Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սրահի միջի ողջակէզի սեղանը, պղնձի աւազանը։ Ժողովուրդի ընծայած ոսկին, …
Սրահի միջի ողջակէզի սեղանը, պղնձի աւազանը։ Ժողովուրդի ընծայած ոսկին, արծաթը և պղինձը։
1Եւ շինեց * ողջակէզի սեղանը Սատիմի փայտից. Նորա երկայնութիւնը հինգ կանգուն՝ եւ նորա լայնութիւնը հինգ կանգուն՝ քառակուսի, եւ նորա բարձրութիւնը երեք կանգուն։ 2Եւ նորա եղջիւրները նորա չորս անկիւններին շինեց, նորա եղջիւրներն իրանից էին. Եւ պղնձով պատեց նորան։ 3Եւ սեղանի բոլոր գործիքները՝ այսինքն թաղարները եւ թիակները եւ կոնքերը և մսահանները ու կրակի ամանները շինեց. Նորա բոլոր գործիքները շինեց պղնձից։ 4Եւ սեղանի համար՝ մի ցանցակերպ գահաւորակ շինեց պղնձից նորա շրջանակի տակ ներքեւիցը մինչեւ նորա կէսը։ 5Եւ այն պղնձի գահաւորակի չորս անկիւններին չորս օղակներ ձուլեց ձողերին տեղեր լինելու համար։ 6Եւ շինեց ձողերը Սատիմի փայտից եւ պղնձով պատեց նորանց։ 7Եւ ձողերը սեղանի մօտ եղած օղակներին անցկացրեց, որ նա նորանցով վեր առնուի՝ մէջը դարտակ եւ տախտակներից շինեց նորան։
8Եւ պղնձի աւազանը եւ նորա * պղնձի խարիսխը շինեց ժողովքի խորանի դրանը խումբերով ժողովուող կանանց հայելիներից։
9Եւ * սրահը շինեց. Հարաւային կողմի համար դէպի հարաւ սրահի առագաստները մանած բարակ քթանից հարիւր կանգուն. 10Նորանց սիւները քսան՝ եւ նորանց պղնձի խարիսխները քսան. Սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի էին։ 11Եւ հիւսիսային կողմի համար հարիւր կանգուն, սիւները քսան եւ նորանց խարիսխները քսան՝ պղնձից. Սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի էին։ 12Եւ արեւմտեան կողմի համար՝ առագաստները յիսուն կանգուն. Նորանց սիւները տասը՝ եւ նորանց խարիսխները տասն էին. Սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի էին։ 13Եւ արեւելեան կողմի համար դէպի արեւելք յիսուն կանգուն։ 14Մէկ կողմի առագաստները տասնեւհինգ կանգուն՝ նորանց սիւները երեք՝ ու նորանց խարիսխները երեք։ 15Եւ միւս կողմի համար էլ՝ այսինքն սրահի դրանը այս կողմից եւ միւս կողմից առագաստները տասնեւհինգ կանգուն՝ նորանց սիւները երեք՝ եւ նորանց խարիսխները երեք էին։ 16Սրահի բոլոր առագաստները շուրջանակի մանած բարակ քթանից էին։ 17Եւ սիւների խարիսխները պղնձից՝ սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի՝ եւ նորանց խոյակները արծաթապատ՝ եւ սրահի բոլոր սիւներն էլ արծաթի կարթերով էին։ 18Եւ սրահի դրան վարագոյրը նկարագործ էր, կապուտակից եւ ծիրանեգոյնից՝ եւ կրկնակի կարմիրից՝ ու մանած բարակ քթանից. Երկայնութիւնը քսան կանգուն՝ եւ լայնութեան միջի բարձրութիւնը հինգ կանգուն էր սրահի վարագոյրների համեմատ։ 19Եւ նորանց սիւները չորս՝ եւ նորանց պղնձի խարիսխները չորս, նորանց բեւեռները արծաթի՝ եւ նորանց խոյակները արծաթապատ եւ կարթերը արծաթի էին։ 20Եւ խորանի ու շուրջանակի սրահի բոլոր ցիցերը պղնձի էին։
21Այս է խորանի՝ այսինքն * վկայութեան խորանի հաշիւը. Որ Մովսէսի պատուիրածին պէս՝ Ղեւտացիների պաշտօնի համար Ահարօն քահանայի որդի * Իթամարի ձեռքովը հաշուեցաւ։ 22Եւ * Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիէլն Յուդայի ցեղիցն՝ արաւ այն ամենը որ Եհովան Մովսէսին պատուիրեց։ 23Եւ նորա հետ Դանի ցեղիցն Աքիսամայի որդի Ոողիաբ քանդակագործը եւ ճարտարագէտը՝ կապուտակով եւ ծիրանեգոյնով եւ կրկնակի կարմիրով ու բարակ քթանով նկարագործողը։
24Բոլոր ոսկին որ այս շինուածքի համար գործածուեցաւ, այսինքն սրբարանի բոլոր շինուածքի համար նուիրուած ոսկին՝ քսանեւինը տաղանդ եւ եօթը հարիւր երսուն սիկղ էր * սրբարանի սիկղի համեմատ։ 25Եւ ժողովքի համարուողների արծաթը՝ հարիւր տաղանդ եւ հազար եօթը հարիւր եօթանասունեւհինգ սիկղ էր սրբարանի սիկղի համեմատ։ 26* Մարդ գլուխ կէս սիկղ, այսինքն սիկղի կէսը սրբարանի սիկղի համեմատ ամեն մէկից որ անցնում էր համարուելով քսան տարեկանը եւ նորանից վեր. Այսինքն * վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն մարդկանցից։ 27Եւ գնաց հարիւր տաղանդ արծաթը սրբարանի * խարիսխները եւ վարագոյրի խարիսխները ձուլելու համար հարիւր տաղանդից հարիւր խարիսխ՝ մէկ տաղանդը մէկ խարիսխի։ 28Եւ այն հազար եօթը հարիւր եօթանասունեւհինգ սիկղ արծաթիցը շինեց սիւների բեւեռները, եւ նորանց խոյակները պատեց, եւ կարթեց նորանց։ 29Եւ նուիրուած պղինձը եօթանասուն տաղանդ ու երկու հազար չորս հարիւր սիկղ էր։ 30Եւ նորանից շինեց ժողովքի խորանի դրան խարիսխները եւ պղնձի սեղանը եւ նորա պղնձի գահաւորակը եւ սեղանի բոլոր գործիքները, 31Եւ շուրջանակի սրահի խարիսխները եւ սրահի դրան խարիսխները եւ խորանի բոլոր ցիցերը եւ շուրջանակի սրահի բոլոր ցիցերը։
*38.1 Գլ. իէ. 1-8։
*38.8 Գլ. լ. 18։
*38.9 Գլ. իէ. 9-19։
*38.21 Թու. ա. 50, 53։ թ. 15։ ժ. 11։ ժէ. 7, 8։ ժը. 2։ բ Մն. իդ. 6։ Գոր. է. 44։
*38.21 Թու. գ. 28, 33։
*38.22 Գլ. լա. 2, 6։
*38.24 Գլ. լ. 13, 24։ Ղև. ե. 15։ իէ. 3, 25։ Թու. գ. 47։ ժը. 16։
*38.26 Գլ. լ. 13, 15։
*38.26 Թու. ա. 46։
*38.27 Գլ. իզ. 19, 21, 25, 32։