Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Զաքէոսը։ Տասը մնասի առակը։ Քրիստոսը մտնում է Երուսաղէմ, որի վերայ ողբ…

Զաքէոսը։ Տասը մնասի առակը։ Քրիստոսը մտնում է Երուսաղէմ, որի վերայ ողբում է։ Տաճարը մաքրում է։ Հրէաների գլխաւորներն ուզում են նորան կորցնել, բայց վախենում են ժողովրդիցը։

1Եւ մտած՝ Երիքովի միջովն անցնում էր։ 2Եւ ահա մի մարդ՝ անունով Զաքէոս կոչուած, որ նա մաքսապետ էր, եւ ինքը հարուստ էր։ 3Եւ ուզում էր Յիսուսին տեսնել թէ ով է, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում. Որովհետեւ հասակով կարճ էր։ 4Եւ առաջ վազեց՝ վեր ելաւ մի ժանտաթզենի, որ տեսնէ նորան. Որովհետեւ այնտեղովը պիտի անցնէր։ 5Եւ երբոր այն տեղն եկաւ, Յիսուսը վեր նայեց եւ նորան ասեց. Զաքէ, շուտ արա իջիր. Որովհետեւ ինձ այսօր պէտք է քո տանը կենալ։ 6Նա էլ շտապելով իջաւ եւ ուրախութիւնով ընդունեց նորան։ 7Եւ բոլոր տեսնողները տրտնջում էին եւ ասում թէ * Մեղաւոր մարդի մօտ մտաւ հանգիստ առնելու։ 8Զաքէոսն էլ կանգնեց եւ Տիրոջն ասեց. Տէր, ահա իմ ինչքերի կէսն աղքատներին կ’տամ. * եւ եթէ մէկին զրպարտութիւնով զրկել եմ՝ * չորեքպատիկ կ’վճարեմ։ 9Յիսուսն էլ նորան ասեց թէ Այսօր փրկութիւն եղաւ այս տանը. * որովհետեւ սա էլ * Աբրահամի որդի է. 10* Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ որոնէ եւ ապրեցնէ կորածին։

11Եւ դեռ որ նորանք այս բաները լսում էին, մի առակ աւելացրեց եւ ասեց, որովհետեւ Երուսաղէմին մօտենում էր, * եւ նորանք կարծում էին, թէ Աստուծոյ արքայութիւնը իսկոյն յայտնուելու է։ 12* Ապա ասեց. Մի ազնուական գնաց հեռու երկիր, որ թագաւորութիւն առնէ իրան համար եւ ետ դառնայ։ 13Եւ իր տասը ծառաներին կանչեց, տասը մնաս տուաւ նորանց, եւ ասեց նորանց. Բանեցրէք մինչեւ որ գամ։ 14Բայց * նորա քաղաքացիներն ատում էին նորան. Եւ նորա ետեւիցը պատգամաւորներ ուղարկեցին եւ ասեցին. Չենք ուզում որ դա թագաւորէ մեզ վերայ։ 15Եւ եղաւ՝ որ նա թագաւորութիւնն առած ետ դառաւ եւ ասեց որ կանչեն այն ծառաներին, որոնց տուել էր արծաթը, որ իմանայ թէ ով ինչ շահուեցաւ։ 16Եւ առաջինն եկաւ եւ ասեց. Տէր, քո մնասը շահեց տասը մնաս։ 17Եւ նորան ասեց. Լաւ, բարի ծառայ, որովհետեւ քիչումը * հաւատարիմ եղար, տասը քաղաքի վերայ իշխանութիւն ունեցիր։ 18Եւ երկրորդն եկաւ եւ ասեց. Տէր, քո մնասը հինգ մնաս շահեց։ 19Նորան էլ ասեց. Դու էլ հինգ քաղաքի վերայ եղիր։ 20Եւ ուրիշն էլ եկաւ եւ ասեց. Տէր, ահա քո մնասը՝ որ վարշամակի մէջ պատած պահում էի։ 21* Որովհետեւ վախենում էի քեզանից. Որովհետեւ դու խիստ մարդ ես. Վեր ես առնում ինչ որ չես դրել, եւ հնձում ես ինչ որ չես սերմել. 22Եւ ասեց նորան. * Քո բերանիցը դատում եմ քեզ, չար ծառայ. * գիտէիր որ ես խիստ մարդ եմ, որ վեր եմ առնում ինչ որ չեմ դրել, եւ հնձում եմ ինչ որ չեմ սերմել։ 23Էլ ի՞նչու իմ արծաթը սեղանաւորներին չ’տուիր, որ ես գայի շահով ետ առնէի նորան։ 24Եւ այնտեղ կանգնողներին ասեց. Առէք դորանից մնասը, եւ տուէք տասը մնասն ունեցողին։ 25Եւ նորան ասեցին. Տէր, տասը մնաս ունի։ 26Սորա համար ասում եմ ձեզ, թէ * ամեն ունեցողին կ’տրուի. Եւ չունեցողիցը ինչ էլ որ ունի, վեր կ’առնուի։ 27Իսկ այն իմ թշնամիներին, որ չէին ուզում, որ ես նորանց վերայ թագաւորեմ, այստեղ բերէք եւ սպանեցէք իմ առաջին։ 28Եւ երբոր այս ասեց, * առաջ գնաց, որ վեր ելնէ Երուսաղէմ։

29* Եւ եղաւ երբոր Բեթփագէին եւ Բեթանիային մօտեցաւ, այն սարին մօտ որ Ձիթենեաց սար է կոչվում, իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ ասեց. 30Գնացէք այդ դիմացի գիւղը, եւ երբոր մէջը մտնէք, մի կապած աւանակ կ’գտնէք, որի վերայ երբէք ոչ մի մարդ նստած չէ. Նորան արձակեցէք բերէք։ 31Եւ եթէ մէկը հարցնէ ձեզ՝ թէ Ի՞նչու էք արձակում, նորան այսպէս ասեցէք թէ Տիրոջը պէտք է սա։ 32Ուղարկուածներն էլ երբոր գնացին, այնպէս գտան ինչպէս նորանց ասեց։ 33Եւ նորանք աւանակն արձակելիս՝ նորա տէրերն ասեցին նորանց. Ի՞նչու էք արձակում այդ աւանակը։ 34Նորանք էլ ասեցին. Տիրոջը պէտք է սա։ 35Եւ նորան բերին Յիսուսի մօտ. * եւ իրանց հանդերձները աւանակի վերայ գցեցին, եւ Յիսուսին հեծեցրին։ 36Եւ * նորա գնալու ժամանակին իրանց հանդերձները փռում էին ճանապարհի վերայ։ 37Եւ երբոր նա արդէն մօտեցաւ Ձիթենեաց սարի զառիվայրին, աշակերտների բոլոր բազմութիւնն ուրախութիւնով սկսեց օրհնել Աստուծուն բարձր ձայնով՝ այն բոլոր զօրութիւնների համար որ տեսել էին։ 38Եւ ասում էին. * Օրհնեալ է Տիրոջը անունովն եկող թագաւորը. * խաղաղութիւն լինի երկնքումը եւ փառք բարձունքներումը։ 39Եւ Փարիսեցիներից ոմանք ժողովրդի միջիցը նորան ասեցին. Վարդապետ, յանդիմանիր աշակերտներիդ։ 40Եւ նա պատասխանեց եւ ասեց՝ Ասում եմ ձեզ՝ որ եթէ սորանք լռեն, * քարերն են աղաղակելու։

41Եւ երբոր մօտեցաւ, տեսաւ քաղաքը, լացաւ նորա վերայ եւ ասեց. 42Եթէ դո՜ւ էլ իմանայիր՝ գոնեա այս օրուայ օրը քո խաղաղութեան մասին. Բայց հիմա ծածկուեցաւ քո աչքերիցը։ 43Որովհետեւ օրեր կþգան քեզ վերայ, եւ * քո թշնամիները չորս կողմովդ պատնէշ կ’պատեն, եւ կ’պաշարեն քեզ եւ ամեն կողմից քեզ կþնեղացնեն. 44Եւ * հիմնայատակ կ’անեն քեզ եւ քո որդիքն էլ քո միջումը. Եւ * չեն թողիլ քո միջումը քար քարի վերայ. * փոխանակ որ չ’ճանաչեցիր քեզ այցելելու ժամանակը։

45* Եւ տաճարը մտաւ սկսեց դուրս հանել նորանում ծախողներին եւ առնողներին. 46Եւ նորանց ասեց. * Գրուած է թէ Իմ տունն աղօթքի տուն է, * եւ դուք նորան աւազակների այր էք արել։

47Եւ ամեն օր սովորեցնում էր նորանց տաճարումը. * բայց քահանայապետները եւ դպիրները եւ ժողովրդի գլխաւորներն ուզում էին կորցնել նորան։ 48Եւ չէին գտնում թէ ինչ անեն. Որովհետեւ բոլոր ժողովուրդը նորանից կախուած էր լսելով։

*19.7 Մատ. թ. 11։ Գլ. ե. 30։

*19.8 Գլ. դ. 14։

*19.8 Ել. իբ. 1։ ա Թագ. ժբ. 3։ բ Թագ. ժբ. 6։

*19.9 Հռովմ. դ. 11, 12, 16։ Գաղ. գ. 7։

*19.9 Գլ. ժգ. 16։

*19.10 Մատ. ժը. 11։ Տես Մատ. ժ. 6։ ժե. 24։

*19.11 Գոր. ա. 6։

*19.12 Մատ. իե. 14։ Մար. ժգ. 34։

*19.14 Յովհ. ա. 11։

*19.17 Մատ. իե. 21։ Գլ. ժզ. 10։

*19.21 Մատ. իե. 24։

*19.22 բ Թագ. ա. 16։ Յոբ ժե. 6։ Մատ. ժբ. 37։

*19.22 Մատ. իե. 26։

*19.26 Մատ. ժգ. 12։ իե. 29։ Մար. դ. 25։ Գլ. ը. 18։

*19.28 Մար. ժ. 32։

*19.29 Մատ. իա. 1։ Մար. ժա. 1։

*19.35 դ Թագ. թ. 13։ Մատ. իա. 7։ Մար. ժա. 7։

*19.36 Մատ. իա. 8։

*19.38 Սաղ. ճժը. 26։ Գլ. ժգ. 35։

*19.38 Գլ. բ. 14։ Եփես. բ. 14։

*19.40 Ամբ. բ. 11։ Յովհ. ժա. 35։

*19.43 Ես. իթ. 3, 4։ Երեմ. զ. 3, 6։ Գլ. իա. 20։

*19.44 գ Թագ. թ. 7, 8։ Միք. գ. 12։

*19.44 Մատ. իդ. 2։ Մար. ժդ. 2։ Գլ. իա. 6։

*19.44 Դան. թ. 24։ Գլ. ա. 68, 78։ ա Պետ. բ. 12։

*19.45 Մատ. իա. 12։ Մար. ժա. 11, 15։ Յովհ. բ. 14, 15։

*19.46 Ես. ծզ. 7։

*19.46 Երեմ. է. 11։

*19.47 Մար. ժա. 18։ Յովհ. է. 19։ ը. 37։