Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քահանաների զգեստները և զարդը։ Մովսէսն օրհնում է շինած վերջացրած բաներ…

Քահանաների զգեստները և զարդը։ Մովսէսն օրհնում է շինած վերջացրած բաները։

1Եւ * կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից շինեցին * պաշտօնի հանդերձները՝ սրբարանի մէջ պաշտօն կատարելու համար. Եւ Ահարօնի համար սուրբ զգեստները շինեցին * ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

2Եւ * եփուդը շինեց ոսկուց, կաուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից։ 3Եւ ոսկի թիթեղները ծեծեցին, եւ թել թել կտրեցին, որ կապուտակի, ծիրանեգոյնի եւ կրկնակի կարմիրի եւ բարակ քթանի հետ ճարտար ոստայնագործ բանեցնեն։ 4Ագուցիկ թիկունքներ շինեցին նորան. Երկու ծայրիցը կոճակվում էր։ 5Եւ եփուդի վերայ եղած ժապաւէնը հէնց իրանից էր՝ նորա գործքի համեմատ, ոսկուց, կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից՝ ինչպէս Եհովան Մովսէսին պատուիրել էր։

6Եւ շինեցին * եղնգնաքարերը ոսկի խորշերի մէջ ընդելուզուած և փորագրուած կնիք քանդակողների արհեստի համեմատ իսրայէլի որդիների անուններովը։ 7Եւ դրաւ նորանց եփուդի թիկունքների վերայ, իբրեւ յիշատակի քարեր Իսրայէլի որդիների համար, ինչպէս Եհովան Մովսէսին պատուիրել էր։

8Եւ լանջապանակը շինեց ճարտար ոստայնագործ եփուդի գործի պէս ոսկուց, կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից։ 9Քառակուսի՝ երկու տակ ծալուող շինեցին լանջապանակը. Մէկ թիզ նորա երկայնութիւնը եւ մէկ թիզ լայնութիւնը՝ երկու տակ ծալուող. 10Եւ նորա վերայ ընդելուզեցին չորս կարգ քարեր. Սարդիոնի, տպազիոնի եւ զմրուխտի կարգը առաջին կարգն էր։ 11Եւ երկրորդ կարգը՝ կարկեհան, շափիւղայ եւ ադամանդ էր. 12Եւ երրորդ կարգն էր՝ գոճազմ, ակատ եւ սուտակ։ 13Եւ չորրորդ կարգը ոսկեքար, եղնգնաքար եւ յասպիս. Ոսկի խորշերի մէջ ընդելուզուած էին։ 14Եւ քարերը՝ Իսրայէլի որդիների անունների համեմատ, նորանց անունների պէս տասնեւերկու էին քանդակուած կնիքի պէս՝ ամեն մէկն իր անունովը տասնեւերկու ցեղերի համեմատ։ 15Եւ լանջապանակի վերայ մաքուր ոսկուց ոլորուած հիւսուած շղթաներ շինեցին։ 16Եւ երկու ոսկի խորշ եւ երկու ոսկի օղակ շինեցին. Եւ երկու օղակները լանջապանակի երկու ծայրերին դրին։ 17Եւ այն երկու հիւսուած ոսկի շղթաները լանջապանակի ծայրերին եղած երկու օղակներին անցկացրին։ 18Եւ այն երկու շղթաների միւս երկու ծայրերը այն երկու խորշերին անցկացրին. Եւ եփուդի թիկունքների վերայ դրին նորանց նորա առաջին։ 19Եւ երկու ոսկի օղակներ էլ շինեցին, եւ լանջապանակի ներսի կողմից եփուդի կցուած եզերքի երկու ծայրերին դրին։ 20Եւ ուրիշ երկու ոսկի օղակներ շինեցին, եւ դրին նորանց եփուդի երկու թիկունքների տակիցը՝ եւ նորա առջեւի կողմի կցուածքի մօտ՝ եփուդի ժապաւէնի վերայից։ 21Եւ լանջապանակը կապեցին իր օղակներիցը՝ կապուտակից շինուած լարով եփուդի օղակներին, որ եփուդի ժապաւէնի վերայ լինի, եւ լանջապանակը եփուդի վերայից չþբաժանուի, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

22Եւ եփուդի պատմուճանը ոստայնագործ շինեց բոլորովին կապուտակից. 23Եւ պատմուճանի ճեղքուածքը նորա մէջտեղը զրահի ճեղքուածքի պէս. և ճեղքուածքի շուրջը մի օձիք կար, որ չþպատառուի։ 24Եւ պատմուճանի քղանցքներին նռներ շինեցին կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից՝ մանուած։ 25Եւ մաքուր ոսկուց զանգակներ շինեցին, եւ զանգակները դրին նռների մէջտեղերը պատմուճանի քղանցքների վերայ՝ շուրջանակի նռների մէջտեղերը. 26Մէկ զանգակ եւ մէկ նուռ պատմուճանի քղանցքների վերայ շուրջանակի պաշտօնի համար, ինչպէս Եհովան Մովսէսին պատուիրել էր։

27Եւ շապիկները բարակ քթանից հիւսկէն գործ շինեցին Ահարօնի եւ նորա որդիների համար. 28Եւ խոյրը բարակ քթանից՝ եւ գլխարկի ապարօշները բարակ քթանից եւ կտաւեղէն անդրավարտիկները մանած բարակ քթանից, 29Եւ գօտին մանած բարակ քթանից եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից նկարագործ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

30Եւ * սուրբ պսակի թիթեղը մաքուր ոսկուց շինեցին, եւ նորա վերայ փորագրեցին կնիք քանդակողի պէս * ԳՕԴԵՇ ԼԷ ԵՀՈՎԱՅ. 31Եւ նորան անցկացրին մի կապուտակ ժապաւէնի վերայ, որ վերեւիցը խոյրի վերայ դրուի, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։

32Եւ վերջացաւ խորանի՝ այսինքն ժողովքի վրանի բոլոր գործը. Եւ Իսրայէլի որդիքն արին բոլորը * ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր. Այնպէս արին։ 33Եւ խորանը Մովսէսի մօտ բերին, վրանը եւ նորա բոլոր գործիքները, նորա ճարմանդները, նորա տախտաները, նորա նիգերը եւ նորա սիւներն ու խարիսխները, 34Եւ կարմիր ներկուած խոյի մորթերից ծածկոցը, եւ թեհաշի մորթերից եղած ծածկոցը, եւ ծածկող վարագոյրը, 35Վկայութեան տապանակը եւ նորա ձողերը, եւ քաւութիւնը, 36Սեղանը եւ նորա բոլոր անօթները եւ առաջաւորութեան հացը, 37Մաքուր աշտանակը իր ճրագներով, այսինքն կարգաւ դրուած ճրագներովը եւ իր բոլոր գործիքներովը. Եւ լոյսի իւղը, 38Եւ ոսկի սեղանը. Եւ օծման իւղը, եւ անուշահոտ խունկը, եւ խորանի սրահակը, 39Պղնձի սեղանը եւ նորա պղնձի գահաւորակը, նորա ձողերը եւ նորա բոլոր գործիքները, աւազանը եւ նորա խարիսխը, 40Սրահի առագաստները, նորա սիւները եւ խարիսխները, եւ սրահի դրան վարագոյրը, նորա չուանները եւ ցիցերը, եւ խորանի այսինքն ժողովքի վրանի պաշտօնի համար եղած բոլոր կարասիքը. 41Սրբարանի մէջ պաշտելու համար՝ պաշտօնի հանդերձները, եւ Ահարօն քահանայի համար սուրբ զգեստները եւ նորա որդկանց զգեստները, որ քահանայութիւն անեն։ 42Ինչպէս որ Եհովան բոլորը Մովսէսին պատուիրել էր, այնպէս * արին Իսրայէլի որդիքը բոլոր գործը։

43Եւ Մովսէսը նայեց բոլոր շինուածքին. Եւ ահա արել էին նորան ինչպէս որ Եհովան պատուիրել էր, այնպէս էին արել. Եւ Մովսէսը * օրհնեց նորանց։

*39.1 Գլ. լե. 23։

*39.1 Գլ. լա. 10։ լե. 19։

*39.1 Գլ. իը. 4։

*39.2 Գլ. իը. 6-35։

*39.6 Գլ. իը. 9։

*39.30 Գլ. իը. 36, 37։ իթ. 6։

*39.30 Սուրբ՝ Եհովային.

*39.32 Գլ. իե. 40։

*39.42 Գլ. լե. 10։

*39.43 Ղև. թ. 22, 23։ Թու. զ. 23։ Յես. իբ. 6։ բ Թագ. զ. 18։ գ Թագ. ը. 14։ բ Մն. լ. 27։