Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսը օծվում է մի կնոջից։ Զատիկն ուտելուց յետոյ սահմանում է հաղորդ…
Քրիստոսը օծվում է մի կնոջից։ Զատիկն ուտելուց յետոյ սահմանում է հաղորդութիւնը։ Կանխաւ ասում է իր աշակերտների ցրուիլը։ Յուդայի մատնելովը Քրիստոսը բռնվում է պարտէզումը և տարվում ատեանը. Պետրոսը ուրանում է նորան։
1Եւ * երկու օրից յետոյ զատիկն էր եւ բաղարջակերք, եւ քահանայապետները եւ դպիրները որոնում էին թէ ի՞նչպէս նորան նենգութեամբ բռնեն սպանեն։ 2Բայց ասում էին՝ Ոչ թէ տօնումը, մի գուցէ ժողովրդի մէջ խռովութիւն լինի։
3* Եւ երբոր Բեթանիա էր, Սիմօն բորոտի տան սեղան նստած, մի կին եկաւ՝ որ մի շիշ ազնիւ թանկագին նարդոսի իւղ ունէր, եւ շիշը կոտրեց՝ նորա գլխի վերայ թափեց։ 4Բայց կային ոմանք որ իրանց մէջ դժուարացան, ասելով. Ի՞նչու համար եղաւ իւղի այդ կորուստը։ 5Որովհետեւ կարելի էր դորան երեք հարիւր դահեկանից աւելի թանկ ծախել, եւ աղքատներին տալ. Եւ շատ յանդիմանում էին այն կնկանը։ 6Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուէք դորան. Ի՞նչու էք նեղութիւն տալիս դորան. Դա մի բարի բան գործեց ինձ վերայ։ 7* Որովհետեւ ամեն ժամանակ աղքատներին ձեզ հետ ունիք, եւ երբոր կամենաք՝ կարող էք նորանց բարի անել. Բայց ինձ ամեն ժամանակ ձեզ հետ չ’ունիք։ 8Դա ինչ որ ունէր, արաւ. Առաջուց իմ մարմինն օծեց՝ թաղման համար։ 9Ճշմարիտ ասում եմ ձեզ, ուր որ այս աւետարանը քարոզուի, բոլոր աշխարհքի մէջ դորա յիշատակի համար նա էլ կ’խօսուի՝ որ դա արաւ։
10* Եւ Յուդա Իսկարիովտացին՝ այն տասնեւերկուսից մէկը՝ քահանայապետների մօտ գնաց, որ նորան մատնէ նորանց։ 11Նորանք էլ երբոր լսեցին՝ ուրախացան եւ խոստացան նորան արծաթ տալ. Եւ որոնում էր թէ ի՞նչպէս յարմար ժամանակով մատնէ նորան։
12* Եւ բաղարջակերաց առաջին օրը, երբոր զատկի գառը մորթում էին, նորա աշակերտները նորան ասեցին. Ի՞նչտեղ ես կամենում, որ գնանք պատրաստենք, որ զատիկն ուտես։ 13Եւ իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ ասեց նորանց. Գնացէք քաղաքը, եւ մի մարդ կ’պատահի ձեզ՝ ջրի կուժ տանող, նորա ետեւից գնացէք։ 14Եւ ուր որ մտնէ, այն տան տիրոջն ասեցէք, թէ Վարդապետն ասում է՝ Ո՞ւր է այն իջեւանը, ուր զատիկն ուտեմ աշակերտներիս հետ։ 15Եւ նա մի մեծ վերնատուն ցոյց կ’տայ ձեզ՝ սարքուած պատրաստ. Այնտեղ պատրաստեցէք մեզ համար։ 16Եւ նորա աշակերտները ելան ու եկան քաղաքը, եւ գտան ինչպէս նորանց ասեց. Եւ զատիկը պատրաստեցին։
17* Եւ երբոր իրիկուն եղաւ, եկաւ տասնեւերկուսին հետ. 18Եւ երբոր սեղան նստեցին եւ ուտում էին, Յիսուսը ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզանից մէկը կ’մատնէ ինձ. Նա որ ինձ հետ ուտում է։ 19Նորանք էլ սկսեցին տրտմել եւ մէկը մէկից յետոյ նորան ասել, Մի՞թէ ես. Եւ միւսը՝ Մի՞թէ ես։ 20Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Տասնեւերկուսիցդ մէկը՝ նա որ ձեռքը ինձ հետ սկաւառակի մէջ կոխեց։ 21Բայց * մարդի Որդին կ’գնայ՝ ինչպէս նորա համար գրուած է. Սակայն վայ այն մարդին, որի ձեռովն մարդի Որդին կ’մատնուի. Լաւ էր նորան, եթէ այն մարդը ծնուած չ’լինէր։
22* Եւ նորանք ուտելիս, Յիսուսը հաց առաւ՝ օրհնեց՝ կտրեց եւ տուաւ նորանց եւ ասեց. * Առէք կերէք՝՝. Այս է իմ մարմինը։ 23Եւ բաժակն առաւ՝ գոհացաւ, տուաւ նորանց, եւ ամենքը խմեցին նորանից, 24Եւ ասեց նորանց. Այս է իմ արիւնը նոր ուխտի, որ շատերի համար թափվում է։ 25Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ այլ եւս որթի բերքիցը չեմ խմիլ մինչեւ այն օրը, երբոր նորան նոր խմեմ Աստուծոյ արքայութեան մէջ։
26* Եւ օրհներգելուց յետոյ դուրս ելան Ձիթենեաց սարը։ 27* Եւ Յիսուսը նորանց ասեց թէ Ամենքդ այս գիշեր կ’գայթակղիք ինձանից. Որովհետեւ գրուած է՝ թէ * Հովիւը կ’զարկեմ՝ եւ ոչխարները կ’ցրուին։ 28Բայց * իմ յարութիւն առնելուց յետոյ ձեզանից առաջ կ’գնամ Գալիլեա։ 29* Պետրոսն էլ ասեց նորան. Թէեւ ամենքն էլ գայթակղին, բայց ես ոչ։ 30Յիսուսն էլ նորան ասեց. Ճշմարիտ ասում եմ քեզ, թէ այսօր, հէնց այս գիշեր հաւը երկու անգամ չ’խօսած, երեք անգամ կ’ուրանաս ինձ։ 31Բայց նա առաւել եւս ասում էր. Թէ որ քեզ հետ մեռնել էլ պէտք լինի ինձ, ես քեզ չեմ ուրանալ. Այնպէս էլ ամենքն էին ասում։
32* Եւ եկան մի տեղ՝ որի անունը Գեթսեմանի էր. Եւ նա իր աշակերտներին ասեց. Այստեղ նստեցէք, մինչեւ ես աղօթք անեմ։ 33Եւ Պետրոսին եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին իր հետ առաւ, եւ սկսեց զարհուրել եւ տխրել։ 34Եւ ասեց նորանց. * Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է. Այստեղ մնացէք եւ արթուն կացէք։ 35Եւ մի քիչ առաջ գնաց, գետնի վերայ ընկաւ, եւ աղօթք էր անում, որ եթէ կարելի է, այն ժամն իրանից անցնէ։ 36Եւ ասում էր. * Աբբա, Հայր, * ամեն բան կարելի է քեզ, այս բաժակն ինձանից անցրու. * բայց ոչ թէ ինչ որ ես եմ կամենում, այլ ինչ որ դու։ 37Եւ գալիս է գտնում նորանց քնած եւ ասում Պետրոսին. Սիմօն, քնո՞ւմ ես, չկարացի՞ր մէկ ժամ արթուն կենալ։ 38Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. Հոգին * յօժար է, բայց մարմինը տկար։ 39Եւ դարձեալ գնաց աղօթք արաւ, նոյն խօսքերն ասելով։ 40Եւ ետ դառաւ՝ նորանց դարձեալ քնած գտաւ, որովհետեւ նորանց աչքերը ծանրացել էին, եւ չ’գիտէին թէ ինչ պատասխանեն նորան։ 41Եւ երրորդ անգամն է գալիս եւ ասում նորանց. Այսուհետեւ քնեցէք եւ հանգիստ առէք. Բաւական է. * ժամն եկաւ. Ահա մարդի Որդին մատնվում է մեղաւորների ձեռը։ 42* Վեր կացէք գնանք, ահա մօտեցաւ ինձ մատնողը։
43* Եւ շուտով՝ դեռ նա խօսելիս՝ եկաւ Յուդան՝ այն տասնեւերկուսից մէկը. Եւ նորա հետ շատ ամբոխ սրերով եւ բիրերով՝ քահանայապետներիցը եւ դպիրներիցը եւ ծերերիցը։ 44Նորան մատնողն էլ նորանց նշան էր տուել՝ եւ ասել, Որին որ ես համբուրեմ, նա է, նորան բռնեցէք եւ զգուշութեամբ տարէք։ 45Եւ եկաւ՝ շուտով մօտեցաւ նորան եւ ասեց. Ռա՛բբի, Ռաբբի, եւ համբուրեց նորան։ 46Եւ նորանք իրանց ձեռքը գցեցին նորա վերայ եւ բռնեցին նորան։ 47Եւ նորա մօտ կանգնածներից մէկը սուրը քաշեց՝ քահանայապետի ծառային զարկեց, եւ ականջը կտրեց։ 48Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. * Ինչպէս մի աւազակի՞ վերայ սրերով եւ բիրերով դուրս եկաք ինձ բռնելու։ 49Ամեն օր ձեզ մօտ էի տաճարումն սովորեցնելով. Եւ ինձ չ’բռնեցիք. Բայց որպէս զի * գրքերը կատարուին։ 50* Եւ ամենքը նորան թողեցին փախան։ 51Եւ մէկ երիտասարդ նորա ետեւից գնում էր, որ կտաւ էր գցել մերկ մարմնի վերայ, եւ երիտասարդները բռնում էին նորան։ 52Իսկ նա կտաւը թողեց՝ եւ մերկ փախաւ նորանցից։
53* Եւ Յիսուսին տարան քահանայապետի մօտ, եւ բոլոր քահանայապետները եւ դպիրները եւ ծերերը նորա մօտ էին գալիս։ 54Եւ Պետրոսն էլ հեռուանց գնաց նորա ետեւից մինչեւ քահանայապետի սրահի ներսը, եւ սպասավորների հետ նստել էր եւ կրակի մօտ տաքանում էր։ 55* Բայց քահանայապետները եւ բոլոր ատեանը Յիսուսի դէմ վկայութիւն էին որոնում որ նորան սպանեն. Սակայն չէին գտնում։ 56Որովհետեւ շատերը սուտ վկայութիւն էին տալիս նորա դէմ, բայց վկայութիւններն իրար յարմար չէին։ 57Եւ ոմանք վերկացան եւ նորա դէմ սուտ վկայում էին եւ ասում՝ թէ 58Մենք լսեցինք դորանից, որ ասում էր՝ թէ * Ես այդ ձեռագործ տաճարը կ’քանդեմ, եւ երեք օրում ուրիշը կ’շինեմ անձեռագործ։ 59Սակայն այնպէս էլ նորանց վկայութիւնն իրար յարմար չէր։ 60Եւ * քահանայապետը վերկացած մէջտեղը՝ Յիսուսին հարցրեց եւ ասեց. Ոչինչ չե՞ս պատասխանում. Ի՞նչ են վկայում դորանք քեզ դէմ։ 61Իսկ * նա լուռ էր կենում՝ եւ ոչինչ պատասխան չէր տալիս. * քահանայապետը դարձեալ նորան հարցնում էր եւ ասում. Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնեալի Որդին։ 62Յիսուսն էլ պատասխանեց, * Ես եմ. * եւ դուք կ’տեսնէք մարդի Որդին զօրութեան աջ կողմը նստած, եւ երկնքի ամպերովն եկած։ 63Եւ քահանայապետն իր հանդերձները պատառելով ասեց. Էլ ի՞նչ պէտք է մեզ վկաներ։ 64Լսեցիք հայհոյանքը. Ի՞նչպէս է երեւում ձեզ. Նորանք էլ ամենքը դատապարտեցին նորան, թէ Մահապարտ է։
65Եւ ոմանք սկսեցին նորա վերայ թքել, եւ երեսը ծածկել, եւ բռունցքով ծեծել նորան եւ նորան ասել, Մարգարէացիր. Եւ սպասաւորները նորան ապտակներով ծեծում էին։
66Եւ երբոր * Պետրոսը վարը սրահումն էր, քահանայապետի աղախիններից մէկը գալիս է, 67Եւ տեսնում է Պետրոսին որ տաքանում է, մտիկ է տալիս նորան՝ եւ ասում. Դու էլ էիր Յիսուս Նազովրեցու հետ։ 68Բայց նա ուրացաւ եւ ասեց. Չ’գիտեմ եւ չեմ էլ հասկանում, թէ դու ինչ ես ասում. Եւ դուրս գնաց նախասրահը եւ հաւը խօսեց։ 69Եւ * աղախինը նորան տեսաւ, դարձեալ սկսեց ասել այնտեղ կանգնածներին թէ Սա նորանցից է։ 70Բայց նա դարձեալ ուրացաւ. * եւ մի քիչ յետոյ այնտեղ կանգնածները դարձեալ ասեցին Պետրոսին. Ճշմարի՜տ՝ դու էլ նորանցից ես, * որովհետեւ Գալիլեացի ես եւ քո խօսուածքն էլ նման է։ 71Բայց նա սկսեց անիծել եւ երդում անել թէ Ես չ’գիտեմ այն մարդին, որ դուք ասում էք։ 72Եւ * հաւը երկրորդ անգամ խօսեց։ Եւ Պետրոսը յիշեց այն խօսքը, որ Յիսուսը նորան ասեց թէ Հաւը դեռ երկու անգամ չ’խօսած՝ դու երեք անգամ կ’ուրանաս ինձ. Եւ սկսեց լալ։
*14.1 Մատ. իզ. 2։ Ղուկ. իբ. 1։ Յովհ. ժա. 55։ ժգ. 1։
*14.3 Մատ. իզ. 6։ Յովհ. ժբ. 1, 3։ ՏեսՂուկ. է. 37։
*14.7 բ Օր. ժե. 11։
*14.10 Մատ. իզ. 14։ Ղուկ. իբ. 3, 4։
*14.12 Մատ. իզ. 17։ Ղուկ. իբ. 7։
*14.17 Մատ. իզ. 20-24։
*14.21 Մատ. իզ. 24։ Ղուկ. իբ. 22։
*14.22 Մատ. իզ. 26։ Ղուկ. իբ. 19։ ա Կոր. ժա. 23։
*14.22 Ոմանք՝ Առէք.
*14.26 Մատ. իզ. 30։
*14.27 Մատ. իզ. 31։
*14.27 Զաք. ժգ. 7։
*14.28 Գլ. ժզ. 7։
*14.29 Մատ. իզ. 33, 34։ Ղուկ. իբ. 33, 34։ Յովհ. ժգ. 37, 38։
*14.32 Մատ. իզ. 36։ Ղուկ. իբ. 39։ Յովհ. ժը. 1։
*14.34 Յովհ. ժբ. 27։
*14.36 Հռովմ. ը. 15։ Գաղ. դ. 6։
*14.36 Եբր. ե. 7։
*14.36 Յովհ. ե. 30։ զ. 38։
*14.38 Հռովմ. է. 22, 23։ Գաղ. ե. 17։
*14.41 Յովհ. ժգ. 1։
*14.42 Մատ. իզ. 46։ Յովհ. ժը. 1, 2։
*14.43 Մատ. իզ. 47։ Ղուկ. իբ. 47։ Յովհ. ժը. 3։
*14.48 Մատ. իզ. 55։ Ղուկ. իբ. 52։
*14.49 Սաղ. իբ. 6։ Ես. ծգ. 7 ևլն։ Ղուկ. իբ. 37։ իդ. 44։
*14.50 Սաղ. ձը. 8։ Հմր. 27։
*14.53 Մատ. իզ. 57։ Ղուկ. իբ. 54։ Յովհ. ժը. 13։
*14.55 Մատ. իզ. 59։
*14.58 Գլ. ժե. 29։ Յովհ. բ. 19։
*14.60 Մատ. իզ. 62։
*14.61 Ես. ծգ. 7։
*14.61 Մատ. իզ. 63։
*14.62 Տես Մատ. իզ. 64։
*14.62 Մատ. իդ. 30։ իզ. 64։ Ղուկ. իբ. 69։
*14.66 Մատ. իզ. 58, 59։ Ղուկ. իբ. 55։ Յովհ. ժը. 16։
*14.69 Մատ. իզ. 71։ Ղուկ. իբ. 58։ Յովհ. ժը. 25։
*14.70 Մատ. իզ. 73։ Ղուկ. իբ. 59։ Յովհ. ժը. 26։
*14.70 Գոր. բ. 7։
*14.72 Մատ. իզ. 75։