Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսը յանդիմանում է Փարիսեցիներին։ Բժշկում է Քանանացի կնոջ աղջկանը…
Քրիստոսը յանդիմանում է Փարիսեցիներին։ Բժշկում է Քանանացի կնոջ աղջկանը, և այլ հրաշքներ գործում։
1Այն ժամանակ Երուսաղէմացի դպիրները եւ Փարիսեցիները * Յիսուսի մօտ եկան եւ ասեցին. 2Ի՞նչու համար քո աշակերտները * ծերերի աւանդութիւնը զանց են անում , որովհետեւ իրանց ձեռքերը չեն լուանում, երբոր հաց են ուտում։ 3Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Ապա դուք ի՞նչու էք Աստուծոյ պատուիրանքը զանց անում ձեր աւանդութեան համար։ 4Որովհետեւ Աստուած պատուիրեց եւ ասեց. * Պատուիր քո հօրը եւ մօրը։ 5* Եւ իր հօրը կամ մօրը * բամբասողը մահով մեռնի։ 6Բայց դուք ասում էք. Թէ Ո՛վ որ հօրը կամ մօրը ասէ՝ * պատարագ է այն որ ինձանից պիտի շահուէիր, նա թող չ’պատուէ իր հօրը եւ իր մօրը։ Եւ ձեր աւանդութեան համար Աստուծոյ պատուէրը խափանել էք։ 7* Կեղծաւորներ, լաւ մարգարէացաւ ձեր մասին Եսայիան ասելով. 8* Այս ժողովուրդը իրան բերանովն է մօտենում ինձ, եւ շրթունքներովն է ինձ պատվում, բայց իրանց սիրտն ինձանից հեռացած ջոկուած է։ 9Զուր տեղն են պաշտում ինձ՝ վարդապետութիւններ սովորեցնելով, * որ մարդկանց պատուէրներ են։ 10* Եւ ժողովուրդներն իրան մօտ կանչելով, ասեց նորանց. Լսեցէք եւ իմացէք. 11* Ոչ թէ բերանը մտնողն է պղծում մարդին, այլ բերանիցը դուրս եկողը՝ նա է պղծում մարդին։
12Այն ժամանակ նորա աշակերտները մօտ գալով ասեցին նորան. Գիտե՞ս որ Փարիսեցիներն այն խօսքը լսելով գայթակղուեցին։ 13Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. * Ամեն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չ’տնկեց, կ’պոկուի։ 14Թոյլ տուէք նորանց. * կոյր առաջնորդներ են կոյրերի, եւ երբոր կոյրը կոյրին առաջնորդէ, երկուսն էլ փոսի մեջ կ’ընկնեն։ 15* Պետրոսը նորան պատասխան տուաւ եւ ասեց. Այս առակը մեկնիր մեզ։ 16Յիսուսն էլ ասեց. Դո՞ւք էլ տակաւին անխելք էք։ 17* Տակաւին չէ՞ք հասկանում, թէ * ամեն ինչ որ բերանն է մտնում, փորն է գնում եւ արտաքնոցն է գցվում։ 18Բայց * բերանիցը դուրս եկող բաները սրտիցն են դուրս գալիս, եւ նորանք են մարդին պղծում։ 19* Որովհետեւ սրտիցը դուրս են գալիս չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյութիւններ։ 20Սորանք են մարդին պղծողը, բայց անլուայ ձեռքով ուտելը մարդին չէ պղծում։
21Եւ * Յիսուսը այնտեղից դուրս եկաւ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը։ 22Եւ ահա մի Քանանացի կին այն սահմաններից դուրս եկած աղաղակում էր նորան եւ ասում. Ողորմիր ինձ, Տէ՛ր, Դաւիթի Որդի, իմ աղջիկը չարաչար դիւահարվում է։ 23Եւ նա նորան մէկ խօսք պատասխան չ’տուաւ. Եւ նորա աշակերտները մօտ գալով աղաչում էին նորան եւ ասում. Արձակիր դորան, որովհետեւ մեր ետեւիցն աղաղակում է։ 24Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. * Ես չեմ ուղարկուել՝ եթէ ոչ Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։ 25Այն կինն էլ եկաւ՝ նորան երկրպագում էր եւ ասում. Տէ՛ր, օգնիր ինձ։ 26Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Լաւ չէ երեխաների հացն առնել եւ * շներին գցել։ 27Նա էլ ասեց. Այո, Տէր, սակայն շներն էլ իրանց տէրերի սեղանից ընկած փշրանքներիցն են ուտում։ 28Այն ժամանակ Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց նորան. Ով կին, մեծ է քո հաւատքը. Քեզ լինի ինչպէս ուզում ես. Եւ նորա աղջիկը բժշկուեց նոյն ժամիցը։
29Եւ * Յիսուսը այնտեղից գնալով * Գալիլեայի ծովի մօտ եկաւ, եւ վեր ելաւ սարը՝ այնտեղ նստեց։ 30Եւ * շատ ժողովուրդներ եկան նորա մօտ, որ իրանց հետ ունէին կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ, եւ ուրիշ շատեր, եւ նորանց գցեցին Յիսուսի ոտները, եւ նա նորանց բժշկեց։ 31Մինչեւ որ ժողովուրդները զարմանում էին, տեսնելով համրերին խօսելիս, հաշմանդամներին առողջ, կաղերին գնալիս եւ կոյրերին տեսնելիս. Եւ փառաւորեցին Իսրայէլի Աստուծուն։
32Եւ * Յիսուսը իր աշակերտները մօտը կանչելով ասեց. Գութս շարժում է այս ժողովրդի վերայ, որովհետեւ արդէն երեք օր է իմ մօտս են եւ բան չ’ունին որ ուտեն. Եւ նորանց չեմ ուզում սոված ճանապարհ գցել, մի գուցէ նուաղեն ճանապարհումը։ 33Եւ * նորա աշակերտները նորան ասեցին. Ո՞րտեղից է մեզ այս անապատումը այնչափ հաց, որ այդքան ժողովուրդը կշտացնենք։ 34Եւ Յիսուսը նորանց ասեց. Քա՞նի հաց ունիք. Նորանք էլ ասեցին, Եօթը, եւ մի քանի փոքր ձկներ։ 35Եւ նա հրամայեց ժողովրդին, որ գետնի վերայ նստեն։ 36Եւ այն * եօթն հացը եւ ձկներն առաւ, * գոհացաւ, կտրեց եւ իր աշակերտներին տուաւ, եւ աշակերտները ժողովրդին։ 37Եւ ամենքը կերան եւ կշտացան. Եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ լիքը վեր առան։ 38Եւ ուտողները չորս հազար մարդիկ էին՝ կանանցից եւ երեխաներից ջոկ։
39Եւ * ժողովուրդներն արձակելուց յետոյ մտաւ նաւը եւ եկաւ Մագդաղէի սահմանները։
*15.1 Մար. է. 1 ևլն։
*15.2 Կող. բ. 8։
*15.4 Ել. ի. 12։ Ղև. ժթ. 3։ բ Օր. ե. 16։ Առակ. իգ. 22։ Եփես. զ. 2։
*15.5 Ել. իա. 17։ Ղև. ի. 9։ բ Օր. իէ. 16։ Առակ. ի. 20։ լ. 17։
*15.5 Կամ՝ անիծողը
*15.6 Մար. է. 11, 12։
*15.7 Մար. է. 6։
*15.8 Ես. իթ. 13։ Եզեկ. լգ. 31։
*15.9 Ես. իթ. 13։ Կող. բ. 18-22։ Տիտ. ա. 14։
*15.10 Մար. է. 14։
*15.11 Գոր. ժ. 15։ Հռովմ. ժդ. 14, 17, 20։ ա Տիմ. դ. 4։ Տիտ. ա. 15։
*15.13 Յովհ. ժե. 2։ ա Կոր. գ. 12 ևլն։
*15.14 Ես. թ. 16։ Մաղ. բ. 8։ Գլ. իգ. 16։ Ղուկ. զ. 39։
*15.15 Մար. է. 17։
*15.17 Գլ. ժզ. 9։
*15.17 ա Կոր. զ. 13։
*15.18 Յակ. գ. 6։
*15.19 Ծն. զ. 5։ Երեմ. ժէ. 9։ Մար. է. 21։
*15.21 Մար. է. 24։
*15.24 Գլ. ժ. 5, 6։ Գոր. գ. 25, 26։ ժգ. 46։ Հռովմ. ժե. 8։
*15.26 Գլ. է. 6։ Փիլ. գ. 2։
*15.29 Մար. է. 31-37։
*15.29 Գլ. դ. 18։
*15.30 Ես. լե. 5, 6։ Գլ. ժա. 5։ Ղուկ. է. 22։
*15.32 Մար. ը. 1։
*15.33 դ Թագ. գ. 43։
*15.36 Գլ. ժդ. 19։
*15.36 ա Թագ. թ. 13։ Ղուկ. իբ. 19։
*15.39 Մար. ը. 10։