Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Այգեպանների առակը։ Կայսրին հարկ տալ։ Յարութեան մասին Սադուկեցիների մո…

Այգեպանների առակը։ Կայսրին հարկ տալ։ Յարութեան մասին Սադուկեցիների մոլորութիւնը։ Ամենից առաջին պատուիրանքը։ Դաւիթն ընդունում է Մեսիան իբր իրան Տէրը։ Քրիստոսը զգուշացնում է ժողովրդին դպիրներից։ Երկու լումայ տուող աղքատ որբևայրին։

1Եւ * սկսեց նորանց հետ առակներով խօսիլ՝ եւ ասեց. Մի մարդ այգի տնկեց, եւ նորան ցանգով շրջապատեց, եւ հնձան փորեց, եւ աշտարակ շինեց, եւ նորան մշակների տուաւ, եւ օտար երկիր գնաց։ 2Եւ ժամանակին այն մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ մշակներիցն այգու պտղիցն առնէ։ 3Նորանք էլ բռնեցին՝ նորան ծեծեցին, եւ դատարկ ճանապարհ դրին։ 4Եւ դարձեալ մի ուրիշ ծառայ ուղարկեց նորանց մօտ. Եւ քարկոծելով նորա գլուխը պատառեցին եւ անպատուած արձակեցին։ 5Եւ դարձեալ ուրիշն ուղարկեց՝ եւ նորան սպանեցին, եւ շատ ուրիշներին, ոմանց ծեծում եւ ոմանց սպանում էին։ 6Հիմա դեռ իր մէկ սիրելի որդի ունենալով, նորան էլ ուղարկեց նորանց մօտ վերջապէս եւ ասեց թէ Իմ որդուցս կ’ամաչեն։ 7Բայց այն մշակներն իրար ասեցին թէ Սա է ժառանգը. Եկէք սորան սպանենք, եւ ժառանգութիւնը մեզ կ’լինի։ 8Եւ նորան բռնեցին՝ սպանեցին եւ հանեցին այգուցը դուրս։ 9Արդ այգու տէրն ի՞նչ կ’անէ. Կ’գայ եւ մշակներին կ’կորցնէ եւ այգին ուրիշներին կ’տայ։ 10Եւ դուք չէ՞ք կարդացել այն գրածը՝ թէ * այն քարն՝ որ շինողներն անարգեցին՝ նա եղաւ անկիւնի գլուխ։ 11Տէրիցն եղաւ այս, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։

12* Եւ ուզում էին նորան բռնել, բայց ժողովրդիցը վախեցան. Որովհետեւ իմացան՝ թէ այն առակն իրանց համար ասեց. Եւ նորան թողեցին եւ գնացին։

13* Եւ Փարիսեցիներից եւ Հերովդէսեաններից մի քանի հոգի նորա մօտ ուղարկեցին, որ խօսքով որսան նորան։ 14Եւ նորանք եկան եւ ասեցին նորան. Վարդապետ, գիտենք՝ որ ճշմարիտ ես, եւ ոչ ոքից հոգս չ’ունիս, որովհետեւ մարդկանց երեսպաշտութիւն չես անում, այլ Աստուծոյ ճանապարհը ճշմարտութիւնով սովորեցնում ես։ Արժա՞ն է Կայսրին հարկ տալ, թէ չէ. Տա՞նք թէ չ’տանք։ 15Նա էլ իմանալով նորանց կեղծաւորութիւնը, ասեց նորանց. Ի՞նչու էք փորձում ինձ, մի դահեկան բերէք ինձ՝ որ տեսնեմ։ 16Նորանք էլ բերին։ Եւ ասեց նորանց. Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է։ Նորանք էլ ասեցին նորան, Կայսրին։ 17Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն։ Եւ զարմացան նորա վերայ։

18Եւ նորա մօտ եկան * Սադուկեցիները, որ ասում են՝ թէ * Յարութիւն չ’կայ. Նորան հարցրին եւ ասեցին. 19Վարդապետ, * Մովսէս մեզ համար գրեց որ եթէ մէկի եղբայրը մեռնի, եւ կին թողէ, եւ որդիք չ’թողէ՝ որ նորա եղբայրը նորա կինն առնէ, եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ։ 20Արդ եօթը եղբարք կային, եւ առաջինը կին առաւ՝ եւ մեռնելիս զավակ չ’թողեց։ 21Եւ երկրորդը նորան առաւ՝ եւ մեռաւ, եւ նա էլ զավակ չ’թողեց. Այսպէս էլ երրորդը։ 22Եւ այն եօթն էլ նորան առան եւ զաւակ չ’թողեցին. Եւ ամենից վերջը կինն էլ մեռաւ։ 23Արդ յարութեան ժամանակին երբոր յարութիւն կ’առնեն, նորանցից որի՞ն կ’լինի կին. Որովհետեւ այն եօթն էլ նորան կին առան։ 24Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ որ իսկ դորա համար մոլորուած էք, որ ոչ գիրքը գիտէք եւ ոչ Աստուծոյ զօրութիւնը։ 25Որովհետեւ երբոր մեռելների միջից յարութիւն կ’առնեն, ոչ կին կ’առնեն՝ եւ ոչ մարդի կ’գնան, այլ * հրեշտակների պէս են որ երկնքումն են։ 26Սակայն մեռելների համար՝ թէ յարութիւն կ’առնեն, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքումը մօրենու մէջ, թէ Աստուած ինչպէս խօսեց նորան եւ ասեց. * Ես եմ Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը, եւ Յակոբի Աստուածը։ 27Եւ նա մեռելների Աստուած չէ, բայց կենդանիների. Ուրեմն դուք շատ մոլորուած էք։

28* Եւ դպիրներից մէկը մօտ եկաւ, լսելով որ վիճում էին, եւ երբոր տեսաւ թէ լաւ պատասխանեց նորանց, նորան հարցրեց, Ո՞րն է ամենից առաջին պատուիրանքը։ 29Յիսուսն էլ նորան պատասխանեց, թէ Ամեն պատուիրանքներից առաջինը սա է, * Լսիր, Իսրայէլ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է։ 30Եւ սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ. Սա է առաջին պատուիրանքը։ 31Եւ երկրորդը սորան նման, * Սիրիր քո ընկերին քո անձի պէս. Սորանցից աւելի մեծ ուրիշ պատուիրանք չ’կայ։ 32Եւ դպիրը նորան ասեց. Լաւ, վարդապետ, ճշմարտութեամբ ասեցիր՝ թէ մէկ է Աստուած, * նորանից բաց ուրիշը չ’կայ։ 33Եւ նորան սիրելը բոլոր սրտից եւ բոլոր մտքից եւ բոլոր անձից եւ բոլոր զօրութիւնից, եւ ընկերին անձին պէս սիրելը՝ աւելի է քան թէ * ամեն ողջակէզները եւ զոհերը։ 34Եւ Յիսուսը նորան տեսնելով, որ իմաստութեամբ պատասխանեց, ասեց նորան. Դու հեռու չես Աստուծոյ արքայութիւնիցը։ Եւ այլ եւս * ոչ ոք չէր համարձակում նորան մի բան հարցնել։

35* Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց, երբոր տաճարումը սովորեցնում էր. Ի՞նչպէս են ասում դպիրները, թէ Քրիստոս Դաւիթի որդին է։ 36Որովհետեւ ինքը Դաւիթ * Սուրբ Հոգովն ասում է, * Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ որ քո թշնամիները ոտներիդ պատուանդան դնեմ։ 37Արդ Դաւիթ ինքն նորան Տէր է ասում՝ ապա ի՞նչպէս որդի է նորան. Եւ շատ ժողովուրդը յօժարութեամբ լսում էր նորան։

38* Եւ իր վարդապետութեան մէջ ասում էր նորանց, * Զգոյշ կացէք դպիրներիցը, որ կամենում են պայծառ հագուստներով ման գալ, եւ * հրապարակներումը բարեւներ ընդունել. 39Եւ ժողովարանների մէջ առաջին աթոռներ, եւ ընթրիքներում առաջին բազմոցներ։ 40* Որ որբեւայրիների տները ուտում են, եւ պատճառանքով երկար աղօթք են անում. Դորանք աւելի եւս դատապարտութիւն կ’առնեն։

41* Եւ Յիսուսը գանձանակի դիմացը նստած մտիկ էր անում, թէ ժողովուրդն ինչպէս էր * * փող գցում գանձանակը, եւ շատ հարուստներ շատ բաներ էին գցում։ 42Եւ մի աղքատ որբեւայրի եկաւ երկու լումայ գցեց, որ մի նաքարակիտ է։ 43Եւ իր աշակերտներին իրան մօտ կանչեց, եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Թէ * այս աղքատ որբեւայրին գանձանակը գցողների ամենից աւելի գցեց։ 44Որովհետեւ ամենքն իրանց աւելորդիցը գցեցին. Բայց սա իր չքաւորութիւնիցը ամեն ինչ որ ունէր գցեց, * իր կեանքի բոլոր ապրուստը։

*12.1 Մատ. իա. 33։ Ղուկ. ի. 9։

*12.10 Սաղ. ճժը. 22։

*12.12 Մատ. իա. 45, 46։ Գլ. ժա. 18։ Յովհ. է. 25, 30, 44։

*12.13 Մատ. իբ. 15։ Ղուկ. ի. 20։

*12.18 Մատ. իբ. 23։ Ղուկ. ի. 27։

*12.18 Գոր. իգ. 8։

*12.19 բ Օր. իե. 5։

*12.25 ա Կոր. ժե. 42, 49, 52։

*12.26 Ել. գ. 6։

*12.28 Մատ. իբ. 35։

*12.29 բ Օր. զ. 4։ Ղուկ. ժ. 27։

*12.31 Ղև. ժթ. 18։ Մատ. իբ. 39։ Հռովմ. ժգ. 9։ Գաղ. ե. 14։ Յակ. բ. 8։

*12.32 բ Օր. դ. 39։ Ես. խե. 6, 14։ խզ. 9։

*12.33 ա Թագ. ժե. 22։ Ովս. զ. 6։ Միք. զ. 6-8։

*12.34 Մատ. իբ. 46։

*12.35 Մատ. իբ. 41։ Ղուկ. ի. 41։

*12.36 բ Թագ. իգ. 2։

*12.36 Սաղ. ճժ. 1։

*12.38 Գլ. դ. 2։

*12.38 Մատ. իգ. 1։ Ղուկ. ի. 46։

*12.38 Ղուկ. ժա. 43։

*12.40 Մատ. իգ. 14։

*12.41 Ղուկ. իա. 1։

*12.41 դ Թագ. ժբ. 9։

*12.41 Յուն.՝ պղինձ

*12.43 բ Կոր. ը. 12։

*12.44 բ Օր. իդ. 6։ ա Յովհ. գ. 17։