Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսը սովորեցնում է աղօթել և պատուիրում է աղօթելուց չ’դադարե…
Քրիստոսը սովորեցնում է աղօթել և պատուիրում է աղօթելուց չ’դադարել։ Բժշկում է մի դիւահարի։ Քարոզում է ժողովուրդներին։ Յանդիմանում է դպիրների, Փարիսեցիների և օրինականների կեղծաւորութիւնը։
1Եւ եղաւ որ մի տեղ աղօթք էր անում. Եւ երբոր դադարեց, իր աշակերտներից մէկն ասեց նորան. Տէ՛ր, սովորեցրու մեզ աղօթք անելը, ինչպէս Յովհաննէսն էլ իր աշակերտներին սովորեցրեց։ 2Եւ ասեց նորանց. Երբոր աղօթք անէք, ասեցէք. * Մեր Հայր, որ երկնքումն ես, քո անունը սուրբ լինի. Քո արքայութիւնը գայ։ Քո կամքը լինի՝ ինչպէս երկնքումն այնպէս էլ երկրիս վերայ։ 3Մեր ամեն օրուայ հացը օրէցօր տուր մեզ։ 4Եւ թող մեզ մեր մեղքերը. Որովհետեւ մենք էլ թողում ենք ամենին, որ պարտական է մեզ. Եւ մեզ փորձանքի մէջ մի տանիր, այլ փրկիր մեզ չարիցը։
5Եւ նորանց ասեց. Ձեզանից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, եւ կէս գիշերին նորա մօտ գնայ, եւ նորան ասէ. Բարեկամ, ինձ երեք հաց փոխ տուր. 6Որովհետեւ իմ բարեկամն ինձ մօտ եկաւ ճանապարհիցը, եւ ես բան չ’ունիմ՝ որ նորա առաջին դնեմ։ 7Եւ նա պատասխանէ ներսիցն եւ ասէ. Մի յոգնեցնիր ինձ. Դուռն արդէն փակուած է, եւ երեխաներս ինձ հետ անկողնումն են. Չեմ կարող վեր կենալ եւ տալ քեզ։ 8Ասում եմ ձեզ, Եթէ վեր էլ չ’կենայ եւ նորան տայ * նորա բարեկամ լինելու համար, սակայն նորա թախանձանքի համար վեր կ’կենայ եւ կ’տայ նորան ինչ որ էլ պէտք լինի։ 9* Եւ ես ասում եմ ձեզ, Խնդրեցէք՝ եւ կտրուի ձեզ, որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք՝ եւ կ’բացուի ձեզ։ 10Որովհետեւ ամեն ով որ խնդրում է՝ առնում է, եւ ով որ որոնում է՝ գտնում է, եւ ով որ դուռը թակում է՝ բացվում է նորան։ 11Եւ * ձեզանից ո՞ր հօրիցն իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան. Կամ եթէ ձուկ՝ մի՞թէ ձկան տեղ օձ կ’տայ նորան։ 12Եւ կամ ձու ուզէ, մի՞թէ կարիճ կ՝տայ նորան։ 13Արդ եթէ դուք, որ չար էք՝ գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կþտայ նորանց, որ ուզում են նորանից։
14* Եւ մի դեւ էր հանում, որ համր էր. Եւ եղաւ որ դեւը դուրս գալիս համրը խօսեց. Եւ ժողովուրդները զարմացան։ 15Եւ նորանցից ոմանք ասեցին. * Դա դեւերի իշխան՝ Բէեղզեբուղովն է հանում դեւերը։ 16Ուրիշներն էլ փորձելով * մի նշան էին խնդրում նորանից երկնքիցը։ 17* Բայց նա * նորանց մտածմունքները իմանալով ասեց նորանց. Ամեն թագաւորութիւն, որ իր մէջ բաժանուած է՝ կ’աւերուի, եւ տուն՝ տան դէմ բաժանուած կ’կործանուի։ 18Ապա եթէ սատանան ինքն իրան դէմ բաժանուած է, նորա թագաւորութիւնն ի՞նչպէս կ’կենայ. Որովհետեւ ասում էք, թէ ես Բէեղզեբուղովն եմ հանում դեւերը։ 19Եթէ ես Բէեղզեբուղովն եմ հանում դեւերը, ապա ձեր որդիքն ի՞նչով են հանում. Դորա համար նորանք կ’լինին ձեր դատաւորները։ 20* Բայց եթէ ես Աստուծոյ մատովն եմ հանում դեւերն, ուրեմն Աստուծոյ արքայութիւնը ձեզ վերայ հասել է։ 21* Երբոր զօրաւորը զինուորուած իր տունը պահէ, նորա ստացուածքը խաղաղութեան մէջ են։ 22* Բայց եթէ նորանցից էլ աւելի զօրաւորը գայ՝ նորան յաղթէ, նորա զէնքերը՝ որ յոյսն նորանց վերայ էր դրել, կ’հանէ եւ նորա աւարը կ’բաժանէ։ 23* Ով որ ինձ հետ չէ՝ ինձ հակառակ է, եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է։
24* Երբոր պիղծ ոգին դուրս է գալիս մարդիցը՝ անջուր տեղերանքում ման է գալիս եւ հանգիստ որոնում. Եւ երբոր չէ գտնում՝ ասում է. Ետ դառնամ իմ տունը՝ որտեղից դուրս եկայ։ 25Եւ գալիս՝ նորան սրբուած եւ զարդարուած է գտնում։ 26Այն ժամանակ գնում է եւ իրանից էլ աւելի չար եօթը ոգիներ է առնում՝ եւ մտնում բնակվում է այնտեղ, * եւ այն մարդի յետինն աւելի չար է լինում քան թէ առաջինը։
27Եւ եղաւ որ նա այս խօսելիս, ժողովրդի միջիցը մի կին ձայն բարձրացրեց եւ ասեց. * Երանի այն որովայնին՝ որ քեզ կրեց, եւ այն ծծերին՝ որ քեզ ծծեցրին։ 28Նա էլ ասեց. * Այո՛, երանի նորանց, որ Աստուծոյ խօսքը լսում են եւ նորան պահում։
29* Եւ երբոր ժողովուրդները նորա վերայ դիզվում էին, սկսեց ասել. Այս ազգը չար է. Նշան է խնդրում, եւ նշան չի տրուիլ սորան՝ բայց միայն Յովնան մարգարէի նշանը։ 30* Որովհետեւ ինչպէս Յովնանը նշան եղաւ Նինուէացիների համար, այնպէս էլ մարդի Որդին այս ազգին կ’լինի։ 31* Հարաւի թագուհին դատաստանումը վեր կ’կենայ այս ազգի մարդկանց հետ եւ կ’դատապարտէ նորանց, որովհետեւ երկրի ծայրերիցն եկաւ Սողոմոնի իմաստութիւնը լսելու, եւ ահա Սողոմոնիցն էլ աւելին է այստեղ։ 32Նինուէի մարդիկը դատաստանումը վեր կþկենան այս ազգի հետ եւ կþդատապարտեն սորան, * որովհետեւ նորանք Յովնանի քարոզութիւնովն ապաշխարեցին. Եւ ահա Յովնանիցն էլ աւելին է այստեղ։
33* Ոչ ով ճրագը չէ վառում եւ թագուն տեղ դնում եւ ոչ գրուանի տակ, այլ ճրագակալի վերայ, որ ներս մտնողները լոյսը տեսնեն։ 34* Մարմնի ճրագը աչքն է, արդ երբոր աչքդ պարզ է, բոլոր մարմինդ էլ լուսաւոր կ’լինի. Բայց երբոր չար է, մարմինդ էլ խաւար կ’լինի։ 35Ուրեմն՝ զգոյշ կաց, մի գուցէ այն լոյսը, որ քեզանում է, խաւար լինի։ 36Եթէ բոլոր մարմինդ լուսաւոր է եւ ոչ մի խաւար մասը չ’կայ, բոլորը լուսաւոր կ’լինի. Ինչպէս երբոր ճրագն իր ճառագայթովը լուսաւորէ քեզ։
37Եւ նա այս խօսելիս, մի Փարիսեցի աղաչում էր նորան, որ նորա մօտ հաց ուտէ. Եւ նա մտաւ սեղան նստեց։ 38* Փարիսեցին էլ տեսնելով զարմացաւ, որ ճաշիցն առաջ չ’լուացուեց։ 39* Տէրն էլ ասեց նորան. Հիմա դուք Փարիսեցիներդ բաժակի եւ ամանի դրսի կողմը սրբում էք. * բայց ձեր ներսը լիքն է յափշտակութիւնով եւ չարութիւնով։ 40Անմիտներ, չէ՞որ դուրսը անողը ներսն էլ արաւ։ 41* Բայց ձեր ունեցածիցը ողորմութիւն տուէք, եւ ահա ամեն բաներ սուրբ են ձեզ համար։ 42* Բայց վայ ձեզ Փարիսեցիներիդ, որ անանուխի եւ փեգենայի եւ ամեն բանջարի տասանորդ էք տալիս, եւ Աստուծոյ իրաւունքը եւ սէրը զանց էք անում. Այս պէտք էր անել, եւ նորանք չ’թողել։ 43* Վայ ձեզ Փարիսեցիներիդ, որ սիրում էք ժողովարանների մէջ առաջի աթոռները, եւ հրապարակներում՝ բարեւները։ 44* Վայ ձեզ՝ դպիրներիդ եւ Փարիսեցիներիդ, կեղծաւորներ, * որ դուք այն գերեզմանների պէս էք, որ անյայտ են, եւ մարդիկը որ նորանց վերայ գնում են չ’գիտեն։
45Եւ պատասխանեց օրինականներից մէկը եւ ասեց նորան. Վարդապետ, այդ ասելով մեզ էլ ես նախատինք տալիս։ 46Նա էլ ասեց, Եւ ձեզ օրինականներիդ էլ վայ. * որովհետեւ դժուար տանելի բեռներով բեռնում էք մարդկանց, եւ դուք ձեր մատների մէկովը չէք մօտենում այն բեռներին։ 47* Վայ ձեզ որ մարգարէների գերեզմանները շինում էք, եւ հէնց ձեր հայրերը սպանեցին նորանց։ 48Ապա ուրեմն վկայում էք եւ հաւանում էք ձեր հայրերի գործերին. Որովհետեւ նորանք կոտորեցին նորանց, եւ դուք շինում էք նորանց գերեզմանները։ 49Սորա համար Աստուծոյ իմաստութիւնն էլ ասեց. * Մարգարէներ եւ առաքեալներ կ’ուղարկեմ նորանց մօտ, եւ նորանցից կ’սպանեն եւ կ’հալածեն։ 50Որ բոլոր մարգարէների արիւնը, որ աշխարհքի սկզբիցը թափուած է, այս ազգիցը պահանջուի։ 51* Աբէլի արիւնիցը մինչեւ * Զաքարիայի արիւնը, որ սեղանի եւ տաճարի մէջ կորաւ. Այո՛, ասում եմ ձեզ, այս ազգիցը կ’պահանջուի։ 52* Վայ ձեզ՝ օրինականներիդ, որ գիտութեան բանալիքը վեր էք առել. Դուք չէք մտել, եւ մտնողներին էլ արգիլել էք։
53Եւ երբոր այս բաներն ասում էր նորանց, դպիրները եւ Փարիսեցիներն սկսեցին սաստիկ ստիպել, եւ շատ բաների համար նորա հետ հակառակել. 54Եւ նորան աչքի տակ առած՝ ուզում էին, * նորա բերանիցը մի բան որսալ, որ ամբաստանեն նորան։
*11.2 Մատ. զ. 9։
*11.8 Գլ. ժը. 1 —լն։
*11.9 Մատ. է. 7։ իա. 22։ Մար. ժա. 24։ Յովհ. ժե. 7։ Յակ. ա. 6։ ա Յովհ. գ. 22։
*11.11 Մատ. է. 9։
*11.14 Մատ. թ. 32։ ժբ. 22։
*11.15 Մատ. թ. 34։ ժբ. 24։
*11.16 Մատ. ժբ. 38։ ժզ. 1։
*11.17 Մատ. ժբ. 25։ Մար. գ. 24։
*11.17 Յովհ. բ. 25։
*11.20 Ել. ը. 19։
*11.21 Մատ. ժբ. 29։ Մար. գ. 27։
*11.22 Ես. ծգ. 12։ Կող. բ. 15։
*11.23 Մատ. ժբ. 30։
*11.24 Մատ. ժբ. 43։
*11.26 Յովհ. ե. 14։ Եբր. զ. 4։ ժ. 26։ բ Պետ. բ. 20։
*11.27 Գլ. ա. 28, 48։
*11.28 Մատ. է. 21։ Գլ. ը. 21։ Յակ. ա. 25։
*11.29 Մատ. ժբ. 38, 39։
*11.30 Յովն. ա. 17։ բ. 10։
*11.31 գ Թագ. ժ. 1։
*11.32 Յովն. գ. 5։
*11.33 մատ. ե. 15։ Մար. դ. 21։ Գլ. ը. 16։
*11.34 Մատ. զ. 22։
*11.38 Մար. է. 3։
*11.39 Մատ. իգ. 25։
*11.39 Տիտ. ա. 15։
*11.41 Ես. ծը. 7։ Դան. դ. 27։ Գլ. ժբ. 33։
*11.42 Մատ. իգ. 23։
*11.43 Մատ. իգ. 6։ Մար. ժբ. 38, 39։
*11.44 Մատ. իգ. 27։
*11.44 Սաղ. ե. 9։
*11.46 Մատ. իգ. 4։
*11.47 Մատ. իգ. 29։
*11.49 Մատ. իգ. 34։
*11.51 Ծն. դ. 8։
*11.51 բ Մն. իդ. 20, 21։
*11.52 Մատ. իգ. 13։
*11.54 Մար. ժբ. 13։