Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յովհաննէս Մկրտչի սպանուիլը։ Քրիստոսի հրաշքները։ 1Այն ժամանակը&nbsp…

Յովհաննէս Մկրտչի սպանուիլը։ Քրիստոսի հրաշքները։

1Այն ժամանակը * Հերովդէս չորրորդապետը Յիսուսի համբաւը լսեց. 2Եւ ասեց իր ծառաներին. Նա Յովհաննէս Մկրտիչն է. Նա մեռելների միջից յարութիւն է առել, եւ նորա համար զօրութիւններ են գործվում նորանով։

3Որովհետեւ * Հերովդէսը բռնեց Յովհաննէսին, կապեց նորան եւ բանտի մէջ դրաւ՝ իր եղբայր՝ Փիլիպպոսի կնոջ Հերովդիայի համար։ 4Որովհետեւ Յովհաննէսը նորան ասում էր, * թէ Արժան չէ քեզ, որ դու դորան ունենաս։ 5Եւ ուզում էր նորան սպանել, * բայց ժողովրդիցը վախենում էր, որովհետեւ նորան ընդունում էին ինչպէս մարգարէ։ 6Եւ երբոր Հերովդէսի ծննդեան օրն եղաւ, Հերովդիայի աղջիկը հանդէսի մէջ պարեց՝ եւ հաճոյ թուեցաւ Հերովդէսին։ 7Ապա նա էլ երդումով խոստացաւ նորան տալ ինչ որ ուզէ։ 8Նա էլ առաջ իր մօրից խրատ առնելով՝ ասեց. Տուր այստեղ սկուտեղի վերայ Յովհաննէս Մկրտչի գլուխը։ 9Եւ թագաւորը տրտմեցաւ, բայց իր երդումների եւ իր հետ նստողների համար հրամայեց որ տրուի։ 10Եւ ուղարկեց բանտումը գլխատեց Յովհաննէսին։ 11Եւ նորա գլուխը բերին սկուտեղի վերայ եւ տուին աղջկանը. Եւ նա տարաւ իր մօրը։ 12Եւ նորա աշակերտներն եկան՝ մարմինը վեր առան եւ թաղեցին նորան. Եւ եկան պատմեցին Յիսուսին։

13Եւ * Յիսուսը լսելով այնտեղից նաւով գնաց առանձին մի անապատ տեղ։ Եւ ժողովուրդներն երբոր լսեցին, այն քաղաքներից ոտով գնացին նորա ետեւից։

14Եւ երբոր Յիսուսը դուրս եկաւ, շատ ժողովուրդ տեսաւ եւ գթաց նորանց վերայ եւ * բժշկեց նորանց հիւանդներին։ 15Եւ * երբոր իրիկուն եղավ, աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Տեղս անապատ է, եւ ժամանակն արդէն անցել է. Ժողովուրդներն արձակիր որ գնան գիւղերն իրանց համար կերակուր առնեն։ 16Յիսուսն էլ ասեց նորանց. Պէտք չէ որ գնան, դուք տուէք նորանց ուտել։ 17Նորանք էլ ասեցին նորան. Մենք այստեղ բան չ’ունինք, բայց միայն հինգ հաց եւ երկու ձուկ։ 18Նա էլ ասեց. Նորանք այստեղ բերէք ինձ մօտ։ 19Եւ հրամայեց որ ժողովուրդները խոտերի վերայ նստեն. Եւ հինգ հացը եւ երկու ձուկն առաւ՝ դէպի երկինքը նայեց՝ * օրհնեց, եւ կտրեց, հացերը տուաւ աշակերտներին, եւ աշակերտները ժողովուրդներին։ 20Եւ ամենքը կերան եւ կշտացան, եւ կտորների աւելացածը տասներկու քթոց լիքը վեր առան։ 21Եւ ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին բացի կանանցից եւ երեխաներից։

22Եւ Յիսուսը շուտով իր աշակերտներին ստիպեց, որ նաւը մտնեն եւ իրանից առաջ անցնեն այն կողմը, մինչեւ որ ինքն այն ժողովուրդներին արձակէ։ 23Եւ * երբոր ժողովուրդներին արձակեց, վեր ելաւ սարը, առանձին աղօթք անելու. Եւ * երբոր իրիկուն եղաւ, միայն ինքն էր այնտեղ։ 24Բայց նաւն արդէն ծովի մէջ տեղն էր եւ ալէկոծվում էր, որովհետեւ քամին ներհակ էր։ 25Եւ գիշերի չորրորդ պահին Յիսուսը * ծովի վերայ գնալով նորանց մօտ եկաւ։ 26Եւ աշակերտներն երբոր տեսան նորան ծովի վերայ գնալիս, շփոթուեցան եւ ասեցին, թէ աչքի երեւոյթ բան է, եւ վախից աղաղակեցին։ 27Եւ Յիսուսը շուտով խօսեց նորանց հետ եւ ասեց. Քաջ եղէք, ես եմ՝ մի վախենաք։ 28Եւ Պետրոսը պատասխան տուաւ նորան եւ ասեց, Տէ՛ր, եթէ դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վերայով քեզ մօտ գամ։ 29Նա էլ ասեց, Եկ։ Եւ Պետրոսը նաւիցը իջնելով ջրերի վերայովը գնաց, որ գայ Յիսուսի մօտ։ 30Եւ տեսնելով որ քամին սաստիկ է, վախեցաւ, եւ երբոր սկսեց ընկղմուիլ, աղաղակեց եւ ասեց, Տէ՛ր, փրկիր ինձ։ 31Եւ շուտով Յիսուսը իր ձեռքը մեկնեց՝ նորան բռնեց եւ ասեց նորան. Թերահաւատ, ի՞նչու երկմտեցիր։ 32Եւ երբոր նաւը մտան, քամին հանդարտեց։ 33Եւ նաւի մէջ լինողները մօտ գալով նորան երկրպագեցին եւ ասեցին. Ճշմարիտ՝ * դու Աստուծոյ Որդին ես։

34* Եւ միւս կողմն անցնելով եկան Գեննեսարէթի երկիրը։ 35Եւ այնտեղի մարդիկը նորան ճանաչելով, ուղարկեցին բոլոր շրջակայքը եւ ամեն հիւանդները նորա մօտ բերին։ 36Եւ նորան աղաչում էին՝ որ միայն նորա հանդերձի ծայրին դիպչեն. Եւ * նորանք որ դիպան, * փրկուեցան։

*14.1 Մար. զ. 14-29։ Ղուկ. թ. 7-9։

*14.3 Գլ. ժա. 2։ Ղուկ. գ. 19, 20։

*14.4 Ղև. ժը. 16։ ի. 21։

*14.5 Գլ. իա. 26։ Ղուկ. ի. 6։

*14.13 Գլ. ժ. 23։ Մար. զ. 32-44։ Ղուկ. թ. 10-17։ Յովհ. զ. 1-13։

*14.14 Ղուկ. թ. 11։

*14.15 Մար. զ. 35։

*14.19 Գլ. ժե. 36։ իզ. 26։ Մար. զ. 41։ ը. 7։ ժդ. 22։ Ղուկ. թ. 16։ իդ. 30։

*14.23 Մար. զ. 46։

*14.23 Յովհ. զ. 16։

*14.25 Յոբ թ. 8։

*14.33 Սաղ. բ. 7։ Գլ. դ. 3, 6։ ը. 29։ Մար. ա. 1։ Ղուկ. ա. 35։ Յովհ. ա. 34։ Գոր. ը. 37։ Հռովմ. ա. 4։ ա Յովհ. դ. 15։ ե. 5։

*14.34 Մար. զ. 53։

*14.36 Գլ. թ. 20։ Մար. գ. 10։ Ղուկ. զ. 19։ Գոր. ժթ. 12։

*14.36 Այսինքն՝ բժշկուեցան։