Հին Կտակարան
Նոր Կտակարան
Պօղոսը նաւով ճանապարհվում է դէպի Իտալիա։ Նաւաբեկութիւն են կրում, բայց…
Պօղոսը նաւով ճանապարհվում է դէպի Իտալիա։ Նաւաբեկութիւն են կրում, բայց անվտանգ պրծնում։
1Երբոր * հրաման եղաւ մեզ, որ նաւով գնանք Իտալիա, Պօղոսին եւ ուրիշ մի քանի կապուածներ էլ տուին մի հարիւրապետի, որի անունը Յուլիոս էր՝ Սեբաստոսի գնդիցը։ 2Եւ մտնելով մի Ադրամինտացի նաւ՝ որ գնալու էր Ասիայի կողմերը, ճանապարհ ընկանք. * Արիստարքոս Մակեդոնացի Թեսաղոնիկեցին էլ մեզ հետ էր։ 3Եւ միւս օրը իջանք Սիդոն. Եւ Յուլիոսը մարդասիրութիւն ցոյց տալով Պօղոսին՝ * հրամայեց որ բարեկամների մօտ գնայ եւ խնամք գտնէ։ 4Եւ այնտեղից ճանապարհուելով նաւով գնացինք Կիպրոսի ցած կողմովը՝ քամու ներհակ լինելու պատճառովը։ 5Այն ժամանակ Կիլիկիայի եւ Պամփիւլիայի ծովի միջով գնալով՝ իջանք Լիկիացիների Միռան։ 6Եւ հարիւրապետն այնտեղ մի Աղեքսանդրացի նաւ գտաւ՝ որ Իտալիա էր գնում, եւ մեզ նորա մէջ մտցրեց։ 7Եւ շատ օրեր ծանր նաւելով հազիւ հասանք Կնիդի կողմերը. Եւ երբոր քամին չ’թողեց մեզ, նաւով գնացինք Կրետէի ցած կողմը Սաղմոնայի մօտ։ 8Եւ երբոր նորանով դժուարութիւնով անցանք՝ եկանք մի տեղ, որ կոչվում էր Գեղեցիկ նաւահանգիստ. Որի մօտ էր Ղասեա քաղաքը։
9Եւ որովհետեւ շատ ժամանակ էր անցել՝ եւ նաւով գնալու համար վտանգաւոր էր, * ծոմի ժամանակն էլ արդէն անցած լինելով, Պօղոսը խրատ էր տալիս, 10Նորանց ասելով. Ով մարդիկ, տեսնում եմ որ այս նաւարկութիւնը * նեղութիւնով եւ շատ վնասով է լինելու, ոչ թէ միայն բեռնին եւ նաւին, այլ մեր անձերին էլ։ 11Բայց հարիւրապետը նաւապետին եւ նաւավարին աւելի էր ականջ դնում քան թէ Պօղոսի խօսքերին։ 12Որովհետեւ այն նաւահանգիստն անյարմար էր երեւում ձմեռն անցկացնելու համար, շատերը խորհեցին որ այնտեղից գնան. Որ ձմեռը մնալու համար գուցէ կարողանան Փիւնիկէն հասնիլ՝ Կրետացիների այն նաւահանգիստը որ դէպի արեւմտեան հարաւի կողմը եւ դէպի արեւմտեան հիւսիսն էր նայում։ 13Եւ երբոր հարաւի քամին մեղմօրէն փչեց, կարծում էին թէ իրանց նպատակին կ’հասնեն. Եւ ճանապարհ ընկած անցնում էին Կրետէի մօտովը։ 14Եւ շատ ժամանակ չէր անցել՝ որ նորա վերայ մի մրրկալից հողմ ընկաւ, որ Եւրակիկլոն էր կոչվում։ 15Եւ երբոր նաւը բռնուեցաւ եւ հողմի դէմ չ’կարողացաւ դիմանալ, բայց ընկած գնում եւ գալիս էինք։ 16Եւ դիմելով մի կղզու՝ որ Կղօդա էր կոչվում, հազիւ կարողացանք մակոյկը բռնել։ 17Որն առնելով օգնութեան գործածեցին եւ նաւը տակիցը կապեցին, եւ վախենալով՝ որ յորձանուտը չ’ընկնեն, առագաստը իջեցրին, եւ այնպէս գնում եւ գալիս էին։ 18Եւ երբոր մենք շատ նեղութիւն էինք քաշում փոթորկից, հետեւեալ օրը բեռները ծովի մէջ էին գցում։ 19Եւ երրորդ օրը մեր ձեռքովը * նաւի գործիքը դուրս թափեցինք։ 20Եւ երբոր շատ օրեր՝ ոչ արեւ եւ ոչ աստղեր էին երեւում, եւ փոթորիկն էլ քիչ չէր որ մեզ վերայ կար, ապա մեր ազատուելու բոլոր յոյսը կտրուեցաւ։ 21Եւ որովհետեւ շատ օր սոված էին, այն ժամանակ Պօղոսը նորանց մէջ կանգնած ասեց. Ով մարդիկ, պէտք էր ձեզ՝ ինձ լսէիք, եւ Կրետէիցը դուրս չ’գայիք՝ եւ այս նեղութիւնիցը եւ վնասիցը պրծնէիք։ 22Եւ հիմա էլ խրատում եմ ձեզ՝ որ սրտապինդ կենաք. Որ ձեզանից ոչ մէկի անձին էլ վնաս չի լինիլ, բացի այդ նաւիցը։ 23* Որովհետեւ այս գիշեր երեւեցաւ ինձ այն Աստուծոյ հրեշտակը՝ որ ես նորանն եմ եւ * որին էլ պաշտում եմ. 24Եւ ասեց. Մի վախենար, Պօղոս. Պէտք է քեզ՝ Կայսեր առաջին կանգնես. Եւ ահա Աստուած շնորհել է քեզ այդ բոլոր քեզ հետ նաւողները։ 25Սորա համար սրտապինդ կացէք, ով մարդիկ. * որովհետեւ հաւատում եմ Աստուծուն, որ այսպէս կ’լինի ինչպէս ինձ հետ խօսեց։ 26Բայց պէտք է * մի կղզի ընկնենք։
27Երբոր տասնեւչորսերորդ գիշերն եղաւ՝ քանի որ դեռ Ադրիականի անդունդներումը տարուբերվում էինք, կէս գիշերումը նաւավարները կարծում էին՝ թէ մի ցամաքի հասած լինեն։ 28Եւ գնդերը գցելով քսան գիրկ խոր գտան. Եւ մի քիչ էլ առաջ գնալով էլի գցեցին՝ եւ տասնեւհինգ գիրկ գտան։ 29Եւ որովհետեւ վախեցան որ մի գուցէ քարոտ տեղերի մէջ ընկնեն. Յետի կողմիցը չորս խարիսխ գցեցին եւ սպասում էին լուսանալուն։ 30Բայց երբոր նաւավարներն ուզում էին՝ որ նաւիցը փախչեն եւ մակոյկը իջեցրին ծովը. Այն պատճառանքով՝ իբր թէ առաջի կողմիցն էլ պիտի խարիսխ գցեն, 31Պօղոսը հարիւրապետին եւ զինուորներին ասեց. Եթէ դորանք նաւումը չ’մնան, դուք չէք կարող ապրիլ։ 32Այն ժամանակ զինուորները մակոյկի չուանները կտրեցին՝ եւ նորան դէն գցեցին։ 33Եւ երբոր ուզում էր առաւօտ լինել, Պօղոսն ամենին աղաչում էր՝ որ կերակուր առնեն, ասելով. Այսօր տասնեւչորսերորդ օրն է՝ որ դուք սպասելով՝ անօթի էք մնացել, եւ մի բան չէք կերել։ 34Նորա համար աղաչում եմ ձեզ, որ կերակուր ուտէք, որովհետեւ սա ձեր ազատութեան համար է. * վասնզի ձեզանից մէկի գլխիցը մի մազ չի ընկնիլ։ 35Եւ սա ասելով, հաց առաւ * ամենքի առաջին Աստուածանից գոհացաւ, կտրեց եւ սկսեց ուտել։ 36Եւ ամենքը քաջալերուեցան, եւ իրանք էլ կերակուր առան։ 37Եւ նաւի մէջ ամենքս երկու հարիւր եօթանասունեւվեց հոգի էինք։ 38Երբոր այն կերակրովը կշտացան, նաւը թեթեւացրին՝ ցորենը ծովը թափելով։
39Եւ երբոր առաւօտ եղաւ՝ երկիրը չէին ճանաչում, բայց մի գոգ էին տեսնում՝ որ ծովեզր էր. Եւ մտածում էին որ եթէ հնար լինի, նաւն այնտեղ պրծացնեն։ 40Եւ խարիսխները կտրելով ծովը գցեցին. Ղեկերի կապերը թուլացրին. Եւ առագաստը վեր առան՝ քամուն տուին դէպի ծովի եզրի կողմը։ 41Եւ մի տեղ ընկան՝ որ երկու կողմիցը ծով ունէր. Եւ * նաւը նստեցրին. Եւ նաւի առաջի կողմը խրուած անշարժ մնաց, եւ յետի կողմն ալիքների սաստկութիւնիցը քանդվում էր։ 42Եւ զինուորները խորհուրդ էին արել՝ որ կապուածներին սպանեն, մի գուցէ մէկը լողայ փախչի։ 43Բայց հարիւրապետը կամենալով Պօղոսին ապրեցնել, նորանց այն խորհրդիցը արգիլեց. Եւ հրամայեց որ լող տալ կարողացողներն առաջ ընկնեն եւ դուրս գնան ցամաքը։ 44Եւ մնացածներն էլ որը տախտակներով եւ որը նաւի ուրիշ բաներով.եւ այնպէս եղաւ որ * ամենքը պրծան դուրս եկան ցամաքը։
*27.1 Գլ. իե. 12, 25։
*27.2 Գլ. ժթ. 29։
*27.3 Գլ. իդ. 23։ իը. 16։
*27.9 Ղև. իգ. 27, 29։
*27.10 Հմր. 21։
*27.19 Յովն. ա. 5։
*27.23 Գլ. իգ. 11։
*27.23 Դան. զ. 16։ Հռովմ. ա. 9։ բ Տիմ. ա. 3։
*27.25 Ղուկ. ա. 45։ Հռովմ. դ. 20, 21։ բ Տիմ. ա. 12։
*27.26 Գլ. իը. 1։
*27.34 գ Թագ. ա. 52։ Մատ. ժ. 30։ Ղուկ. ժբ. 7։ իա. 18։
*27.35 ա Թագ. թ. 13։ Մատ. ժե. 36։ Մար. ը. 6։ Յովհ. զ. 11։ ա Տիմ. դ. 3, 4։
*27.41 բ Կոր. ժա. 25։
*27.44 Հմր. 22։