Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսը տարվում է Պիղատոսի առաջին։ Յուդայի յուսահատութիւնը։ Քրիստոսի…
Քրիստոսը տարվում է Պիղատոսի առաջին։ Յուդայի յուսահատութիւնը։ Քրիստոսի չարչարանքը, խաչելութիւնը, մահը և թաղումը։
1Եւ երբոր առաւօտ եղաւ, * բոլոր քահանայապետները եւ ժողովրդի ծերերը Յիսուսի դէմ խորհուրդ արին, որ սպանեն նորան։ 2Եւ նորան կապելով տարան եւ * Պոնտացի Պիղատոս կուսակալին յանձնեցին։
3* Այն ժամանակ նորա մատնիչը Յուդան տեսնելով որ դատապարտուեցաւ, զղջացած այն երեսուն արծաթը ետ դարձրեց քահանայապետներին եւ ծերերին, 4Եւ ասեց, Ես մեղք գործեցի՝ անմեղ արիւն մատնելով։ Նորանք էլ ասեցին, Մե՞զ ինչ. Դու տես։ 5Եւ նա արծաթը գցեց տաճարի մէջ՝ հեռացաւ, եւ գնաց ինքնիրան * խեղդեց։ 6Եւ քահանայապետներն որ արծաթն առան՝ ասեցին. Արժան չէ՛ դորան գանձանակի մէջ ընդունել, որովհետեւ արիւնի գին է։ 7Եւ խորհուրդ արին եւ նորանով բրուտի արտատեղն առան, օտարականների գերեզմանատեղի համար։ 8Նորա համար այն արտատեղը * Արիւնի արտ կոչուեցաւ մինչեւ այսօր։ 9Այն ժամանակ կատարուեցաւ Երեմիա մարգարէի ձեռով ասուածը, * Եւ երեսուն արծաթն առան՝ այն գնահատուածի գինը, որ Իսրայէլի որդիներից ոմանք գնահատել էին, 10Եւ նորան բրուտի արտին տուին, ինչպէս որ հրամայեց ինձ Տէրը։
11Եւ Յիսուսը կանգնեց կուսակալի առաջը. Եւ կուսակալը * հարցրեց նորան եւ ասեց. Դո՞ւ ես Հրէաների թագաւորը։ Յիսուսն էլ ասեց նորան, * Դու ես ասում։ 12Եւ երբոր քահանայապետներիցը եւ ծերերիցը ամբաստանվում էր՝ * ոչինչ չ’պատասխանեց։ 13Այն ժամանակ Պիղատոսը ասեց նորան. * Չե՞ս լսում՝ ո՞րչափ բաներ են վկայում քեզ հակառակ։ 14Եւ նա նորան ոչ մէկ բան էլ չ’պատասխանեց. Մինչեւ որ կուսակալն էլ շատ զարմացաւ։
15* Բայց սովորութիւն էր կուսակալին տօնի ժամանակին մէկ կապուած արձակել ժողովրդի համար. Որին որ ուզէին։ 16Եւ այն ժամանակ մի նշանաւոր բանտարկեալ ունեին, անունը Բարաբբա։ 17Արդ՝ երբոր նորանք հաւաքուեցան, Պիղատոսը ասեց նորանց. Ո՞րն էք ուզում որ ձեզ համար արձակեմ. Բարաբբայի՞ն, թէ Յիսուսին, որ Քրիստոս է կոչվում։ 18Որովհետեւ գիտէր, որ նախանձով էին մատնել նորան։
19Եւ երբոր նա ատեան նստած էր, նորա կինը մարդ ուղարկեց նորա մօտ եւ ասեց. Այդ արդար մարդի հետ դու բան չ’ունիս. Որովհետեւ շատ բաներ քաշեցի այսօր նորա պատճառովը։ 20* Բայց քահանայապետները եւ ծերերը ժողովրդին համոզեցին, որ Բարաբբային ուզեն, իսկ Յիսուսին կորցնեն։ 21Եւ կուսակալը պատասխանեց եւ ասեց նորանց. Այս երկուսից ո՞րն էք ուզում, որ արձակեմ ձեզ համար։ Եւ նորանք ասեցին, Բարաբբային։ 22Պիղատոսն ասեց նորանց. Ապա ի՞նչ անեմ Յիսուսին որ Քրիստոս է կոչվում։ Ամենքն ասեցին. Թող խաչուի։ 23Եւ կուսակալն ասեց, Ապա ի՞նչ չար բան է արել։ Բայց նորանք էլ աւելի էին աղաղակում եւ ասում, Խաչուի։ 24Պիղատոսն էլ երբոր տեսաւ, թէ ոչինչ օգուտ չէ անում, այլ աւելի խռովութիւն է լինում, * ջուր առաւ՝ ձեռքերը լուաց ժողովրդի առաջին եւ ասեց. Ես այդ արդարի արիւնիցն անմեղ եմ, դուք տեսէք։ 25Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեց եւ ասեց. * Դորա արիւնը մեզ վերայ եւ մեր որդկանց վերայ։ 26Այն ժամանակ նա Բարաբբային արձակեց նորանց համար, եւ * Յիսուսին ծեծելուց յետոյ յանձնեց որ խաչուի։
27* Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին տարան պալատը, եւ բոլոր զօրագունդը հաւաքեցին նորա վերայ։ 28Եւ նորան մերկացնելով նորա վերայ մի * կարմիր քղամիդ գցեցին։ 29Եւ * փշերից մի պսակ ոլորեցին՝ նորա գլխին դրին, եւ նորա աջ ձեռքին մի եղէգ. Եւ նորա առաջը ծունր դնելով ծաղր էին անում եւ ասում. Ողջ լեր, Հրէաների թագաւոր։ 30Եւ նորա վերայ * թքելով՝ եղէգն առնում էին եւ նորա գլուխը ծեծում։ 31Եւ երբոր ծաղր արին նորան, կարմիր քղամիդը նորանից հանեցին՝ եւ նորան հագցրին իր հանդերձները, եւ * տարան նորան խաչելու։
32Եւ * երբոր դուրս եկան, մի * Կիւրենացի մարդ գտան՝ անունը Սիմօն, նորան պահակ բռնեցին, որ նորա խաչը վեր առնէ։ 33Եւ երբոր * Գողգոթա ասուած տեղն եկան, որ գանկի տեղ ասել է, 34Նորան * լեղիի հետ խառնած գինի տուին խմելու. Եւ երբոր ճաշակեց, չէր կամենում խմել։ 35Եւ * նորան խաչը հանելով բաժանեցին նորա հանդերձները՝ վիճակ գցելով, որ կատարուի մարգարէի ձեռով ասուածը՝ * Իմ հանդերձներն իրանց մէջ բաժանեցին, եւ իմ պատմուճանի վերայ վիճակ գցեցին։ 36Եւ * նստած նորան պահում էին այնտեղ։ 37Եւ * նորա յանցանքը գրուած դրին նորա գլխիցը վեր. ԱՅՍ Է ՅԻՍՈՒՍ՝ ՀՐԷԻՑ ԹԱԳԱՒՈՐԸ։ 38* Այն ժամանակ նորա հետ երկու աւազակներ խաչուեցան՝ մէկը աջ կողմին եւ միւսը ձախ կողմին։
39Եւ * անցնող դարձողները հայհոյում էին նորան, իրանց գլուխները շարժելով, եւ ասում էին. 40* Ով տաճարը քանդող՝ եւ երեք օրում շինող, ազատիր քեզ. * եթէ Աստուծոյ որդի ես, իջիր խաչիցը։ 41Այնպես էլ քահանայապետներն էին ծաղր անում դպիրների եւ ծերերի հետ եւ ասում. 42Ուրիշներին ազատեց, ինքն իրան չէ կարողանում ազատել. Թէ որ Իսրայէլի թագաւորն է, իջնէ հիմա խաչիցը, եւ կ’հաւատանք դորան։ 43* Աստուծուն յուսացաւ, հիմա թող նա փրկէ դորան, եթէ ուզում է դորան. Որովհետեւ ասեց, թէ Աստուծոյ Որդի եմ։ 44Միեւնոյնն էլ աւազակները, * որ նորա հետ խաչուած էին, նախատում էին նորան։
45Եւ * ժամը վեցիցը խաւար եղաւ բոլոր երկրի վերայ մինչեւ ինը ժամը։ 46Եւ ժամը իննի դէմ, * Յիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Էլի՛ Էլի՛ լա՛մա սաբաքթանի. Այսինքն, * Իմ Աստուած՝ իմ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ։ 47Այնտեղ կանգնածներից ոմանք էլ երբոր լսեցին, ասում էին թէ Եղիային է կանչում դա։ 48Եւ շուտով նորանցից մէկը վազեց՝ մի սպունգ առաւ * քացախով լցրեց, եղէգի վերայ անցրեց՝ եւ նորան տուաւ, որ խմէ. 49Եւ միւսներն ասում էին, թող տեսնենք, թէ Եղիան կ’գա՞յ՝ դորան փրկէ։
50* Յիսուսը դարձեալ մեծ ձայնով կանչեց՝ եւ արձակեց հոգին։
51Եւ * ահա տաճարի վարագոյրն երկու ճղուեցաւ վերեւիցը մինչեւ ցածը, եւ երկիրը շարժուեց. Եւ քարերը պատառուեցան. 52Եւ գերեզմանները բացուեցան. Եւ շատ սուրբ ննջեցեալների մարմիններ յարութիւն առան. 53Եւ գերեզմաններից դուրս գալով, նորա յարութիւնից յետոյ, սուրբ քաղաքը մտան, եւ շատերին երեւեցան։
54* Բայց հարիւրապետը եւ նորանք որ նորա հետ Յիսուսին պահում էին, երբոր երկրաշարժը եւ այն եղածները տեսան, շատ վախեցան եւ ասեցին. Ճշմարիտ որ սա Աստուծոյ Որդի էր։
55Եւ այնտեղ շատ կանայք կային, որ հեռուանց մտիկ էին տալիս, * որ Գալիլեայից Յիսուսի ետեւիցն եկան նորան ծառայութիւն անելու։ 56* Սորանց միջումն էր Մարիամ Մագդաղենացին՝ եւ Մարիամ Յակոբի եւ Յովսէի մայրը՝ եւ Զեբեդիայի որդկանց մայրը։
57Եւ * երբոր իրիկուն եղաւ Արիմաթիայից մի հարուստ մարդ եկաւ՝ անունը Յովսէփ, որ ինքն էլ աշակերտ եղած էր Յիսուսին։ 58Սա գնաց Պիղատոսի մօտ եւ Յիսուսի մարմինը խնդրեց. Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց որ մարմինը տրուի։ 59Եւ Յովսէփը մարմինն առնելով մաքուր կտաւով պատանեց, 60Եւ * դրաւ իր նոր գերեզմանի մէջ, որ վէմի մէջ փորել էր. Եւ գերեզմանի դռանը մի մեծ քար թաւալեց գնաց։ 61Եւ այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը, գերեզմանի դիմացը նստած։
62Եւ հետեւեալ օրը որ ուրբաթից յետոյ է, քահանայապետները եւ Փարիսեցիները հաւաքուեցան Պիղատոսի մօտ, եւ ասեցին. 63Տէր, յիշում ենք որ այն մոլորեցուցիչը, դեռ կենդանի, ասում էր * Երեք օրից յետոյ յարութիւն կ’առնեմ. 64Ուրեմն հրամայիր, որ մինչեւ երրորդ օրը գերեզմանն զգուշութիւնով պահեն. Մի գուցէ աշակերտները գիշերը գան՝ նորան գողանան. Եւ ժողովրդին ասեն՝ Մեռելներիցը յարութիւն առաւ, եւ յետին մոլորութիւնը չար լինի քան թէ առաջինը։ 65Պիղատոսն էլ ասեց նորանց. Ունիք պահապան զինուորներ, գնացէք՝ զգոյշ պահեցէք՝ ինչպէս գիտէք։ 66Նորանք էլ գնացին գերեզմանին պահպանութիւն արին, * քարը կնքելով պահապան զինուորների հետ։
*27.1 Սաղ. բ. 2։ Մար. ժե. 1։ Ղուկ. իբ. 66։ իգ. 1։ Յովհ. ժը. 28։
*27.2 Գլ. ի. 19։ Գոր. գ. 13։ Տես Ղուկ. գ. 1։ ժգ. 1։
*27.3 Գլ. իզ. 14, 15։
*27.5 բ Թագ. ժէ. 23։ Գոր. ա. 18։
*27.8 Գոր. ա. 19։
*27.9 Զաք. ժա. 12, 13։
*27.11 Մար. ժե. 2։ Ղուկ. իգ. 3։ Յովհ. ժը. 33։
*27.11 Յովհ. ժը. 37։ ա Տիմ. զ. 13։
*27.12 Գլ. իզ. 63։ Յովհ. ժթ. 9։
*27.13 Գլ. իզ. 62։ Յովհ. ժթ. 10։
*27.15 Մար. ժե. 6։ Ղուկ. իգ. 17։ Յովհ. ժը. 39։
*27.20 Մար. ժե. 11։ Ղուկ. իգ. 18։ Յովհ. ժը. 40։ Գոր. գ. 13, 14։
*27.24 բ Օր. իա. 6։
*27.25 բ Օր. ժթ. 10։ Յես. բ. 19։ բ Թագ. ա. 16։ գ Թագ. բ. 32։ Գոր. ե. 28։
*27.26 Ես. ծգ. 5։ Ղուկ. իգ. 16։ յովհ. ժթ. 1, 16։
*27.27 Մար. ժե. 16-21։
*27.28 Մար.ժե. 17։ Ղուկ. իգ. 11։ Յովհ. ժթ. 2։ Տես յայտ. ժէ. 4։ ժը. 16։
*27.29 Սաղ. կթ. 19։ Ես. ծգ. 3։
*27.30 Ես. ծ. 6։ Գլ. իզ. 67։
*27.31 Ես. ծգ. 7։ Թու. ժե. 35։ գ Թագ. իա. 13։
*27.32 Թու. ժե. 35։ գ Թագ. իա. 13։ Գոր. է. 57։ Եբր. ժգ. 12։
*27.32 Մար. ժե. 21։ Ղուկ. իգ. 26։
*27.33 Մար. ժե. 22։ Ղուկ. իգ. 33։ Յովհ. ժթ. 17։
*27.34 Սաղ. կթ. 21։ Տես հմր. 48։ Մար. ժե. 23։
*27.35 Մար. ժե. 24։ Ղուկ. իգ. 34։ Յովհ. ժթ. 24։
*27.35 Սաղ. իբ. 18։
*27.36 Հմր. 54։
*27.37 Մար. ժե. 26։ Ղուկ. իգ. 38։ Յովհ. ժթ. 19։
*27.38 Ես. ծգ. 12։ Մար. ժե. 27։ Ղուկ. իգ. 32, 33։ Յովհ. ժթ. 18։
*27.39 Սաղ. իբ. 7։ ճթ. 25։ Մար. ժե. 29։ Ղուկ. իգ. 35։
*27.40 Գլ. իզ. 61։ Յովհ. բ. 19։
*27.40 Գլ. իզ. 63։ Տես Ղուկ. գ. 23։
*27.43 Սաղ. իբ. 8։
*27.44 Մար. ժե. 32։ Ղուկ. իգ. 39։
*27.45 Ամովս. ը. 9։ Մար. ժե. 33։ Ղուկ. իգ. 44։
*27.46 Եբր. ե. 7։
*27.46 Սաղ. իբ. 1։
*27.48 Սաղ. կթ. 21։ Մար. ժե. 36։ Ղուկ. իգ. 36։ Յովհ. ժթ. 29։
*27.50 Մար. ժե. 37։
*27.51 Ել. իզ. 31։ բ Մն. գ. 14։ Մար. ժե. 38։ Ղուկ. իգ. 45։
*27.54 Հմր. 36։ Մար. ժե. 39։ Ղուկ. իգ. 47։
*27.55 Ղուկ. ը. 2, 3։
*27.56 Մար. ժե. 40։
*27.57 Մար. ժե. 42։ Ղուկ. իգ. 50։ Յովհ. ժթ. 38։
*27.60 Ես. ծգ. 9։
*27.63 Գլ. ժզ. 21։ ժէ. 22։ ի. 19։ իզ. 61։ Մար. ը. 31։ ժ. 34։ Ղուկ. թ. 22։ ժը. 33։ իդ. 6, 7։ Յովհ. բ. 19։
*27.66 Դան. զ. 17։