Հին Կտակարան
Նոր Կտակարան
Պօղոսը ամբաստանվում է Փելիքս կուսակալի առաջին։ Պաշտպանողական պատասխան…
Պօղոսը ամբաստանվում է Փելիքս կուսակալի առաջին։ Պաշտպանողական պատասխան է տալիս։
1Եւ * հինգ օրից յետոյ * Անանիա քահանայապետը ծերերի եւ մի ճարտարախօս Տերտիւղոս անուն մարդի հետ իջաւ, եւ իմաց արին կուսակալին Պօղոսի համար։ 2Եւ երբոր նորան կանչեց, Տերտիւղոսը սկսեց ամբաստանել եւ ասել. 3Որովհետեւ քեզանով շատ խաղաղութիւն ենք գտել՝ եւ այս ազգի համար շատ բաների կարգադրութիւն է եղել քո խնամք տանելովը, ամեն կերպով եւ ամեն տեղ շատ գոհութեամբ շնորհակալ ենք քեզանից, ով պատուական Փելիքս։ 4Բայց որպէսզի աւելի նեղութիւն չ’տամ քեզ, աղաչում եմ՝ որ համառօտաբար լսես մեզ քո հեզութեամբը։ 5* Որովհետեւ մենք գտանք այս մարդին որ ապականիչ եւ խռովարար է այն ամեն Հրէաներին, որ բոլոր աշխարհքումը կան. Եւ Նազովրեցիների * աղանդի առաջնորդ է. 6* Որ տաճարն էլ ուզեց պղծել. Որին բռնեցինք էլ. * եւ մեր օրէնքի պէս ուզեցինք դատաստան էլ անել։ 7Բայց * Լիւսիաս հազարապետն եկաւ՝ եւ մեծ բռնութեամբ մեր ձեռքերիցը հանեց, 8* Հրամայելով որ նորա դատախազներն էլ գան քեզ մօտ. Որ դու վերաքննելով կարող ես տեղեկանալ այն ամեն բանի համար, որ մենք գանգատում ենք դորանից։ 9Հրէաներն էլ միաբան եղած ասեցին, թէ Այդպէս է։
10Պօղոսն էլ պատասխանեց՝ երբոր կուսակալը նորան ակնարկեց որ խօսէ. Գիտենալով որ դու շատ տարուց հետէ այս ազգի դատաւորն ես, աւելի յօժարութեամբ իմ մասին պատասխան եմ տալիս։ 11Որովհետեւ դու կարող ես գիտենալ, որ տասնեւերկու օրից աւելի չէ՝ որ ես եկայ * երկրպագութիւն անել Երուսաղէմումը։ 12* Եւ ոչ տաճարումն են գտել ինձ մի մարդի հետ խօսելիս, կամ շատ մարդ մէկտեղ հաւաքելիս, եւ ոչ ժողովարանումը, 13Եւ ոչ էլ քաղաքումը. Եւ ոչ էլ կարող են քո առաջին ցոյց տալ այն, որոնց համար հիմա ամբաստանում են ինձանից։ 14Բայց սա եմ խոստովանում քեզ, թէ * այն ճանապարհովն՝ որ ասում են հերձուած, այնպէս պաշտում եմ հայրենական Աստուծուն, ամեն բաների հաւատալով՝ որ օրէնքումը եւ մարգարէներումը գրուած է. 15* Յուսալով այն Աստուծուն որին դորանք էլ սպասում են, * թէ արդարների եւ մեղաւորների յարութիւն պիտի լինի։ 16* Որ հէնց սորա համար ինքս ջանք եմ անում, որ ամեն ժամ մաքուր խղճմտանք ունենամ Աստուծոյ առաջին եւ մարդկանց առաջին։ 17Արդ շատ տարիներից յետոյ * եկայ որ իմ ազգին ողորմութիւն անեմ եւ ընծաներ բերեմ. 18* Որ այդ բանի մէջ մի քանի Ասիացի Հրէաներ ինձ գտան տաճարումը սրբուած, ոչ շատերի եւ ոչ էլ ամբոխի հետ։ 19* Որ նորանց պէտք էր գալ քո առաջին եւ գանգատ անել, եթէ մի բան ունենային ինձանից։ 20Կամ հէնց սորանք իրանք թող ասեն, թէ ինձանում ինչ անիրաւութիւն գտան՝ դեռ քանի որ ատեանումը կանգնած էի։ 21Բայց այս մէկ խօսքի համար, որ նորանց միջումը կանգնած աղաղակեցի, թէ * Մեռելների յարութիւն առնելուն համար եմ ես այսօր դատվում ձեզանից։
22Փելիքսն էլ երբոր լսեց այս բաները, նորանց ուշացրեց, որովհետեւ շատ լաւ տեղեկացած էր այն ճանապարհի համար, եւ ասեց. Երբ որ * Լիւսիաս հազարապետը իջնէ, կ’տեղեկանամ ձեր գործին։ 23Եւ հարիւրապետին հրամայեց՝ որ Պօղոսին պահէ՝ բայց արձակութիւն տայ. Եւ * նորա մարդկանցից ոչ մէկին չ’արգիլէ՝ նորան ծառայութիւն անելու կամ նորա մօտ գնալու։
24Եւ մի քանի օրից յետոյ Փելիքսն եկաւ իր Դրուսիլա կնկայ հետ, որ Հրէայ էր, Պօղոսին կանչեց՝ եւ նորանից Քրիստոսի հաւատքի համար բան լսեց։ 25Եւ երբոր նա խօսում էր արդարութեան եւ ժուժկալութեան եւ գալու դատաստանի համար, Փելիքսը շատ ահով բռնուեցաւ, եւ պատասխանեց. Դու հիմա գնա. Երբոր ժամանակ ունենամ, կ’կանչեմ քեզ։ 26Բայց նա յոյս էլ ունէր, որ * Պօղոսիցը մի բան կ’տրուի իրան, որ նորան արձակէ եւ նորա համար շատ անգամ կանչում էր նորան եւ նորա հետ խօսում։ 27Եւ երբոր երկու տարին լրացաւ, Փելիքսի տեղ եկաւ Փեստոս Պորկիոսը. Եւ որովհետեւ Փելիքսը կամեցաւ * Հրէաներին մի շնորհք անել, Պօղոսին կապած թողեց։
*24.1 Գլ. իա. 18, 27։
*24.1 Գլ. իգ. 2, 30, 35։ իե. 2։
*24.5 Ղուկ. իգ. 2։ Գլ. զ. 13։ ժզ. 20։ ժէ. 6։ իա. 28։ ա Պետ. բ. 12, 15։
*24.5 Կամ՝ հերձուածի
*24.6 Գլ. իա. 28։
*24.6 Յովհ. ժը. 31։
*24.7 Գլ. իա. 33։
*24.8 Գլ. իգ. 30։
*24.11 Հմր. 17։ Գլ. իա. 26։
*24.12 Գլ. իե. 8։ իը. 17։
*24.14 Տես Ամովս. ը. 14։ Գլ. թ. 2։
*24.15 Գլ. իգ. 6։ իզ. 6, 7։ իը. 20։
*24.15 Դան. ժբ. 2։ Յովհ. ե. 28, 29։
*24.16 Գլ. իգ. 1։
*24.17 Գլ. ժա. 29, 30։ ի. 16։ Հռովմ. ժե. 25։ բ Կոր. ը. 4։ Գաղ. բ. 10։
*24.18 Գլ. իա. 26, 27։ իզ. 21։
*24.19 Գլ. իգ. 30։ իե. 16։
*24.21 Գլ. իգ. 6։ իը. 20։
*24.22 Հմր. 7։
*24.23 Գլ. իէ. 3։ իը. 16։
*24.26 Ել. իգ. 8։
*24.27 Ել. իգ. 2։ Գլ. ժբ. 3։ իե. 9, 14։