Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եսթերը բարձրանում է թագուհութեան։ Մուրթքէ մի դաւաճանութիւն է յայտնում…

Եսթերը բարձրանում է թագուհութեան։ Մուրթքէ մի դաւաճանութիւն է յայտնում։

1Այս բաներից յետոյ, երբոր Ասուերոս թագաւորի բարկութիւնը նստել էր, յիշեց Վաշթիին եւ նորա արածը եւ նորա դէմ եղած վճիռը։ 2Եւ թագաւորին սպասաւորող ծառաներն ասեցին. Թագաւորի համար գեղեցկադէմ կոյս աղջիկներ թող որոնեն. 3Եւ թագաւորը թող իր թագաւորութեան բոլոր գաւառներումը վերակացուներ դնէ, որ ամեն գեղեցկադէմ կոյս աղջիկ բերեն Շուշան մայրաքաղաքը կանանց պալատը կանանց պահապան թագաւորի ներքինի Հեգէի ձեռքի տակ ժողովեն, եւ տան նորանց մաքրութիւնների պիտոյքները։ 4Եւ այն աղջիկը, որ թագաւորի աչքին հաճելի լինի, թագուհի դառնայ Վաշթիի տեղը։ Եւ այս բանը հաճելի երեւեցաւ թագաւորին, եւ նա այնպէս արաւ։

5Մէկ Հրէայ մարդ կար Շուշան մայրաքաղաքում, եւ նորա անունն էր Մուրթքէ՝ որդի Յայիրի, որդի Սեմէիի, որդի Բենիամինեան Կիսի. 6* Որ գերի էր տարուած Երուսաղէմից այն գերիների հետ, որ Յուդայի * Յեքոնիա թագաւորի հետ գերի տարուեցան, որոնց գերի տարաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը։ 7Եւ նա սնուցանում էր իր հօրեղբօր աղջիկ Ադասսային այսինքն Եսթերին. Որովհետեւ սա հայր եւ մայր չþունէր. Եւ այդ աղջիկը գեղեցիկ էր կերպարանքով եւ գեղեցիկ դէմքով. Եւ երբոր նորա հայրն ու մայրը մեռան՝ Մուրթքէն նորան աղջիկ էր առել իր համար։

8Եւ երբոր թագաւորի հրամանը եւ հրովարտակը լսուեցաւ, եւ շատ աղջիկներ էին ժողովվում Շուշան մայրաքաղաքը Հեգէիի ձեռքի տակ, Եսթերն էլ տարուեցաւ թագաւորի պալատը կանանց պահապան Հեգէիի ձեռքի տակ։ 9Եւ աղջիկը հաճելի եղաւ նորա աչքին եւ շնորհք գտաւ նորա առաջին, եւ նա շուտով տուաւ նորան մաքրութիւնների պիտոյքը եւ նորա ռոճիկը եւ այն եօթն աղախիններին, որ նշանակուած էին նորան տրուելու թագաւորական պալատից. Եւ փոխադրեց նորան եւ նորա աղախիններին կանանց պալատի լաւագոյն տեղը։ 10Եսթերը չþյայտնեց իր ազգը եւ իր ծնունդը. Որովհետեւ Մուրթքէն նորան պատուիրել էր թէ չþյայտնէ։ 11Եւ ամեն օր Մուրթքէն ման էր գալիս կանանց պալատի գաւիթի առաջին, որ իմանար Եսթերի առողջութիւնը, եւ թէ նորան ինչ է լինելու։

12Եւ երբոր իւրաքանչիւր աղջկան կարգը գալիս էր Ասուերոս թագաւորի մօտ գնալու համար կանանց սովորութեան պէս տասնեւերկու ամիսը լրանալուց յետոյ, (որովհետեւ այսպէս էին լրանում նորանց մաքրութիւնները՝ վեց ամիս զմռսի իւղով, եւ վեց ամիս անուշահոտ խունկերով եւ կանանց մաքրութիւնների պիտոյքներովը,) 13Այն ժամանակ աղջիկը գնում էր թագաւորի մօտ. Ամեն ինչ որ նա պահանջէր, տրվում էր նորան որ նորա հետ գնար կանանց պալատիցը թագաւորի պալատը։ 14Իրիկունը գնում էր եւ առաւօտը ետ էր դառնում կանանց միւս տունը թագաւորի ներքինի՝ և հարճերի պահապան Սաասգազի ձեռքի տակ. Նա միւսանգամ թաագւորի մօտ չէր գալ, բայց միայն եթէ թագաւորը նորան հաւանէր եւ նորան անունով կանչէր։

15Եւ երբոր կարգն եկաւ Մուրթքէի հօրեղբայր Աբիքէլի աղջիկ Եսթերին, որին Մուրթքէն իրան աղջիկ էր վեր առել, որ գնար թագաւորի մօտ, ոչինչ չþպահանջեց բացի նորանից որ ասեց թագաւորի ներքինի կանանց պահապանը՝ հեգէին. Եւ Եսթերը շնորհք գտաւ բոլոր իրան տեսնողների առաջին։ 16Եւ Եսթերն տարուեցաւ Ասուերոս թագաւորի մօտ նորա թագաւորութեան տունը տասներորդ ամսի այսինքն Թէբէթ ամսումը՝ նորա թագաւորութեան եօթներորդ տարիումը։ 17Եւ թագաւորը Եսթերին՝ բոլոր կնիկներից աւելի սիրեց, եւ նա բոլոր աղջիկներից աւելի սէր եւ շնորհք գտաւ նորա առաջին, եւ թագաւորական թագը դրաւ նորա գլխին, եւ նորան թագուհի շինեց Վաշթիի տեղ։ 18Եւ թագաւորը մեծ խնջոյք արաւ իր բոլոր իշխաններին եւ ծառաներին այսինքն Եսթերի խնջոյքը, եւ հանգստութիւն շնորհեց գաւառներին եւ թագաւորի վայելուչ պարգեւներ տուաւ։

19Եւ երբոր երկրորդ անգամ աղջիկներ ժողովեցին, այն ժամանակ Մուրթքէն նստում էր թագաւորի դռան։ 20Եսթերը չէր յայտնել իր ծնունդը եւ իր ազգը ինչպէս որ Մուրթքէն նորան պատուիրել էր. Եւ Եսթերն անում էր Մուրթքէի հրամանը այնպէս ինչպէս նորա մօտ սնանելու ժամանակին։

21Այն օրերը երբոր Մուրթքէն թագաւորի դռանը կենում էր, չարացան Բիգթան եւ Թարէս՝ թագաւորի երկու ներքինիները, որ դռան պահապաններիցն էին, որ ձեռք երկարացնեն Ասուերոս թագաւորի դէմ։ 22Եւ այս բանը յայտնի եղաւ Մուրթքէին, եւ նա իմացրեց Եսթեր թագուհիին. Եւ Եսթերն ասեց թագաւորին Մուրթքէի անունովը։ 23Եւ այս բանը քննուեցաւ ու ստուգուեցաւ. Եւ նորանք երկուսը կախուեցան փայտից. Եւ սա գրուեցաւ ժամանակագրութեան գրքումը թագաւորի առաջին։

*2.6 դ Թագ. իդ. 14, 15։ բ Մն. լզ. 10, 20։ Երեմ. իդ. 1։

*2.6 դ Թագ. իդ. 6 «Յովաքին։» Տես ա Մն. գ. 16։