Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հալածանք Երուսաղէմումը Սօղոսի ձեռովը։ Սամարացիներ, Սիմօն մոգը և Եթովպ…

Հալածանք Երուսաղէմումը Սօղոսի ձեռովը։ Սամարացիներ, Սիմօն մոգը և Եթովպացի ներքինին հաւատում են։

1Եւ այն օրերումը մեծ հալածմունք եղաւ Երուսաղէմումը լինող եկեղեցու վերայ. Եւ ամենքը ցրուեցան Հրէաստանի եւ Սամարիայի երկիրների մէջ, * բացի առաքեալներից։ 2Եւ աստուածավախ մարդիկ Ստեփաննոսին վեր առան՝ եւ * մեծ սուգ արին նորա վերայ։ 3Բայց Սօղոսը * վնաս էր տալիս եկեղեցուն. Եւ տանից տուն էր մտնում, եւ մարդկանց եւ կանանց քաշում մատնում էր բանտի մէջ։

4* Իսկ ցրուածները ման էին գալիս՝ խօսքն աւետարանելով։ 5Եւ * Փիլիպպոսն իջաւ Սամարիայի մի քաղաքը՝ եւ Քրիստոսին քարոզում էր նորանց։ 6Ժողովուրդներն էլ միաբան ականջ էին դնում Փիլիպպոսի խօսածներին, լսելով եւ տեսնելով այն նշաններն, որ անում էր։ 7* Որովհետեւ պիղծ ոգիներ ունեցողների շատերից, մեծաձայն աղաղակելով դուրս էին գալիս։ 8Եւ շատ անդամալոյծներ եւ կաղեր բժշկվում էին։ 9Եւ մեծ ուրախութիւն եղաւ այն քաղաքումը։ Եւ մի մարդ՝ անունը Սիմօն, առաջուց այն քաղաքումը * մոգութիւն էր անում, եւ Սամարացիների ազգին ապշեցնում էր. Ասելով * թէ ինքը մի մեծ բան է։ 10Որին ամենքն էլ՝ փոքրից մինչեւ մեծը մտիկ էին անում, եւ ասում թէ Սա է Աստուծոյ այն մեծ զօրութիւնը։ 11Եւ մտիկ էին անում նորան. Որովհետեւ շատ ժամանակ մոգութիւններով ապշեցրել էր նորանց։ 12Բայց երբոր հաւատացին Փիլիպպոսին, * որ աւետարանում էր Աստուծոյ արքայութեան եւ Յիսուսի Քրիստոսի անունի բաները, ամենքն էլ մկրտվում էին՝ թէ մարդիկ եւ թէ կանայք։ 13Եւ Սիմօնն ինքն էլ հաւատաց, եւ երբ որ մկրտուեցաւ՝ միշտ Փիլիպպոսի հետ էր. Եւ տեսնելով այն նշանները եւ մեծ մեծ զօրութիւնները, որ լինում էին, զարմանում էր։ 14Երբոր Երուսաղէմ լինող առաքեալները լսեցին, թէ Սամարիան Աստուծոյ խօսքը ընդունեց, Պետրոսին եւ Յովհաննէսին ուղարկեցին նորանց մօտ։ 15Որոնք իջան եւ աղօթք արին նորանց վերայ, * որ Սուրբ Հոգին առնեն. 16* Որովհետեւ դեռ նորանցից ոչ մէկի վերայ չէր իջել. Միայն * Տէր Յիսուսի անունովը * մկրտուած էին։ 17* Այն ժամանակ ձեռքերը դրին նորանց վերայ, եւ նորանք ընդունում էին Սուրբ Հոգին։ 18Սիմօնն երբոր տեսաւ՝ թէ առաքեալների ձեռք դնելովը՝ Սուրբ Հոգին տրվում է, փող բերաւ նորանց եւ ասեց. 19Ինձ էլ տուէք այս իշխանութիւնն, որ ում վերայ ձեռք դնեմ՝ Սուրբ Հոգին առնէ։ 20Պետրոսն էլ ասեց նորան. Քո արծաթը քեզ հետ կորչի. Որովհետեւ դու կարծեցիր, թէ * Աստուծոյ պարգեւը * փողով կ’առնուի։ 21Դու բաժին եւ վիճակ չ’ունիս այդ բանումը. Որովհետեւ քո սիրտը ուղիղ չէ Աստուծոյ առաջին։ 22Արդ ապաշխարիր քո այդ չարութիւնիցը՝ եւ Աստուծուն աղաչիր, * որ թերեւս թողուի քեզ քո սրտի չար խորհուրդը։ 23Որովհետեւ տեսնում եմ քեզ՝ * որ դառն մաղձի եւ անիրաւութեան կապանքի մէջ ես։ 24Սիմօնն էլ պատասխանեց եւ ասեց. * Դուք ինձ համար աղօթք արէք Տիրոջը, որ ինձ վերայ մի բան չ’գայ նորանցից, որ դուք ասեցիք։ 25Եւ նորանք վկայութիւն տալով եւ Տիրոջ խօսքը խօսելով, ետ դառան Երուսաղէմ. Եւ Սամարացիների շատ գիւղերի մէջ աւետարանում էին։

26Եւ Տիրոջ հրեշտակը խօսեց Փիլիպպոսի հետ եւ ասեց. Վեր կաց եւ գնա հարաւային կողմը՝ այն ճանապարհը, որ Երուսաղէմիցն իջնում է Գազա, որ անապատ է։ 27Եւ նա վեր կացաւ գնաց. Եւ ահա մի Եթէովպացի մարդ, * Եթէովպացիների Կանթակա թագուհու ներքինի մի իշխանը, որ նորա բոլոր գանձի վերայ էր, * որ եկել էր Երուսաղէմ երկրպագութիւն անելու. 28Եւ ետ դառնալիս իր կառքումը նստած կարդում էր Եսայիա մարգարէի գիրքը։ 29Հոգին էլ Փիլիպպոսին ասեց. Մօտեցիր եւ հասիր այդ կառքին։ 30Եւ Փիլիպպոսն առաջ վազելով լսեց որ Եսայիա մարգարէի գիրքն էր կարդում, եւ ասեց. Հասկանո՞ւմ ես արդեօք կարդացածդ։ 31Նա էլ ասեց՝ Ի՞նչպէս կ’կարողանամ, եթէ մէկը չ’առաջնորդէ ինձ. Եւ Փիլիպպոսին աղաչեց, որ վեր ելնէ նստէ նորա հետ։ 32Եւ գրքի պարունակութիւնն որ կարդում էր՝ այս էր. * Ինչպէս ոչխար տարուեցաւ մորթուելու. Եւ ինչպէս գառն իր խուզողի առաջ լուռ կացած՝ այնպէս չէ բանում իր բերանը։ 33Նորա խոնարհութիւնովը նորա դատաստանը վեր առնուեցաւ, նորա ցեղն ո՞վ պիտի պատմէ. Որովհետեւ նորա կեանքը երկրիցս վեր է առնվում։ 34Եւ ներքինին պատասխանեց Փիլիպպոսին եւ ասեց. Աղաչում եմ քեզ, մարգարէն սա ո՞ւմ համար է ասում. Իրա՞ն համար, թէ մի ուրիշի համար։ 35Փիլիպպոսն էլ իր բերանը բացաւ, * եւ այս գրքիցը սկսած՝ Յիսուսն աւետարանեց նորան։ 36Երբոր ճանապարհումը գնում էին, եկան մի ջրի մօտ. Եւ ներքինին ասեց. Ահա ջուր, * ի՞նչ է արգելում ինձ, որ մկրտուիմ։ 37Եւ նորան ասեց Փիլիպպոսը. * Եթէ բոլոր սրտից հաւատում ես, կարելի է. Եւ նա պատասխանեց եւ ասեց. * Հաւատում եմ՝ թէ Աստուծոյ Որդին է Յիսուս Քրիստոսը։ 38Եւ հրաման տուաւ որ կառքը կանգնէ. Եւ երկուսն էլ իջան ջուրը՝ Փիլիպպոսը եւ ներքինին, եւ նա մկրտեց նորան։ 39Եւ երբոր ջրիցը դուրս եկան, * Տիրոջ Հոգին Փիլիպպոսին յափշտակեց, եւ ներքինին այլ եւս չ’տեսաւ նորան. Եւ նա ուրախութեամբ գնում էր իր ճանապարհը։ 40Եւ Փիլիպպոսը գտնուեցաւ Ազովտոսումը. Եւ ման գալով աւետարանում էր ամեն քաղաքներին մինչեւ որ եկաւ Կեսարիա։

*8.1 Գլ. ժա. 19։

*8.2 Ծն. իգ. 2։ ծ. 10։ բ Թագ. գ. 31։

*8.3 Գլ. է. 57։ թ. 1, 13, 21։ իբ. 4։ իզ. 10, 11։ ա Կոր. ժե. 9։ Գաղ. ա. 13։ Փիլ. գ. 6։ ա Տիմ. ա. 13։

*8.4 Մատ. ժ. 23։ Գլ. ժա. 19։

*8.5 Գլ. զ. 5։

*8.7 Մար. ժզ. 17։

*8.9 Գլ. ժգ. 6։

*8.9 Գլ. ե. 36։

*8.12 Գլ. ա. 3։

*8.15 Գլ. բ. 38։

*8.16 Գլ. ժթ. 2։

*8.16 Գլ. ժ. 48։ ժթ. 5։

*8.16 Մատ. իը. 19։ Գլ. բ. 38։

*8.17 Գլ. զ. 6։ ժթ. 6։ Եբր. զ. 2։

*8.20 Գլ. բ. 38։ ժ. 45։ ժա. 17։

*8.20 Մատ. ժ. 8։ Տես դ Թագ. ե. 16։

*8.22 Դան. դ. 27։ բ Տիմ. բ. 25։

*8.23 Եբր. ժբ. 15։

*8.24 Ծն. ի. 7, 17։ Ել. ը. 8։ Թու. իա. 7։ գ Թագ. ժգ. 6։ Յակ. ե. 16։

*8.27 Սոփ. գ. 10։

*8.27 Յովհ. ժբ. 20։

*8.32 Ես. ծգ. 7, 8։

*8.35 Ղուկ. իդ. 27։ Գլ. ժը. 28։

*8.36 Գլ. ժ. 47։

*8.37 Մատ. իը. 19։ Մար. ժզ. 10։

*8.37 Մատ. ժզ. 16։ Յովհ. զ. 70։ թ. 35, 38։ ժա. 27։ Գլ. թ. 20։ ա Յովհ. դ. 15։ ե. 5, 15։

*8.39 գ Թագ. ժը. 12։ դ Թագ. բ. 16։ Եզեկ. գ. 12, 14։