Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսը լուանում է իր աշակերտների ոտները և յորդորում է որ խոնարհ լին…

Քրիստոսը լուանում է իր աշակերտների ոտները և յորդորում է որ խոնարհ լինին։ Կանխաւ իմացնում է թէ Յուդան իրան մատնելու է և թէ Պետրոսը ուրանալու է։

1* Զատկի տօնիցն առաջ՝ Յիսուսը գիտաց, * որ իր ժամը հասել է, որ այս աշխարհքիցը փոխուի դէպի Հայրը, իրաններին՝ որ այս աշխարհքումն են՝ սիրեց. Եւ մինչեւ վերջը սիրեց նորանց։

2Եւ երբոր ընթրիք էր լինում, * սատանան արդէն Յուդա Սիմօնեան Իսկարիովտացու սրտի մէջ էր գցել, որ մատնէ նորան։ 3Յիսուսը գիտենալով որ * Հայրն ամեն բան իր ձեռն է տուել, եւ * որ Աստուածանից դուրս եկաւ, եւ Աստուծոյ մօտ է գնում. 4* Ընթրիքիցը վերկացաւ եւ հանդերձները վայր դրաւ, եւ մի ղենջակ առաւ իր մէջքը պատեց։ 5Յետոյ ջուր ածեց կոնքը, եւ սկսեց աշակերտների ոտները լուանալ, եւ այն ղենջակովը սրբել որ մէջքին պատած էր։ 6Եւ Սիմօն Պետրոսի մօտ եկաւ. Եւ նա նորան ասեց. * Տէր, դո՞ւ ես իմ ոտները լուանում։ 7Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, * բայց սորանից յետոյ կ’իմանաս։ 8Պետրոսը նորան ասեց. Դու իմ ոտները չես լուանալ յաւիտեան. Յիսուսը պատասխանեց նորան. * Եթէ քեզ չ’լուանամ, ինձ հետ բաժին չ’ունիս։ 9Սիմօն Պետրոսն ասեց նորան. Տէր, ոչ թէ իմ ոտները միայն, այլ իմ ձեռքերը եւ գլուխն էլ։ 10Յիսուսը նորան ասեց. Լուացածին բան պէտք չէ, բացի ոտները լուանալ. Այլ բոլորովին մաքուր է. * եւ դուք մաքուր էք, բայց ոչ թէ ամենքդ։ 11* Որովհետեւ գիտէր իրան մատնիչին. Նորա համար ասեց, Ոչ թէ ամենքդ մաքուր էք։ 12Եւ երբոր նորանց ոտները լուացաւ, իր հանդերձներն առաւ՝ եւ դարձեալ սեղան նստեց եւ նորանց ասեց. Գիտէ՞ք ես ինչ արի ձեզ։ 13* Դուք ինձ կանչում էք Վարդապետ եւ Տէր, եւ լաւ էք ասում, որովհետեւ եմ։ 14* Արդ եթէ ես Տէրս եւ Վարդապետս՝ ձեր ոտները լուացի, * դուք էլ պէտք է իրար ոտները լուանաք։ 15Որովհետեւ ես * ձեզ օրինակ տուի, որ ինչպէս ես ձեզի արի, դուք էլ անէք։ 16* Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ծառան իր տէրիցը մեծ չէ. Ոչ էլ ուղարկուածը մեծ է իրան ուղարկողիցը։ 17* Եթէ այս գիտէք, երանելի էք՝ թէ որ այս անէք։ 18Ձեր բոլորիդ համար չեմ ասում. Ես գիտեմ նորանց, որ ընտրեցի. Բայց որ գրուածը կատարուի, թէ * Նա որ ինձ հետ հաց էր ուտում, ինձ դէմ իրան կրունկը բարձրացրեց։ 19* Հիմիկուց ասում եմ ձեզ՝ լինելուց առաջ, որ երբոր լինի՝ հաւատաք թէ ես եմ։ 20* Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ով որ ընդունէ նորան, որ ես կ’ուղարկեմ, ինձ է ընդունում. Եւ ինձ ընդունողը ինձ ուղարկողին է ընդունում։

21* Յիսուսն այս ասելով * տրտմեց հոգովը, եւ վկայեց եւ ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ * Ձեզանից մէկը կ’մատնէ ինձ։ 22Աշակերտներն էլ իրար մտիկ էին տալիս տարակուսած, թէ ո՞ւմ համար է ասում։ 23* Եւ նորա աշակերտներից մէկը Յիսուսի գոգին նստած էր, որին Յիսուսը սիրում էր։ 24Սիմօն Պետրոսը նորան ակնարկեց որ հարցնէ թէ նա ո՞վ է, որի համար ասում է։ 25Եւ նա Յիսուսի լանջքովն ընկած, ասեց նորան. Տէր, նա ո՞վ է։ 26Յիսուսը պատասխանեց. Նա է՝ որ ես պատառը թաց կ’անեմ եւ նորան կ’տամ. Եւ պատառը թաց արաւ եւ տուաւ Յուդա Սիմօնեան Իսկարիովտացուն։ 27* Եւ պատառիցը յետոյ սատանան մտաւ նորա մէջ. Եւ Յիսուսը նորան ասեց. Ինչ որ անում ես՝ շուտով արա։ 28Եւ այս բանը սեղան նստողներից ոչ ով չ’իմացաւ, թէ ի՞նչ պատճառով ասեց նորան։ 29Որովհետեւ ոմանք կարծում էին, թէ որովհետեւ Յուդան * քսակն ունէր, Յիսուսը նորան ասեց, թէ առ՝ ինչ որ այս տօնին պէտք է մեզ. Կամ թէ աղքատներին բան տայ։ 30Եւ նա երբոր պատառն առաւ, շուտով դուրս գնաց, եւ գիշեր էր։

31Եւ երբոր դուրս գնաց, Յիսուսն ասեց. * Հիմա մարդի Որդին փառաւորուեցաւ. Եւ * Աստուած նորանում փառաւորուեցաւ։ 32* Եթէ Աստուած նորանում փառաւորուեցաւ, Աստուած էլ նորան կ’փառաւորէ իր անձումը. * եւ շուտով կ’փառաւորէ նորան։ 33Որդեակք, տակաւին մի քիչ ժամանակ էլ ձեզ հետ եմ. Ինձ կ’որոնէք, * եւ ինչպէս Հրէաներին ասեցի, թէ Որտեղ որ ես եմ գնում, դուք չէք կարող գալ. Եւ հիմա էլ ձեզ եմ ասում։ 34* Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, * որ իրար սիրէք. Ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք։ 35* Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք։ 36Սիմօն Պետրոսը նորան ասեց. Տէր, ո՞ւր ես գնում. Յիսուսը պատասխանեց նորան. Որ տեղ որ ես գնում եմ, դու հիմա չես կարող իմ ետեւից գալ. * բայց յետոյ իմ ետեւից կ’գաս։ 37Պետրոսը նորան ասեց. Տէր, ի՞նչու չեմ կարող հիմա քո ետեւից գալ. * իմ անձը քեզ համար կ’դնեմ։ 38Յիսուսը պատասխանեց նորան. Քո ա՞նձը կ’դնես ինձ համար. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, որ հաւը դեռ չի խօսիլ, որ դու երեք անգամ կ’ուրանաս ինձ։

*13.1 Մատ. իզ. 2։

*13.1 Գլ. ժբ. 23։ ժէ. 1, 11։

*13.2 Ղուկ. իբ. 3։ Հմր. 27։

*13.3 Մատ. ժա. 27։ իը. 18։ Գլ. գ. 35։ ժէ. 2։ Գոր. բ. 36։ ա Կոր. ժե. 27։ Եբր. բ. 8։

*13.3 Գլ. ը. 42։ ժզ. 28։

*13.4 Ղուկ. իբ. 27։ Փիլ. բ. 7, 8։

*13.6 Տես Մատ. գ. 14։

*13.7 Հմր. 12։

*13.8 Գլ. գ. 5։ ա Կոր. զ. 11։ Եփես. ե. 26։ Տիտ. գ. 5։ Եբր. ժ. 22։

*13.10 Գլ. ժե. 3։

*13.11 Գլ. զ. 65։

*13.13 Մատ. իգ. 8, 10։ Ղուկ. զ. 46։ ա Կոր. ը. 6։ ժբ. 3։ Փիլ. բ. 11։

*13.14 Ղուկ. իբ. 27։

*13.14 Հռովմ. ժբ. 10։ Գաղ. զ. 1, 2։ ա Պետ. ե. 5։

*13.15 Մատ. ժա. 29։ Փիլ. բ. 5։ ա Պետ. բ. 21։ ա Յովհ. բ. 6։

*13.16 Մատ. ժ. 24։ Ղուկ. զ. 40։ Գլ. ժե. 20։

*13.17 Յակ. ա. 25։

*13.18 Սաղ. խա. 9։ Մատ. իզ. 23։ Հմր. 21։

*13.19 Գլ. ժդ. 29։ ժզ. 4։

*13.20 Մատ. ժ. 40։ իե. 40։ Ղուկ. ժ. 16։

*13.21 Մատ. իզ. 21։ Մար. ժդ. 18։ Ղուկ. իբ. 21։

*13.21 Գլ. ժա. 33։ ժբ. 27։

*13.21 Գոր. ա. 17։ ա Յովհ. բ. 19։

*13.23 Գլ. ժթ. 26։ ի. 2։ իա. 7, 20, 24։

*13.27 Ղուկ. իբ. 3։ Գլ. զ. 71։

*13.29 Գլ. ժբ. 6։

*13.31 Գլ. ժբ. 23։

*13.31 Գլ. ժդ. 13։ ա Պետ. դ. 11։

*13.32 Գլ. ժէ. 1, 4-6։

*13.32 Գլ. ժբ. 23։

*13.33 Գլ. է. 34։ ը. 21։

*13.34 ա Յովհ. բ. 7, 8։ գ. 11։ բ Յովհ. 5։

*13.34 Ղև. ժթ. 18։ Գլ. ժե. 12, 17։ Հռովմ. ժգ. 8։ Գաղ. ե. 14, 22։ Եփես. ե. 2։ ա Թես. դ. 9։ Յակ. բ. 8։ ա Պետ. ա. 22։ դ. 8։ ա Յովհ. դ. 7, 11։

*13.35 ա Յովհ. բ. 5։ դ. 20։

*13.36 Գլ. իա. 18։ բ Պետ. ա. 14։

*13.37 Մատ. իզ. 33-35։ Մար. ժդ. 29-31։ Ղուկ. իբ. 33, 34։