Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսը գովում է աղքատ որբևայրին։ Կանխաւ ասում է իրանների հալածուելը…

Քրիստոսը գովում է աղքատ որբևայրին։ Կանխաւ ասում է իրանների հալածուելը, տաճարի և Երուսաղէմի կործանումը։ Յորդորում է արթուն լինել։

1Եւ մտիկ տուաւ, * տեսաւ հարուստներին, որ իրանց տուրքը գանձանակն էին գցում։ 2Մի որբեւայրի աղքատ կին էլ տեսաւ, որ երկու լումայ գցեց այնտեղ։ 3Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, * թէ այս աղքատ որբեւայրին ամենիցն աւելի գցեց։ 4Որովհետեւ նորանք ամենքն իրանց աւելացածներիցը գցեցին Աստուծոյ ընծաների մէջ, իսկ սա իր կարօտութիւնիցն իր բոլոր ապրուստն՝ որ ունէր՝ գցեց։

5* Եւ երբոր ոմանք ասում էին տաճարի համար թէ Գեղեցիկ քարերով եւ * նուէրներով զարդարուած է, ասեց. 6Այդ բոլորն որ տեսնում էք, օրեր կ’գան, * որ այդտեղ քար քարի վերայ չի թողուիլ որ չ’քանդուի։ 7Եւ հարցրին նորան եւ ասեցին. Վարդապետ, ե՞րբ կ’լինին սորանք եւ ի՞նչ է նշանը՝ երբոր սորանք լինին։ 8Նա էլ ասեց. * Զգոյշ կացէք՝ մի խաբուիք. Որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը եւ կ’ասեն, թէ Ես եմ. Եւ ժամանակը մօտեցաւ. Արդ նորանց ետեւից մի գնաք։ 9Բայց երբոր պատերազմներ եւ խռովութիւններ կ’լսէք, մի զարհուրիք. Որովհետեւ պէտք է որ առաջ նա լինի, բայց դեռ շուտով վերջը չէ։ 10Այն ժամանակ նորանց ասեց. * Ազգ ազգի վերայ կ’կենայ եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ։ 11Եւ մեծամեծ գետնաշարժներ եւ տեղ տեղ սովեր եւ մահտարաժամներ կ’լինին. Եւ երկնքիցն ահաւոր բաներ եւ մեծամեծ նշաններ կ’լինին։ 12* Բայց այս բոլոր բաներիցն առաջ իրանց ձեռները ձեզ վերայ կ’ձգեն եւ կ’հալածեն. Ժողովարանների եւ * բանտերի մէջ կ’մատնեն, եւ կ’տանեն * թագաւորների եւ կուսակալների առաջ՝ իմ անունի համար։ 13* Եւ սա կ’լինի ձեզ վկայութեան համար։ 14* Արդ ձեր սրտի մէջ դրէք, որ առաջուց հոգս չ’անէք պատասխանելու համար։ 15Որովհետեւ ես բերան եւ իմաստութիւն կ’տամ ձեզ. * որին չեն կարողանալ հակառակ խօսիլ եւ ոչ ընդդիմանալ ձեր բոլոր հակառակորդները։ 16Եւ * կ’մատնուիք ծնողներից եւ եղբայրներից եւ ազգականներից եւ բարեկամներից էլ, եւ * ձեզանից կ’սպանեն։ 17Եւ բոլորին ատելի կ’լինիք * իմ անունի համար։ 18* Եւ ձեր գլխիցը մի մազ չի կորչիլ։ 19Եւ ձեր համբերութեամբը կ’շահէք ձեր հոգիները։

20* Բայց երբոր կ’տեսնէք Երուսաղէմը զօրքերով շրջապատուած, այն ժամանակ գիտացէք, թէ նորա աւերումը մօտ է։ 21Այն ժամանակ նորանք, որ Հրէաստանումն են, թող սարերը փախչեն. Եւ նորանք, որ նորա միջումն են, թող հեռանան. Եւ նորանք, որ նորա գաւառներումն են, թող չ’մտնեն նորա մէջ։ 22Որովհետեւ այն օրերը վրէժխնդրութեան օրեր են, * որ ամեն գրուածները կատարուին։ 23* Բայց այն օրերումը վա՛յ յղիներին եւ ծիծ տուողներին. Որովհետեւ մեծ նեղութիւն կ’լինի երկրիս վերայ, եւ բարկութիւն այդ ժողովրդի վերայ։ 24Եւ սրի բերանով կ’ընկնեն, եւ բոլոր հեթանոսների մէջ գերի կ’տարուին. Եւ Երուսաղէմը հեթանոսներից ոտնակոխ կ’լինի, * մինչեւ որ հեթանոսների ժամանակները կատարուին։ 25Եւ * նշաններ կ’լինին արեգակումը եւ լուսնումը եւ աստղերումը, եւ երկրի վերայ հեթանոսները խռովութեամբ կ’տագնապին, ծովը կ’գոչէ եւ կ’ծփան ալիքները։ 26Որովհետեւ մարդկանց սրտերը կ’նուաղին վախից եւ այն բաների սպասելուցն, որ բոլոր աշխարհքի վերայ պիտի գան. * որովհետեւ երկնքի զօրութիւնները կ’շարժուին։ 27Եւ այն ժամանակ կ’տեսնեն մարդի Որդին * ամպերի վերայ եկած զօրութեամբ եւ մեծ փառքով։ 28Եւ երբոր այս բաները կ’սկսեն լինիլ, վեր նայեցէք եւ բարձրացրէք ձեր գլուխները. * որ ձեր փրկութիւնը մօտ է։

29* Եւ նորանց մի առակ ասեց. Տեսէք թզենին եւ բոլոր ծառերը։ 30Երբոր արդէն բողբոջած են, տեսնելով՝ ինքներդ իմանում էք, թէ ամառը մօտ է։ 31Այնպէս էլ դուք երբոր այս բոլոր բաները եղած տեսնէք, գիտացէք, որ Աստուծոյ արքայութիւնը մօտ է։ 32Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս ազգը չի անցնիլ, մինչեւ այս բոլորը լինի։ 33* Երկինքը եւ երկիրս կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։ 34* Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը յանկարծ հասնէ ձեզ վերայ. 35Որովհետեւ * որոգայթի պէս կ’հասնէ այն ամենքի վերայ, որ բոլոր երկրի երեսի վերայ բնակած են։ 36* Ուրեմն արթուն կացէք, եւ * ամեն ժամանակ աղօթք արէք, որ արժանի լինիք ազատուիլ այն բոլոր բաներիցը, որ պիտի լինին, եւ կանգնել * մարդի Որդու առաջին։

37Եւ * ցերեկները տաճարումը սովորեցնում էր եւ * գիշերները դուրս էր գալիս եւ կենում այն սարումն, որ Ձիթենեաց սար էր կոչվում։ 38Եւ ժողովուրդն առաւօտանց կանուխ գնում էր տաճարը նորա մօտ նորանից լսելու։

*21.1 Մար. ժբ. 41։

*21.3 բ Կոր. ը. 12։

*21.5 Մատ. իդ. 1։ Մար. ժգ. 1։

*21.5 Գրաբար՝ աշտարակներով

*21.6 Գլ. ժթ. 44։

*21.8 Մատ. իդ. 4, 5։ Մար. ժգ. 5։ Եփես. ե. 6։ բ Թես. բ. 3։

*21.10 Մատ. իդ. 7։

*21.12 Մար. ժգ. 9։ Յայտ. բ. 10։

*21.12 Գոր. դ. 3։ ե. 18։ ժբ. 4։ ժզ. 24։

*21.12 Գոր. իե. 23։

*21.13 Փիլ. ա. 28։ բ Թես. ա. 5։

*21.14 Մատ. ժ. 19։ Մար. ժգ. 11։ Գլ. ժբ. 11։

*21.15 Գոր. զ. 10։

*21.16 Միք. է. 6։ Մար. ժդ. 12։

*21.16 Գոր. է. 58։ ժբ. 2։

*21.17 Մատ. ժ. 22։

*21.18 Մատ. ժ. 30։

*21.20 Մատ. իդ. 15։ Մար. ժգ. 14։

*21.22 Դան. թ. 26, 27։ Զաք. ժա. 1։

*21.23 Մատ. իդ. 19։

*21.24 Դան. թ. 27։ ժբ. 7։ Հռովմ. ժա. 25։

*21.25 Մատ. իդ. 29։ Մար. ժգ. 24։ բ Պետ. գ. 10, 12։

*21.26 Մատ. իդ. 29։

*21.27 Մատ. իդ. 30։ Յայտ. ա. 7։ ժդ. 14։

*21.28 Հռովմ. ը. 19, 23։

*21.29 Մատ. իդ. 32։ Մար. ժգ. 28։

*21.33 Մատ. իդ. 35։

*21.34 Հռովմ. ժգ. 13։ ա Թես. ե. 6։ ա Պետ. դ. 7։

*21.35 ա Թես. ե. 2։ բ Պետ. գ. 10։ Յայտ. գ. 3։ ժզ. 15։

*21.36 Մատ. իդ. 42։ իե. 13։ Մար. ժգ. 33։

*21.36 Գլ. ժը. 1։

*21.36 Սաղ. ա. 5։ Եփես. զ. 13։

*21.37 Յովհ. ը. 1։

*21.37 Գլ. իբ. 39։