Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսը շաբաթ օրը բանում է ծնունդիցը կոյր մի մարդի աչքերը. Փարիսեցին…
Քրիստոսը շաբաթ օրը բանում է ծնունդիցը կոյր մի մարդի աչքերը. Փարիսեցիները բժշկուած մարդին դուրս են անում իրանց ժողովարանիցը. Յիսուսը ընդունում է նորան, նա էլ հաւատում է։
1Եւ անցկենալիս մի մարդ տեսաւ ծնունդից կոյր։ 2Եւ նորա աշակերտները հարցրին նորան եւ ասեցին. Ռաբբի, * ո՞վ է մեղանչել, սա՞ թէ իրան ծնողքը, որ կոյր է ծնուել։ 3Յիսուսը պատասխանեց. Ոչ դա է մեղանչել, եւ ոչ էլ իրան ծնողքը. * այլ որ Աստուծոյ գործերը յայտնի լինին դորանում։ 4Ինձ պէտք է նորա գործերը գործել, որ ինձ ուղարկեց, * քանի որ օր կայ. Գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչ ով կարող չէ գործել։ 5Քանի որ աշխարհքումն եմ, * լոյս եմ աշխարհքի. 6Այս ասելով * թքեց գետինը, եւ թուքիցը ցեխ շինեց, եւ ցեխը քսեց կոյրի աչքերի վերայ, 7Եւ նորան ասեց. Գնա * լուացուիր Սիլովամի աւազանումը, (որ թարգմանվում է՝ Ուղարկուած.) * եւ նա գնաց լուացուեցաւ, եկաւ եւ տեսնում էր։ 8Բայց դրացիները եւ նորանք որ առաջուց տեսել էին նորան, որ կոյր էր, ասում էին՝ Չէ՞ որ սա է այն նստող մուրացողը. 9Ուրիշներն ասում էին, թէ Նա է. Ուրիշներն էլ, թէ Նորան նման է. Բայց ինքն ասում էր թէ Ես եմ։ 10Եւ նորան ասում էին. Ապա աչքերդ ի՞նչպէս բացուեցան։ 11Նա պատասխանեց եւ ասեց. * Մի մարդ՝ անունը Յիսուս, ցեխ շինեց եւ աչքերիս քսեց, եւ ինձ ասեց. Գնա Սիլովամի աւազանը, եւ լուացուիր. Գնացի եւ լուացուեցայ, եւ տեսնում եմ։ 12Եւ նորան ասեցին. Ո՞ւր է նա. Ասեց. Չ’գիտեմ։
13Փարիսեցիների մօտ տարան նորան, որ մի ժամանակ կոյր էր։ 14Եւ շաբաթ օր էր, երբոր Յիսուսը ցեխը շինեց եւ նորա աչքերը բացաւ։ 15Փարիսեցիները դարձեալ հարցնում էին նորան, թէ ի՛նչպէս տեսաւ. Եւ նա նորանց ասեց. Ցեխ դրաւ իմ աչքերի վերայ, եւ լուացուեցայ, եւ տեսնում եմ։ 16Եւ Փարիսեցիներից ոմանք ասեցին. Այն մարդն Աստուածանից չէ, որ շաբաթը չէ պահում. Ուրիշներն ասում էին, * Ի՞նչպէս կարող է մի մեղաւոր մարդ այսպիսի նշաններ անել. * եւ բաժանմունք կար նորանց մէջ։ 17Դարձեալ ասեցին կոյրին. Դու ի՞նչ ես ասում նորա համար, որ աչքերդ բացաւ. Եւ նա ասեց, * թէ Մարգարէ է։ 18Եւ Հրէաները չէին հաւատում նորա համար, թէ կոյր էր եւ բացուեցաւ. Մինչեւ որ աչքը բացուածի ծնողներին կանչեցին. 19Նորանց հարցրին եւ ասեցին. Սա՞ է ձեր որդին, որի համար ասում էք դուք, թէ Կոյր ծնուեցաւ. Ապա ի՞նչպէս է հիմա տեսնում։ 20Նորա ծնողները պատասխանեցին եւ ասեցին. Գիտենք, որ սա է մեր որդին, եւ թէ կոյր ծնուեցաւ. 21Բայց թէ հիմա ի՞նչպես է տեսնում, չգիտենք, կամ ո՞վ բացաւ նորա աչքերը, մենք չ’գիտենք. Ինքը չափահաս է. Իրան հարցրէք. Թող ինքը խօսի իրան համար։ 22Նորա ծնողներն այս ասեցին, որովհետեւ * Հրէաներիցը վախենում էին. Որովհետեւ Հրէաները արդէն միասին որոշել էին, որ եթէ մէկը Քրիստոս դաւանէ նորան, * ժողովարանիցը դուրս լինի։ 23Նորա համար նորա ծնողներն ասեցին, թէ Ինքը չափահաս է, իրանից հարցրէք։ 24Յետոյ երկրորդ անգամ կանչեցին այն մարդին, որ կոյր էր, եւ նորա ասեցին. * Աստուծուն փառք տուր. * մենք գիտենք, որ այն մարդը մեղաւոր է։ 25Նա էլ պատասխանեց եւ ասեց. Թէ մեղաւոր է, ես չ’գիտեմ. Մի բան գիտեմ, որ կոյր էի եւ հիմա տեսնում եմ։ 26Եւ դարձեալ ասեցին նորան. Ի՞նչ արաւ քեզ. Ի՞նչպէս բացաւ աչքերդ։ 27Նորանց պատասխանեց. Արդէն ձեզ ասեցի եւ չ’լսեցիք. Ի՞նչու էք դարձեալ կամենում լսել. Մի՞թէ դուք էլ էք կամենում նորան աշակերտ լինել։ 28Նորանք նախատեցին նորան եւ ասեցին. Դու ես նորա աշակերտ. Իսկ մենք Մովսէսի աշակերտներն ենք։ 29Մենք գիտենք, որ Աստուած Մովսէսի հետ խօսեց. * բայց սորան չ’գիտենք թէ ո՞րտեղից է։ 30Մարդը պատասխանեց եւ նորանց ասեց. * Հէնց դա է զարմանալին որ դուք չ’գիտէք թէ ո՞ր տեղից է, եւ նա իմ աչքերը բացաւ։ 31Եւ գիտենք, որ * Աստուած մեղաւորներին չէ լսում. Այլ եթէ մէկը աստուածապաշտ է՝ եւ նորա կամքը կատարում է, նորան լսում է։ 32Աշխարհքի սկզբից հետէ չէ լսուած որ մէկը կոյր ծնուածի աչքերը բացած լինի։ 33* Եթէ սա Աստուածանից չէր, ոչինչ չէր կարող անել։ 34Պատասխանեցին եւ նորան ասեցին. * Դու բոլորովին մեղքի մէջ ես ծնուել, եւ դո՞ւ ես մեզ սովորեցնում. Եւ դուրս արին նորան։
35Յիսուսը լսեց, որ նորան դուրս արին. Եւ նորան գտաւ եւ ասեց նորան. Դու հաւատո՞ւմ ես * Աստուծոյ Որդուն։ 36Նա պատասխանեց եւ ասեց. Տէր, ո՞վ է նա՝ որ հաւատամ նորան։ 37Յիսուսն էլ նորան ասեց. Տեսար էլ նորան. * եւ քեզ հետ խօսողն էլ նա ինքն է։ 38Եւ նա ասեց. Հաւատում եմ, Տէր, եւ երկրպագեց նորան։ 39Եւ Յիսուսն ասեց. * Ես դատաստանի համար եկայ այս աշխարհքը, * որ չ’տեսնողները տեսնեն, եւ տեսնողները կուրանան։
40Եւ Փարիսեցիներից ոմանք որ նորա հետ էին, լսեցին այս, եւ * ասեցին նորան. Մի՞թէ մենք էլ կոյր ենք։ 41Յիսուսը նորանց ասեց. * Եթէ կոյր լինէիք, մեղք չէիք ունենալ. Բայց հիմա ասում էք, թէ Տեսնում ենք. Նորա համար ձեր մեղքերը մնում են։
*9.2 Հմր. 34։
*9.3 Գլ. ժա. 4։
*9.4 Գլ. դ. 34։ ե. 19, 36։ ժա. 9։ ժբ. 35։ ժէ. 4։
*9.5 Գլ. ա. 5, 9։ գ. 19։ ը. 12։ ժբ. 35, 46։
*9.6 Մար. է. 33։ ը. 23։
*9.7 Նէեմ. գ. 15։
*9.7 Տես դ Թագ. ե. 14։
*9.11 Հմր. 6, 7։
*9.16 Հմր. 33։ Գլ. գ. 2։
*9.16 Գլ. է. 43։ ժ. 19։
*9.17 Գլ. դ. 19։ զ. 14։
*9.22 Գլ. է. 13։ ժբ. 42։ ժթ. 38։ Գոր. ե. 13։
*9.22 Հմր. 34։ Գլ. ժզ. 2։
*9.24 Յես. է. 15։ ա Թագ. զ. 5։
*9.24 Հմր. 16։
*9.29 Գլ. ը. 14։
*9.30 Գլ. գ. 10։
*9.31 Յոբ իէ. 9։ լե. 12։ Սաղ. ժը. 41։ լդ. 15։ կզ. 18։ Առակ. ա. 28։ ժե. 29։ իը. 9։ Ես. ա. 15։ Երեմ. ժա. 11։ ժդ. 12։ Եզեկ. ը. 18։ Միք. գ. 4։ Զաք. է. 13։
*9.33 Հմր. 16։
*9.34 Հմր. 2։
*9.35 Մատ. ժդ. 33։ ժզ. 16։ Մար. ա. 1։ Գլ. ժ. 36։ ա Յովհ. ե. 13։
*9.37 Գլ. դ. 26։
*9.39 Գլ. ե. 22, 27։ Տես Գլ. գ. 17։ ժբ. 47։
*9.39 Մատ. ժգ. 13։
*9.40 Հռովմ. բ. 19։
*9.41 Գլ. ժե. 22, 24։