Հին Կտակարան
Նոր Կտակարան
Անիրաւ տնտեսի առակը։ Քրիստոսը յանդիմանում է արծաթասէր Փարիսեցիների կե…
Անիրաւ տնտեսի առակը։ Քրիստոսը յանդիմանում է արծաթասէր Փարիսեցիների կեղծաւորութիւնը։ Հարուստը և աղքատ Ղազարոսը։
1Եւ իր աշակերտներին էլ ասեց. Մի հարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. Եւ նորանից գանգատ եղաւ նորան, իբր թէ նա վատնում է նորա ստացուածքը։ 2Եւ նորան կանչեց եւ ասեց. Սա ի՞նչ է որ ես լսում եմ քեզանից. Տուր քո տնտեսութեան համարը. Որովհետեւ այլ եւս կարող չես տնտես լինել։ 3Տնտեսն էլ իր մտքումն ասեց. Ի՞նչ անեմ, որ իմ տէրը տնտեսութիւնն ինձանից առնում է. Հերկել չեմ կարող, մուրանալու ամաչում եմ։ 4Գիտեմ ինչ կ’անեմ, որ՝ երբոր տնտեսութիւնից դուրս գամ, ինձ ընդունեն իրանց տները։ 5Եւ իր տիրոջ պարտականներին մի մի իրան մօտ կանչեց եւ ասեց առաջինին. Ի՞նչքան ես պարտական իմ տիրոջը։ 6Նա էլ ասեց. Հարիւր մար ձէթ. Եւ նորան ասեց. Առ գիրդ, եւ նստիր՝ շուտով գրիր յիսուն։ 7Յետոյ միւսին ասեց. Դո՞ւ ինչքան ես պարտական. Նա էլ ասեց. Հարիւր քոռ ցորեն. Եւ նորան ասեց. Առ գիրդ եւ գրիր ութսուն։ 8Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որ իմաստութիւնով գործեց. Որովհետեւ այս աշխարհքի որդիքը * լոյսի որդիներիցն իմաստուն են իրանց ցեղի մէջ։ 9Եւ ես ասում եմ ձեզ. * Անիրաւ մամոնայից բարեկամներ արէք ձեզ համար. Որ երբոր պակասուիք, յաւիտենական բնակարանների մէջ ընդունեն ձեզ։ 10* Քիչ բանի մէջ հաւատարիմը, շատ բանի մէջ էլ հաւատարիմ է. Եւ քիչ բանի մէջ անիրաւը, շատ բանի մէջ էլ անիրաւ է։ 11Արդ թէ որ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չþեղաք, ճշմարիտ հարստութիւնն ո՞վ կ’տայ ձեր ձեռը։ 12Եւ եթէ օտար բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերն ո՞վ կ’տայ ձեզ։
13* Ոչ մի ծառայ չէ կարող երկու տիրոջ ծառայել. Որովհետեւ կամ մինին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ. Կամ մինին կ’պատուէ եւ միւսին կ’արհամարհէ. Կարող չէք Աստուծոյ ծառայել եւ մամոնային։
14Այս բոլոր բաները լսում էին Փարիսեցիները, * որ արծաթասէր էին, եւ ծիծաղում էին նորա վերայ։ 15Եւ նորանց ասեց. Դուք էք, որ մարդկանց առաջին * ձեր անձերը արդարացնում էք, * բայց Աստուած գիտէ ձեր սրտերը. * որովհետեւ մարդկանց առաջին բարձրը պիղծ է Աստուծոյ առաջին։ 16* Օրէնքը եւ մարգարէները մինչեւ Յովհաննէսն են. Նորանից յետոյ Աստուծոյ արքայութիւնն է աւետարանվում, եւ ամեն մարդ ջանք է անում ուժով մտնել նորա մէջ։ 17Եւ * աւելի հեշտ է որ երկինքն եւ երկիրս անցնեն, քան թէ օրէնքի մէկ պզտիկ նշանագիրը վայր ընկնէ։ 18* Ամեն ով որ արձակում է իր կինը եւ ուրիշն առնում, շնութիւն է գործում, եւ ով որ մարդից արձակուած կին է առնում՝ շնութիւն է գործում։
19Եւ մի հարուստ մարդ կար, եւ շատ ազնիւ ծիրանի եւ բեհեզ էր հագնում. Եւ ամեն օր փառաւոր զուարճութիւն էր անում։ 20Մի աղքատ մարդ էլ կար, անունը Ղազարոս. Որ նորա դռան մօտ գցուած էր խոցերով լիքը. 21Եւ ցանկանում էր իրան կշտացնել այն փշրանքներիցն, որ հարուստի սեղանիցն ընկնում էին. Այլ եւ շներն էլ գալիս էին եւ նորա խոցերը լիզում էին։ 22Եւ եղաւ որ աղքատը մեռաւ, եւ հրեշտակները նորան տարան Աբրահամի գոգը. Հարուստն էլ մեռաւ եւ թաղուեցաւ։ 23Եւ դժոխքումն՝ մինչ տանջանքի մէջ էր գտնվում, իր աչքերը բարձրացրեց, հեռուանց Աբրահամին տեսաւ, եւ Ղազարոսին էլ նորա գոգումը։ 24Եւ նա աղաղակեց եւ ասեց. Հայր Աբրահամ, ինձ ողորմիր, եւ Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը թրջէ ջրով, եւ * իմ լեզուն հովացնէ. Որովհետեւ * այս կրակի բոցի մէջ տանջվում եմ։ 25Աբրահամն էլ ասեց. Որդեակ, * յիշիր, որ դու ընդունեցիր քո բարիքը քո կեանքումը, եւ նմանապէս էլ Ղազարոսը՝ չարչարանքները. Եւ հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։ 26Եւ ի վերայ այսր ամենայնի մեր եւ ձեր մէջ մեծ անդունդ է հաստատուած, որ այստեղից ձեզ մօտ անցնել ուզողները չ’կարողանան, եւ ոչ էլ այդտեղից մեզ մօտ անցնեն։ 27Եւ ասեց. Ուրեմն աղաչում եմ քեզ, հայր, որ դորան ուղարկես իմ հօր տունը. 28Որովհետեւ ես հինգ եղբայր ունիմ. Որ նորանց վկայութիւն տայ, որ նորանք էլ չþգան այս տանջանքի տեղը։ 29Աբրահամն ասեց նորան, * Նորանք Մովսէսին եւ մարգարէներին ունին, թող նորանց լսեն։ 30Նա էլ ասեց. Ոչ, հայր Աբրահամ, այլ եթէ մեռելներից մէկը նորանց մօտ գնայ, կ’ապաշխարեն։ 31Եւ նորան ասեց. Եթէ Մովսէսին եւ մարգարէներին ականջ չեն դնում, * չեն էլ համոզուիլ՝ եթէ մեռելներից մէկը յարութիւն առնէ։
*16.8 Յովհ. ժբ. 36։ Եփես. ե. 8։ ա Թես. ե. 5։
*16.9 դան. դ. 27։ Մատ. ժ. 19։ ժթ. 21։ Գլ. ժա. 41։ ա Տիմ. զ. 17-19։
*16.10 Մատ. իե. 21։ Գլ. ժթ. 17։
*16.13 Մատ. զ. 24։
*16.14 Մատ. իգ. 14։
*16.15 Գլ. ժ. 29։
*16.15 Սաղ. է. 9։
*16.15 ա Թագ. ժզ. 7։
*16.16 Մատ. դ. 17։ ժա. 12, 13։ Գլ. է. 29։
*16.17 Սաղ. ճբ. 26, 27։ Ես. խ. 8։ ծա. 6։ Մատ. ե. 18։ ա Պետ. ա. 25։
*16.18 Մատ. ե. 32։ ժթ. 9։ Մար. ժ. 11։ ա Կոր. է. 10, 11։
*16.24 Զաք. ժդ. 12։
*16.24 Ես. կզ. 24։ Մար. թ. 43 —լն։
*16.25 Յոբ իա. 13։ Գլ. զ. 24։
*16.29 Ես. ը. 20։ լդ. 16։ Յովհ. ե. 39, 45։ Գոր. ժե. 21։ ժէ. 11։
*16.31 Յովհ. ժբ. 10, 11։