Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սարրայի մահը եւ թաղումը։ 1Եւ Սարրայի կեանքը հարիւր քսանեւեօթը տարի…

Սարրայի մահը եւ թաղումը։

1Եւ Սարրայի կեանքը հարիւր քսանեւեօթը տարի էր. Սա է Սարրայի կենացը տարիքը։ 2Եւ Սարրան մեռաւ * Կարիաթարբայումը, որ է * Քեբրոն՝ Քանանի երկրումը. Եւ Աբրահամն եկաւ որ Սարրայի համար սուգ անէ եւ ողբայ։ 3Եւ Աբրահամն իր մեռելի առաջից վեր կացաւ եւ Քետի որդիների հետ խօսեց ասելով, 4* Ես ձեր մէջ օտարական եւ պանդուխտ եմ, ձեր մէջ ինձ * գերեզմանի ստացուածք տուէք, որ իմ երեսի առաջից մեռելս թաղեմ։ 5Եւ Քետի որդիքը պատասխանեցին Աբրահամին, եւ նորան ասեցին. 6Տէր իմ, լսիր մեզ, դու մեր մէջ մի * իշխան Աստուծոյ ես. Մեր գերեզմանների ընտիրումը թաղիր քո մեռելը. Մեզանից մէկը չի խնայիլ իր գերեզմանը քեզանից քո մեռելը թաղելու։ 7Եւ Աբրահամը վեր կացաւ, եւ խոնարհութիւն արաւ այն երկրի ժողովուրդին՝ Քետի որդիներին. 8Եւ նորանց հետ խօսեց ասելով, Եթէ ձեր մտքումը կայ, որ ես իմ երեսի առաջից մեռելս թաղեմ, ինձ լսեցէք, եւ ինձ համար Սահառի որդի Եփրոնի հետ խօսեցէք, 9Որ ինձ տայ * Մաքփելայի այրը, որ նորանն է, եւ նորա արտի ծայրումն է. Լիքը գինով ինձ տայ, որ գերեզմանի ստացուածք ունենամ ձեր մէջ։ 10Եւ Եփրոնը նստել էր Քետի որդկանց մէջ։ Եւ Քետացի Եփրոնը պատասխանեց Աբրահամին Քետի որդկանց ականջի առաջին՝ այն ամենքի առաջին որ * դռնովը մտնում էին, եւ ասեց. 11Ոչ, տէր իմ, ինձ լսիր. Արտը քեզ տուի եւ այրն էլ, որ նորանում է, քեզ տուի այն, իմ ժողովուրդի որդոց աչքի առաջին քեզ տուի այն. Թաղիր քո մեռելը։ 12Եւ Աբրահամն այն երկրի ժողովրդի առաջին խոնարհութիւն արաւ. 13Եւ Եփրոնի հետ խօսեց այն երկրի ժողովրդի ականջի առաջին եւ ասեց. Ո՛հ եթէ դու մէկ ինձ լսէիր. Ես արտի փողը տամ. Առ ինձանից, եւ ես մեռելս այնտեղ թաղեմ։ 14Եւ Եփրոնը պատասխանեց Աբրահամին եւ նորան ասեց. 15Տէր իմ, ինձ լսիր. Տափը չորս հարիւր * սիկղ արծաթ է. Իմ ու քո մէջ դա ի՞նչ է. Ուրեմն թաղիր քո մեռելը։ 16Եւ Աբրահամը լսեց Եփրոնին, եւ Աբրահամը * կշռեց արծաթը Եփրոնին տուաւ, ինչպէս նա Քետի որդկանց առաջին խօսել էր, այսինքն չորս հարիւր սիկղ արծաթ՝ վաճառականների մէջ անցնող։ 17Եւ * հաստատուեցաւ Եփրոնի արտը, որ Մաքփելայումը Մամբրէի դիմացն է, արտը եւ այն այրը, որ նորանում է, եւ շուրջանակի նորա սահմանների մէջ եղած արտի միջի բոլոր ծառերը 18Աբրահամի վերայ իբրեւ ստացուածք Քետի որդկանց աչքի առաջին, այն ամենի առաջին, որ նորա քաղաքի դռնովը մտնում են։ 19Եւ սորանից յետոյ Աբրահամն իր կին Սարրային թաղեց Մամբրէի դիմացի Մաքփելայի արտի այրումը, որ է Քեբրոն՝ Քանանի երկրումը։ 20Եւ հաստատուեցաւ արտը եւ այրը, որ նորանում էր, Աբրահամի վերայ, որ գերեզմանի ստացուածք լինի, * Քետի որդիներից։

*23.2 Յես. ժդ. 15։ Դատ. ա. 10։

*23.2 Գլ. ժգ. 18։ Հմր. 19։

*23.4 Գլ. ժէ. 3։ ա Մն. իթ. 15։ Սաղ. ճե. 12։ Եբր. ժա. 9, 13։

*23.4 Գոր. է. 5։

*23.6 Գլ. ժգ. 2։ ժդ. 14։ իդ. 35։

*23.9 Կրկնութիւն։

*23.10 Գլ. լդ. 20, 24։ Հռութ. դ. 4։

*23.15 Ել. լ. 13։ Եզ. խե. 12։

*23.16 Եր. լբ. 9։

*23.17 Գլ. իե. 9։ խթ. 30-32։ ծ. 13։ Գոր. է. 16։

*23.20 Տես Հռութ. դ. 7-10։ Եր. լբ. 10, 11։