. Եւ Դաւիթի վերայ քթանի եփուդ կար։ 28Եւ * բոլոր Իսրայէլը վեր էր տանում Տիրոջ ուխտի տապանակը ուրախութեան աղաղակներով, շեփորի ձայնով, փողերով եւ հնչեցնող ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով։ 29Եւ * երբոր Տիրոջ ուխտի տապանակն եկաւ մինչեւ Դաւիթի քաղաքը, այն ժամանակ Սաւուղի աղջիկ Մեղքողը մտիկ տուաւ պատուհանիցը ու տեսաւ որ Դաւիթ թագաւորը կաքաւում եւ զուարճանում էր, եւ նա անարգեց նորան իր սրտումը։
*15.1 Գլ. ժզ. 1։ բ Մն. ա. 4։
*15.2 Թու. գ. 2, 15։ բ Օր. ժ. 8։
*15.3 գ Թագ. ը. 1։ Գլ. ժգ. 5։
*15.8 Ել. զ. 22։
*15.9 Ել. զ. 18։ Գլ. զ. 18։
*15.11 Գլ. զ. 8։ ժզ. 39։
*15.11 ա Թագ. իբ. 20։
*15.13 բ Թագ. զ. 8։ Գլ. ժգ. 11։
*15.13 Գլ. ժգ. 10, 11։
*15.15 Գլ. իե. 14։ Թու. գ. 15։
*15.16 Գլ. ժգ. 8։ ժզ. 5, 42։
*15.17 Գլ. զ. 33։
*15.17 Գլ. զ. 39։
*15.17 Գլ. զ. 44։
*15.20 Հմր. 18՝ «Յազիէլ։»
*15.20 Սաղ. խզ. վերնագիրը։
*15.21 Սաղ. զ. վերնագիրը. «ութերորդով։»
*15.22 Կամ՝ բեռնակիրների
*15.22 Կամ՝ կրելը,
*15.24 Թու. ժ. 8։ Սաղ. ձա. 3։
*15.25 բ Թագ. զ. 12, 13 ևլն։ գ Թագ. ը. 1։
*15.27 Կամ՝ բեռնակիրների
*15.28 Գլ. ժգ. 8։
*15.29 բ Թագ. զ. 16։