Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Կանայք իրանց ստացուածքովը ծառայում են Քրիստոսին։ Սերմնացանի և ճրագի ա…

Կանայք իրանց ստացուածքովը ծառայում են Քրիստոսին։ Սերմնացանի և ճրագի առակները։ Թէ ովքեր են Քրիստոսի մայրը և եղբայրները։ Քրիստոսը հանդարտեցնում է ալէկոծութիւնը, բժշկում է մի դիւահար մարդի և մի տեռատես կնոջ, յարուցանում է Յայրոսի աղջկանը։

1Եւ նորանից յետոյ եղաւ, որ նա ման էր գալիս քաղաքները եւ գիւղերը քարոզելով եւ Աստուծոյ արքայութիւնն աւետարանելով. Եւ այն տասնեւերկուսն էլ նորա հետ. 2* Եւ մի քանի կանայք, որ չար ոգիներից եւ հիւանդութիւններից բժշկուած էին. Մագդաղենացի կոչուած Մարիամը, * որ նորանից եօթը դեւ էին դուրս եկել. 3Եւ Յովհաննան՝ Հերովդէսի տան տեսուչ՝ Քուզայի կինը, եւ Շուշանը, եւ շատ ուրիշներ, որ իրանց ստացուածքներիցը նորան ծառայութիւն էին անում։

4* Եւ երբոր մեծ բազմութիւն էր հաւաքուած, եւ ամեն մէկ քաղաքից նորա մօտ եկան, առակով ասեց. 5Սերմ ցանողը դուրս գնաց իր սերմը ցանելու. Եւ նա սերմելիս՝ որը ճանապարհի մօտ ընկաւ՝ եւ կոխուեցաւ, եւ երկնքի թռչունները նորան կերան։ 6Եւ ուրիշը ապառաժի վերայ ընկաւ. Եւ բուսնելու ժամանակին չորացաւ՝ հիւթի պակասութեան պատճառովը։ 7Եւ ուրիշն ընկաւ փշերի մէջ, եւ փշերը նորա հետ բուսան եւ խեղդեցին նորան։ 8Եւ ուրիշն ընկաւ այն բարի եւ պարարտ երկրի վերայ. Եւ բուսաւ՝ հարիւրապատիկ պտուղ տուաւ. Այս բաները խօսելիս՝ աղաղակեց. Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։

9* Աշակերտներն էլ նորան հարցնում էին, թէ Ի՞նչ է այն առակը։ 10Նա էլ ասեց. Ձեզ տրուած է Աստուծոյ արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց ուրիշներին՝ առակներով խօսում եմ. * որ տեսնելով չ’տեսնեն, եւ լսելով չ’իմանան։

11* Արդ առակն այս է. Սերմը Աստուծոյ խօսքն է։ 12Ճանապարհի մօտինն էլ նորանք են, որ լսում են եւ յետոյ սատանան գալիս է եւ խօսքը նորանց սրտիցը հանում է, որ չ’հաւատան՝ եւ փրկուին։ 13Ապառաժի վերայիններն էլ նորանք են, որ երբոր կ’լսեն, խօսքը ուրախութիւնով ընդունում են. Սակայն սորանք արմատ չ’ունին. Մի առ ժամանակ հաւատում են, բայց փորձութեան ժամանակին հեռանում են։ 14Փշերի մէջ ընկողն էլ նորանք են, որ խօսքը լսած են լինում, բայց հոգսերից եւ հարստութիւնից եւ կեանքի զուարճութիւններից՝ գնալով խեղդվում են, եւ անպտուղ են լինում։ 15Բայց այն պարարտ երկրի միջինը, նորանք են, որ բարի եւ յօժար սրտով խօսքը լսում եւ ընդունում են, եւ համբերութիւնով պտուղ են տալիս։

16* Ոչ ով ճրագ չի վառիլ եւ անօթով թագցնիլ՝ կամ մահիճի տակ դնիլ. Այլ ճրագակալի վերայ կ’դնէ, որ ներս մտնողները լոյսը տեսնեն։ 17* Որովհետեւ ծածուկ բան չ’կայ՝ որ չ’յայտնուի. Եւ ոչ թագուն բան, որ չ’իմացուի եւ յայտնուի։ 18Ուրեմն տեսէք թէ ինչպէս էք լսում. * որովհետեւ ով որ ունի, նորան կ’տրուի, եւ ով որ չ’ունի, այն էլ որ կարծում է թէ ունի, նորանից վեր կ’՛առնուի։

19* Եւ նորա մայրը եւ նորա եղբայրները նորա մօտ եկան, եւ չէին կարողանում բազմութեան պատճառով նորա մօտ հասնել։ 20Նորան իմաց արին եւ ասեցին. Մայրդ եւ եղբայրներդ դուրսը կանգնած ուզում են քեզ տեսնել։ 21Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Իմ մայրը եւ իմ եղբայրները նորանք են, որ Աստուծոյ խօսքը լսում են եւ անում։

22* Եւ մէկ օր եղաւ, որ նա նաւ մտաւ, եւ նորա աշակերտներն էլ, եւ նա ասեց նորանց. Անց կենանք ծովակի միւս կողմը. Եւ ճանապարհ ընկան։ 23Եւ երբոր նաւով գնում էին՝ նա քնեց. Եւ քամու փոթորիկ ընկաւ այն ծովակի մէջ, եւ նաւը լցվում էր, եւ վտանգի մէջ էին։ 24Եւ մօտ եկան. Նորան արթնացրին եւ ասեցին. Վարդապետ, վարդապետ, կորչում ենք. Նա էլ վերկացաւ, եւ քամուն եւ ջրի ալէկոծութեանը սաստեց, եւ հանդարտեցին, եւ խաղաղութիւն եղաւ։ 25Եւ ասեց նորանց. Ո՞ւր է ձեր հաւատքը, եւ նորանք խիստ վախեցան զարմացան, եւ իրար ասում էին. Սա ո՞վ է արդեօք որ քամիներին եւ ջրերին էլ է հրաման տալիս, եւ հնազանդում են սորան։

26* Եւ նաւով գնացին * Գադարացիների երկիրը, որ Գալիլեայի դիմացի կողմն է։ 27Եւ նա դուրսը ցամաքը գնալիս, քաղաքիցը մի մարդ պատահեց նորան, որ դեւեր ունէր բաւական ժամանակից հետէ, եւ հագուստ չէր հագած եւ տան մէջ չէր կենում այլ գերեզմաններումը։ 28Եւ Յիսուսին որ տեսաւ, աղաղակեց եւ նորա առաջին ընկաւ, եւ մեծ ձայնով ասեց. Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, Յիսուս՝ Որդի բարձրեալ Աստուծոյ. Աղաչում եմ քեզ՝ մի տանջիր ինձ։ 29Որովհետեւ նա պիղծ ոգուն հրամայում էր որ այն մարդուցը դուրս գայ. Որովհետեւ շատ ժամանակ էր որ յափշտակել էր նորան, եւ շղթաներով ու ոտնակապերով կապուած պահվում էր, բայց կապանքները կտրում էր, եւ դեւիցը անապատ տեղեր էր տարվում։ 30Յիսուսն էլ նորան հարցրեց՝ եւ ասեց. Անունդ ի՞նչ է. Նա էլ ասեց. Լեգէոն, որովհետեւ շատ դեւեր էին մտած նորա մէջ։ 31Եւ աղաչում էին նորան, որ չ’հրամայէ նորանց * գնալ անդունդը։ 32Եւ այնտեղ շատ խոզերի մի երամակ կար, որ այն սարի վերայ արածում էին, եւ նորանք աղաչում էին նորան, որ հրաման տայ իրանց մտնել նորանց մէջը. Եւ նա հրաման տուաւ նորանց։ 33Դեւերն էլ այն մարդիցը դուրս եկան՝ խոզերի մէջ մտան. Եւ երամակն այն գահավէժ տեղիցը վազեց ծովակի մէջ եւ խեղդուեցաւ։ 34Խոզարածներն էլ որ տեսան այն եղած բաները, փախան եւ գնացին քաղաքի եւ ագարակների մէջ պատմեցին։ 35Եւ դուրս ելան այն եղած բանը տեսնելու։ Եւ Յիսուսի մօտ եկան, եւ նստած գտան այն մարդը որից դեւերը դուրս էին եկել, հագուած եւ զգաստացած Յիսուսի ոտների մօտ. Եւ վախեցան։ 36Եւ նորանք էլ որ տեսել էին, պատմեցին նորանց, թէ ինչպէս փրկուեցաւ դիւահարը։ 37* Եւ Գադարացիների շրջակայքի բոլոր բազմութիւնը աղաչեցին նորան * որ իրանցից գնայ որ մեծ ահով բռնուած էին. Նա էլ նաւ մտաւ՝ ետ դառաւ։ 38Եւ * այն մարդն էլ, որից դեւերը դուրս էին եկել, նորան աղաչում էր, որ նորա հետ լինի. Բայց Յիսուսը արձակեց նորան եւ ասեց. 39Դարձիր քո տունը, եւ պատմիր ինչ որ Աստուած քեզ արաւ. Եւ նա գնաց քարոզում էր բոլոր քաղաքումը ինչ որ Յիսուսը իրան արաւ։

40Եւ եղաւ երբոր Յիսուսը ետ դառաւ, ժողովուրդն ընդունեց նորան. Որովհետեւ ամենքն սպասում էին նորան։ 41Եւ * ահա մի մարդ եկաւ՝ անունն Յայրոս, եւ նա ժողովարանի իշխան էր. Եւ Յիսուսի ոտներն ընկնելով աղաչում էր նորան, որ իր տունը մտնէ։ 42Որովհետեւ մի միածնունդ աղջիկ ունէր, իբր տասնեւերկու տարեկան, եւ նա մեռնում էր. Եւ նորա գալու ժամանակ՝ ժողովուրդները նեղում էին նորան։

43* Եւ մի կին կար տասնեւերկու տարուց հետէ տեռատեսութեան մէջ, որ իր բոլոր ինչքը բժիշկների ծախսելով չէր կարողացել ոչ մէկից բժշկուիլ։ 44Սա մօտ եկաւ ետեւիցը, նորա հանդերձի ծայրին դպաւ. Եւ իսկոյն նորա արիւնի վազելը կանգնեց։ 45Եւ Յիսուսը ասեց. Ո՞վ է որ ինձ դպաւ. Եւ երբոր ամենքն ուրանում էին, ասեց Պետրոսը եւ նորա հետ լինողները. Վարդապետ, ժողովուրդները սեղմում են քեզ եւ նեղում, եւ դու ասում ես, Ո՞վ է որ ինձ դպաւ։ 46Եւ Յիսուսը ասեց. Մէկը դպաւ ինձ. * որովհետեւ ես իմացայ՝ որ զօրութիւն դուրս եկաւ ինձանից։

47Եւ երբոր տեսաւ կինը, որ ծածուկ չ’մնաց, դողալով եկաւ՝ նորա առաջին ընկաւ, եւ բոլոր ժողովրդի առաջին պատմեց նորան, թէ ինչ պատճառով նորան դպաւ, եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեցաւ։ 48Նա էլ ասեց նորան. Քաջացիր, դուստր, քո հաւատքը բժշկեց քեզ, գնա խաղաղութիւնով։

49* Եւ նա տակաւին խօսելիս ժողովրդապետի տանիցը մէկն եկաւ, եւ նորան ասեց, թէ Աղջիկդ մեռաւ. Մի աշխատացնիր վարդապետին։ 50Բայց Յիսուսը երբոր լսեց, նորան պատասխանեց եւ ասեց. Մի վախենար, միայն հաւատա, եւ կ’ապրի։ 51Եւ երբոր տունն էր մտնում, ոչ ոքի չ’թողեց ներս մտնել, բայց միայն Պետրոսին, եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին, եւ աղջկայ հօրը եւ մօրը։ 52Եւ ամենքը լաց էին լինում եւ նորա վերայ սուգ անում. Եւ նա ասեց, Լաց մի լինիք, մեռած չէ, * այլ քնած է։ 53Բայց ծաղր էին անում նորան, գիտենալով՝ որ մեռել է։ 54Իսկ նա ամենքին դուրս հանեց, եւ նորա ձեռքիցը բռնելով՝ կանչեց եւ ասեց. Աղջիկ, * վեր կաց. 55Եւ նորա հոգին դարձաւ, եւ նա իսկոյն կանգնեց. Եւ հրամայեց, որ նորան բան տան ուտելու։ 56Եւ նորա ծնողքը զարմացան. * եւ նա պատուիրեց, որ ոչ ոքի չ’ասեն եղածը։

*8.2 Մատ. իէ. 55, 56։

*8.2 Մար. ժզ. 9։

*8.4 Մատ. ժգ. 2։ Մար. դ. 1։

*8.9 Մատ. ժգ. 10։ Մար. դ. 10։

*8.10 Ես. զ. 9։ Մար. դ. 12։

*8.11 Մատ. ժգ. 18։ Մար. դ. 14։

*8.16 Մատ. ե. 15։ Մար. դ. 21։ Գլ. ժա. 33։

*8.17 Մատ. ժ. 26։ Գլ. ժբ. 2։

*8.18 Մատ. ժգ. 12։ իե. 29։ Գլ. ժթ. 26։

*8.19 Մատ. ժբ. 46։ Մար. գ. 31։

*8.22 Մատ. ը. 23։ Մար. դ. 35։

*8.26 Մատ. ը. 28։ Մար. ե. 1։

*8.26 Ոմանք՝ Գերգեսացիների

*8.31 Յայտ. ի. 3։

*8.37 Մատ. ը. 34։

*8.37 Գոր. ժզ. 39։

*8.38 Մար ե. 18։

*8.41 Մատ. թ. 18։ Մար. ե. 22։

*8.43 Մատ. թ. 20։

*8.46 Մար. ե. 30։ Գլ. զ. 19։

*8.49 Մար. ե. 35։

*8.52 Յովհ. ժա. 11, 12։

*8.54 Գլ. է. 14։ Յովհ. ժա. 43։

*8.56 Մատ. ը. 4։ թ. 30։ Մար. ե. 43։