Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսը յարուցանում է մեռած Ղազարոսին և շատ Հրէաներ հաւատում են. Քահ…
Քրիստոսը յարուցանում է մեռած Ղազարոսին և շատ Հրէաներ հաւատում են. Քահանայապետներն և Փարիսեցիներն ժողովք են անում և պատուիրում որ նորան բռնեն։
1Եւ մի հիւանդ կար, անունը Ղազարոս, * Բեթանիայիցը, * Մարիամի եւ նորա քոյր Մարթայի գիւղիցը։ 2* Մարիամն էլ նա էր, որ Տիրոջը իւղով օծեց եւ նորա ոտները սրբեց իր մազերովը. Որի եղբայրը Ղազարոսը հիւանդ էր։ 3Եւ նորա քոյրերն ուղարկեցին նորա մօտ եւ ասեցին. Տէր, ահա նա՝ որին դու սիրում ես՝ հիւանդացել է։ 4Յիսուսն էլ երբոր լսեց, ասեց. Այն հիւանդութիւնը մեռնելու համար չէ, * այլ Աստուծոյ փառքի համար. Որ Աստուծոյ Որդին նորանով փառաւորուի։ 5Եւ Յիսուսը սիրում էր Մարթային եւ նորա քրոջը եւՂազարոսին։ 6Եւ երբոր լսեց, թէ նա հիւանդ է, այն ժամանակ * երկու օր մնաց այն տեղը, ուր որ էր. 7Ապա նորանից յետոյ ասեց աշակերտներին. Եկէք դարձեալ գնանք Հրէաստան։ 8Աշակերտներն ասեցին նորան. Ռաբբի, հիմա * Հրէաներն ուզում էին քեզ քարկոծել. Եւ դարձեալ այնտե՞ղ ես գնում։ 9Յիսուսը պատասխանեց. Չէ՞ որ օրը տասնեւերկու ժամ ունի. * եթէ մէկը ցերեկը ման գայ, չի սահիլ. Որովհետեւ այս աշխարհքի լոյսը տեսնում է։ 10* Իսկ եթէ մէկը գիշերը ման գայ, կ’սահի. Որովհետեւ լոյս չ’կայ նորանում։ 11Այս ասեց, եւ սորանից յետոյ ասեց նորանց. Մեր Ղազարոս բարեկամը * քնեց. Բայց կ’գնամ, որ զարթնեցնեմ նորան։ 12Եւ նորա աշակերտներն ասեցին նորան. Տէր, թէ որ քնել է՝ կ’առողջանայ։ 13Բայց Յիսուսը նորա մահուան համար էր ասել. Նորանք էլ կարծում էին, թէ քուն քնելու համար էր ասում։ 14Այն ժամանակ Յիսուսը յայտնի ասեց նորանց. Ղազարոսը մեռաւ։ 15Եւ ես ուրախ եմ ձեզ համար, որ ես այնտեղ չէի, որ դուք հաւատաք ինձ. Բայց գնանք նորա մօտ։ 16Եւ ասեց Թովմասը (Երկուորեակ կոչուածը) աշակերտակիցներին. Մենք էլ գնանք նորա հետ մեռնենք։
17Յիսուսն էլ եկաւ՝ նորան արդէն չորս օր գերեզմանի մէջ դրուած գտաւ։ 18Եւ Բեթանիան մօտ էր Երուսաղէմին տասնեւհինգ ասպարէզի չափով։ 19Եւ Հրէաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որ մխիթարեն նորանց իրանց եղբօր մասին։ 20Արդ երբոր Մարթան լսեց, թէ Յիսուսը գալիս է, գնաց նորան դիմաւորելու. Բայց Մարիամը տանը նստած էր։ 21Եւ Մարթան ասեց Յիսուսին. Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը չէր մեռնիլ։ 22Բայց հիմա էլ գիտեմ, թէ * ինչ որ Աստուածանից խնդրես, Աստուած կ’տայ քեզ։ 23Յիսուսը նորան ասեց. Քո եղբայրը յարութիւն կ’առնէ։ 24Մարթան նորան ասեց. * Գիտեմ որ յարութիւն կ’առնէ յարութիւնումը՝ յետին օրը։ 25Յիսուսը նորան ասեց. Ես եմ * յարութիւնը եւ * կեանքը. * ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի։ 26Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ. Հաւատո՞ւմ ես սորան։ 27Նորան ասեց. Այո, Տէր, * ես հաւատացել եմ, թէ դու ես Քրիստոսն՝ Աստուծոյ Որդին, որ պէտք է աշխարհք գայիր։ 28Եւ երբոր այս ասեց, գնաց թագուն կանչեց իր Մարիամ քրոջը, եւ ասեց. Վարդապետը եկել է եւ կանչում է քեզ։ 29Նա երբոր լսեց, շուտով վերկացաւ, եւ եկաւ նորա մօտ։ 30Յիսուսը դեռ չէր եկել գիւղը, այլ այն տեղն էր, ուր որ Մարթան եկաւ նորա առաջը։ 31* Բայց Հրէաները, որ տանը նորա հետ էին եւ նորան մխիթարում էին, երբոր Մարիամին տեսան, թէ շուտով վերկացաւ եւ գնաց, նորա ետեւից գնացին. Ասելով թէ Գերեզմանն է գնում, որ այն տեղ լայ։ 32Բայց երբոր Մարիամ այն տեղ եկաւ, ուր Յիսուսն էր, եւ տեսաւ նորան, նորա ոտներն ընկաւ եւ ասեց նորան. * Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը չէր մեռնիլ։ 33Յիսուսն էլ երբոր նորան տեսաւ որ լաց էր լինում, եւ նորա հետ եկած Հրէաներն էլ՝ որ լաց են լինում, իր հոգովը խռովեց եւ յուզուեց։ 34Եւ ասեց. Ո՞ւր դրիք նորան. Նորան ասեցին. Տէր, եկ եւ տես։ 35* Յիսուսը արտասուեց։ 36Հրէաներն ասում էին. Տես ի՜նչպէս էր սիրում նորան։ 37Նորանցից էլ ոմանք ասում էին. Մի՞թէ սա * որ կոյրի աչքերը բացաւ, չէր կարող անել՝ որ սա էլ չ’մեռներ, 38Եւ Յիսուսը դարձեալ խռոված եկաւ գերեզմանը. Եւ այն մի քարայր էր, եւ մի քար նորա վերայ դրուած։ 39Յիսուսը ասեց. Այդ քարը վեր առէք. Մեռելի քոյրը՝ Մարթան ասեց նորան. Տէր, արդէն հոտած է. Որովհետեւ չորս օրուայ է։ 40Յիսուսը նորան ասեց. Չ’ասեցի՞ քեզ, որ եթէ հաւատաս, * Աստուծոյ փառքը կ’տեսնես։ 41Եւ քարը վեր առան, ուր որ մեռելը դրուած էր. Յիսուսն էլ իր աչքերը դէպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ 42Եւ ես գիտէի, որ միշտ լսում ես ինձ. * բայց այս շրջակայ ժողովրդի համար ասեցի, որ հաւատան թէ դու ուղարկեցիր ինձ։ 43Եւ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։ 44Եւ մեռելը դուրս եկաւ՝ ոտները եւ ձեռքերը պատանով կապած, * եւ երեսը վարշամակով պատած։ Յիսուսը նորանց ասեց. Արձակեցէք դորան, եւ թողէք գնայ։
45Եւ Հրէաներից շատերը, որ Մարիամի մօտ էին եկել եւ * տեսան ինչ որ արաւ Յիսուսը, հաւատացին նորան։ 46Բայց նորանցից ոմանք գնացին Փարիսեցիների մօտ, եւ ասեցին նորանց ինչ որ Յիսուսն արաւ։
47Եւ * քահանայապետները եւ Փարիսեցիները ատեան ժողովեցին, եւ ասեցին. * Ի՞նչ անենք, որ այդ մարդը շատ նշաններ է անում։ 48Եթէ դորան այդպէս թողենք, ամենքը կ’հաւատան դորան, եւ Հռովմայեցիք կ’գան վեր կ’առնեն մեր երկիրն էլ եւ ազգն էլ։ 49Եւ նորանցից մէկը՝ * Կայիափան, որ այն տարուայ քահանայապետն էր, ասեց նորանց. Դուք ոչինչ չ’գիտէք, 50* Եւ չէք էլ մտածում, որ լաւ է մեզ համար՝ որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ բոլոր ազգը կորչի։ 51Բայց սա իրանից չ’ասեց. Այլ որովհետեւ այն տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ՝ թէ Յիսուսը պիտի մեռնէր ազգի համար։ 52* Եւ ոչ թէ միայն ազգի համար, * այլ որ նա Աստուծոյ ցրուած որդիքն էլ մէկտեղ ժողովէ։
53Արդ այն օրից հետէ խորհուրդ արին, որ նորան սպանեն։ 54* Յիսուսն էլ համարձակ չէր ման գալիս Հրէաների մէջ. Այլ այն տեղից գնաց մի երկիր, անապատի մօտ, * Եփրայեմ ասուած քաղաքը. Եւ այնտեղ կենում էր իր աշակերտների հետ։
55* Եւ Հրէաների զատիկը մօտ էր, եւ այն գաւառից շատերը զատկից առաջ վեր ելան Երուսաղէմ, որ իրանց անձերը սրբեն։ 56* Եւ որոնում էին Յիսուսին, եւ իրար ասում էին՝ տաճարումը կանգնած. Ինչպէս է երեւում ձեզ. Մի՞թէ այս տօնին չի գալ. Բայց քահանայապետները եւ Փարիսեցիները հրաման էին տուել, որ՝ եթէ մէկը գիտենայ թէ ուր է, իմաց տայ, որ բռնեն նորան։
*11.1 Հմր. 18։
*11.1 Ղուկ. ժ. 38, 39։
*11.2 Մատ. իզ. 7։ Մար. ժդ. 3։ Գլ. ժբ. 3։
*11.4 Գլ. թ. 3։ Հմր. 40։
*11.6 Գլ. ժ. 40։
*11.8 Գլ. ժ. 31։
*11.9 Գլ. թ. 4։
*11.10 Երեմ. ժգ. 16։ Գլ. ժբ. 35։
*11.11 բ թագ. է. 12։ Դան. ժբ. 2։ Մատ. թ. 24։ իէ. 52։ Գոր. է. 59։ ա Կոր. ժե. 18, 51։
*11.22 Գլ. թ. 31։
*11.24 Ղուկ. ժդ. 14։ Գլ. ե. 29։
*11.25 Գլ. զ. 39, 40, 44, 54։
*11.25 Գլ. ա. 4։ զ. 35։ ժդ. 6։ Կող. գ. 4։ ա Յովհ. ա. 1, 2։ ե. 11։
*11.25 Գլ. գ. 36։ ա Յովհ. ե. 10 ևլն։
*11.27 Մատ. ժզ. 16։ Գլ. զ. 14, 70։
*11.31 Հմր. 19։
*11.32 Հմր. 21։
*11.35 Ղուկ. ժթ. 41։
*11.37 Գլ. թ. 6։
*11.40 Հմր. 4, 23։
*11.42 Գլ. ժբ. 30։
*11.44 Գլ. ի. 7։
*11.45 Գլ. բ. 23։ ժբ. 18։ Գոր. թ. 42։
*11.47 Սաղ. բ. 2։ Մատ. իզ. 3։ Մար. ժդ. 1։ Ղուկ. իբ. 2։
*11.47 Գլ. ժբ. 19։ Գոր. դ. 16։
*11.49 Ղուկ. գ. 2։ Գլ. ժը. 14։ Գոր. դ. 6։
*11.50 Գլ. ժը. 14։
*11.52 Ես. խթ. 6։ ա Յովհ. բ. 2։
*11.52 Գլ. ժ. 16։ Եփես. բ. 14-17։
*11.54 Գլ. դ. 1, 3։ է. 1։
*11.54 Տես բ Մն. ժգ. 19։
*11.55 Գլ. բ. 13։ ե. 1։ զ. 4։
*11.56 Հմր. 8։