Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եփրեմի և Յուդայի դատաստանները։ Անկիւնի պատուական քարը։ 1Վա՜յ …

Եփրեմի և Յուդայի դատաստանները։ Անկիւնի պատուական քարը։

1Վա՜յ * Եփրեմի արբեցողների հպարտութեան պսակին, եւ նորա * փառաց զարդի թառամեալ ծաղկին, որ գինեհարների պարարտ հովտի գլխին է։ 2Ահա Տէրն ունի քաջ եւ զօրաւոր մէկին, * կարկտի փոթորկի նման՝ մի ապականիչ մրրիկ. Նա յորդող առատ ջրերի հեղեղի պէս թափելու է երկրի վերայ հզօր ձեռքով։ 3Ոտքով կոխ են տալու * Եփրեմի արբեցողների հպարտութեան պսակը։ 4Եւ մի թառամեալ ծաղիկ պիտի դառնայ նորա * փառաց պսակը, որ պարարտ հովտի գլխին է. Ինչպէս հունձքից առաջ վաղահաս թուզը, որ նորան տեսնողը՝ հազիւ թէ ձեռքն է առել՝ կուլ է տալիս։ 5Այն օրը Զօրաց Տէրն է լինելու զարդի պսակ, եւ շքեղ թագ՝ իր ժողովրդի մնացորդի համար. 6Եւ իրաւունքի հոգի՝ իրաւունքի համար նստողին, եւ ոյժ՝ պատերազմը դէպի դուռը ետ դարձնողներին։ 7Բայց սորանք էլ են * գինիով մոլորուած, եւ խոտորում են ցքիով. * քահանան եւ մարգարէն մոլորուած են ցքիով, կուլ են գնացել գինիի մէջ, ցքիով խոտորել են. Մոլորվում են տեսիլքի մէջ, դանդաչում են դատաստանումը։ 8Որովհետեւ բոլոր սեղանները լիքն են պիղծ փսխուածքով, այլ եւս տեղ չէ մնացել։

9* Ու՞մ է նա գիտութիւն սովորեցնում, եւ ո՞ւմ՝ քարոզ հասկացնում. Կաթից կտրուածների՞, ստինքից քաշուածների՞։ 10Որ հրաման հրամանի վերայ՝ հրամն հրամանի վերայ, խրատ խրատի վերայ՝ խրատ խրատի վերայ. Մի քիչ այստեղ, մի քիչ այն տեղ։ 11Իրաւ * թոթովախօս շրթունքով եւ օտար լեզուով պիտի խօսէ նա այս ժողովրդի հետ։ 12Նա որ նորանց ասեց՝ Սա է ձեր յոգնածին հանգստացնելու հանգստութիւնը, եւ սա է մխիթարութիւնը. Բայց նորանք չ՛ուզեցին լսել։ 13Եւ Տիրոջ խօսքն էլ լինելու է նորանց համար հրաման հրամանի վերայ՝ հրաման հրամանի վերայ. Խրատ խրատի վերայ՝ խրատ խրատի վերայ, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ, որպէս զի գնան եւ ետեւի վերայ ընկնեն ու ջարդուին, եւ որոգայթի մէջ ընկնեն եւ բռնուին։

14Սորա համար լսեցէք Տիրոջ խօսքը, ով ծաղրող մարդիկ, այս ժողովրդի իշխաններ, որ Երուսաղէմումն է. 15Որովհետեւ ասում էք՝ Մենք ուխտ ենք դրել մահի հետ, եւ դժոխքի հետ՝ դաշինք ենք կապել, որ յորդահոս հեղեղը, եթէ անցնելու լինի, մեզ չի հասնիլ. Որովհետեւ մենք * ստութիւնը մեր պատսպարանը շինեցինք, եւ խաբէութեան մէջ ենք ծածկուած։ 16Վասն որոյ այսպէս է ասում Եհովայ Տէրը. Ահա ես եմ որ Սիօնումը դրել եմ * վէմը, ընտիր վէմ, պատուական անկիւն, հաստատահիմն հիմունք. Ով որ նորան հաւատայ, չի փախչիլ։ 17Եւ ես իրաւունքը՝ չափին հաւասար, եւ արդարութիւնը՝ կշռքին հաւասար պիտի անեմ, եւ կարկուտը պիտի * ստութեան պատսպարանը խորտակէ, եւ թաքուստը ջուրերը պիտի ողողեն։ 18Եւ ձեր ուխտը մահի հետ պիտի ջնջուի, եւ դժոխքի հետ արած դաշինքը պիտի չþհաստատուի, որ երբոր յորդահոս հեղեղն անցնելու լինի, դուք նորանից ոտնահար պիտի լինիք։ 19Քանի անգամ որ անցնէ, ձեզ պիտի տանէ, որովհետեւ ամեն առաւօտ անց է կենալու՝ ցերեկը եւ գիշերը. Եւ մի միայն սոսկում է լինելու լուրը առնելը։ 20Որովհետեւ անկողինը կարճ է երկար ձգուելու համար, եւ ծածկոցը նեղ է նորանով ծածկուելու համար։ 21Որովհետեւ ինչպէս * Փարասին սարի վերայ՝ վեր է կենալու Տէրը, եւ բարկանալու է, ինչպէս էր * Գաբաւոնի ձորումը, որ գործէ իր գործը՝ * իր օտարոտի գործը. Եւ կատարէ իր պաշտօնը՝ իր տարօրինակ պաշտօնը։ 22Եւ հիմա ծաղր անողներ մի լինիք, որ ձեր կապերը աւելի չþպնդանան, որովհետեւ լսեցի * այն որոշուածն ու սահմանուածը Զօրաց Եհովայ Տիրոջ կողմանէ բոլոր երկրի վերայ։

23Ականջ դրէք, եւ լսեցէք իմ ձայնը, մտիկ տուէք, եւ լսեցէք իմ խօսքը։ 24Մի՞թէ ամեն օր հերկում է հերկողը ցանելու համար, եւ բանո՞ւմ տափանո՞ւմ իր արտը. 25Չէ՞ որ նորա երեսը շիտակելուց յետոյ՝ ցրիւ է տալիս արջնդեղը եւ ցանում չամանը, եւ ցորենը կարգո՞վ դնում եւ գարին իր որո՞շ տեղը եւ հաճարը իր սահմանումը։ 26Եւ նա կրթել է նորան խոհեմութեան, եւ ուսուցրել է նորան իր Աստուածը։ 27Որովհետեւ արջնդեղը կամնասայլով չի ծեծուիլ, եւ սայլի անիւը չի դարձնուիլ չամանի վերայ, այլ գաւազանով է թակվում արջնդեղը, եւ չամանը՝ մահակով։ 28ցորենը կþփշրուի՞, Ոչ, յաւիտեան. Մարդ նորան կասում է կասում, եւ իր սայլի անիւը քշում նորա վերայ եւ իր ձիերին, եւ նորանք չեն փշրվում։ 29Սա էլ Զօրաց Եհովայ տէրիցն է դուրս գալիս, * որի խորհուրդն՝ սքանչելի, հանճարը գերազանց է։

*28.1 Հմր. 3։

*28.1 Հմր. 4։

*28.2 Գլ. լ. 30։ Եզեկ. ժգ. 11։

*28.3 Հմր. 1։

*28.4 Հմր. 1։

*28.7 Առակ. ի. 1։ Ովս. դ. 11։

*28.7 Գլ. ծզ. 10, 12։

*28.9 Երեմ. զ. 10։

*28.11 ա Կոր. ժդ. 21։

*28.15 Ամով. բ. 4։

*28.16 Ծն. խթ. 24։ Սաղ. ճժը. 22։ Մատ. իա. 42։ Գոր. դ. 11։ Հռովմ. թ. 33։ ժ. 11։ Եփես. բ. 20։ ա Պետ. բ. 6-8։

*28.17 Հմր. 15։

*28.21 բ Թագ. ե. 20։ ա Մն. ժդ. 11։

*28.21 Յես. ժ. 10, 12։ բ Թագ. ե. 25։ ա Մն. ժդ. 16։

*28.21 Ողբ գ. 33։

*28.22 Գլ. ժ. 22, 23։ Դան. թ. 27։

*28.29 Սաղ. ղբ. 5։ Երեմ. լբ. 19։