Հին Կտակարան
Նոր Կտակարան
Լեզուների գործածութիւնը եկեղեցու հոգևոր շինութեան համար։ 1Սէրին հե…
Լեզուների գործածութիւնը եկեղեցու հոգևոր շինութեան համար։
1Սէրին հետեւեցէք, * եւ հոգեւոր պարգեւներին նախանձաւոր եղէք. * եւ մանաւանդ որ մարգարէանաք։ 2Որովհետեւ * լեզուներով խօսողը, մարդկանց հետ չէ խօսում, այլ Աստուծոյ հետ. Որովհետեւ ոչ ով չէ լսում, բայց հոգով խորհուրդներ է խօսում։ 3Իսկ մարգարէացողը, մարդկանց հետ շինութիւն եւ մխիթարութիւն եւ սփոփութիւն է խօսում։ 4Լեզուով խօսողը իր անձն է շինում, իսկ մարգարէացողը եկեղեցին է շինում։ 5Ես կամենում եմ որ դուք ամենդ լեզուներով խօսիք, բայց մանաւանդ որ մարգարէանաք. Որովհետեւ աւելի մեծ է մարգարէացողը, քան թէ լեզուներով խօսողը, միայն եթէ թարգմանէ, որ եկեղեցին շինութիւն առնէ։
6Բայց հիմա, եղբարք, եթէ ձեզ մօտ գամ եւ լեզուներով խօսիմ, ի՞նչ օգուտ կ’տամ ձեզ՝ եթէ չ’խօսիմ ձեզ հետ կամ * յայտնութիւնով, կամ գիտութիւնով, կամ մարգարէութիւնով, կամ վարդապետութիւնով։ 7Այնպէս էլ անշունչ բաները որ ձայն են տալիս, թէ փող թէ քնար, եթէ ձայներով զանազանութիւն չ’անեն, ի՞նչպէս կ’ճանաչուի փողի փչելը, կամ քնարի հնչելը։ 8Որովհետեւ եթէ փողն էլ անորոշ ձայն տայ, ո՞վ կ’պատրաստուի պատերազմի համար։ 9Այսպէս էլ դուք, եթէ լեզուներով բանը յայտնի չ’ասէք, այն խօսածն ի՞նչպէս կ’իմացուի. Որովհետեւ իբր թէ օդի մէջ խօսողներ կ’լինիք։ 10Որովհետեւ այնքան այլ եւ այլ ձայներ կան աշխարհքումը, եւ նորանց ոչ մէկն էլ առանց նշանակութեան չէ։ 11Արդ եթէ ես ձայնի զօրութիւնը չ’գիտենամ, ես խօսողին խուժ կ’լինիմ, եւ խօսողն ինձ համար՝ դուժ։ 12Այսպէս էլ դուք, որովհետեւ հոգեւոր պարգեւներին նախանձաւոր էք, եկեղեցու շինութեան համար ջանք արէք, որ էլ առաւելանաք։ 13Վասնորոյ լեզուով խօսողը, թող աղօթք անէ, որ թարգմանէ էլ։ 14Վասնզի եթէ ես աղօթք անեմ օտար լեզուով, իմ հոգին է աղոթք անում. Բայց միտքս անպտուղ է։ 15Ուրեմն ի՞նչ է, աղօթք անեմ հոգով, աղօթք անեմ մտքով էլ. * սաղմոս ասեմ հոգով, * սաղմոս ասեմ մտքով էլ։ 16Ապա եթէ դու օրհնես հոգով, նա որ տգէտի տեղն է բռնում * ի՞նչպէս Ամէն ասէ քո օրհնութեանը, քանի որ չ’գիտէ թէ ի՛նչ ես ասում։ 17Դու իրաւ որ լաւ ես գոհանում. Բայց միւսը չէ շինվում։ 18Գոհանում եմ իմ Աստուածանից, որ ձեր ամենիցն աւելի լեզուներով խօսում եմ։ 19Բայց եկեղեցու մէջ աւելի կամենում եմ որ հինգ խօսք իմ մտքովը խօսիմ, որ ուրիշներին էլ բան սովորեցնեմ քան թէ բիւրաւոր խօսքեր լեզուներով։
20Եղբարք, * մտքով տղայ մի լինիք. * բայց չարութեան կողմանէ տղայ եղէք, իսկ մտքով կատարեալ եղէք։ 21* Օրէնքումը * գրուած է, թէ Օտար լեզուներով եւ օտար շրթունքներով կ’խօսիմ այս ժողովրդի հետ. Բայց եւ այնպէս ինձ ականջ չեն դնիլ, ասում է Տէրը։ 22Ուրեմն լեզուներն նշանի համար են՝ ոչ թէ հաւատացեալներին, այլ անհաւատներին. Բայց մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ հաւատացեալների։ 23Արդ եթէ բոլոր եկեղեցին մէկ տեղ գայ, եւ ամենքը լեզուներով խօսին. Եւ տգէտներ կամ անհաւատներ մտնեն այնտեղ, * մի՞թէ չեն ասիլ թէ դուք գժուած էք։ 24Բայց եթէ ամենը մարգարէանան, եւ մի անհաւատ կամ տգէտ գայ մտնէ, նա ամենիցը կ’յանդիմանուի, ամենիցը կ’քննուի։ 25Եւ այսպէս նորա սրտի գաղտնիքը յայտնի կ’լինի. Եւ ապա երեսի վերայ ընկած Աստուծուն երկրպագութիւն կ’անէ, խոստովանելով * թէ արդարեւ Աստուած ձեր միջումն է։
26Ուրեմն ի՞նչ է, եղբարք. Երբ որ մէկտեղ ժողովուիք, ձեզանից ամեն մէկը սաղմոս ունի, * վարդապետութիւն ունի, յայտնութիւն ունի, լեզու ունի, թարգմանութիւն ունի. * ամենը շինութեան համար լինի։ 27Եթէ մէկը լեզուով խօսի, թող երկու, եւ եթէ էլ աւելի շատ՝ երեք լինեն. Մէկը միւսից յետոյ. Եւ մէկը թող թարգմանէ։ 28Բայց եթէ թարգմանող չ’կայ, թող լռէ եկեղեցումը. Թող իրան համար եւ Աստուծոյ հետ խօսի։ 29Բայց մարգարէներից թող երկուսը կամ երեքը խօսին, * եւ ուրիշները քննեն։ 30Բայց եթէ մի ուրիշին, որ այնտեղ նստած է՝ յայտնութիւն լինի, * առաջինը թող լռէ։ 31Որովհետեւ կարող էք մէկ մէկից յետոյ ամենդ մարգարէանալ. Որ ամենը սովորին եւ ամենը մխիթարուին։ 32* Եւ մարգարէից հոգիներն էլ մարգարէներին հնազանդում են։ 33Որովհետեւ Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան, * ինչպէս սուրբերի բոլոր եկեղեցիներումը։
34Ձեր * կանայքը եկեղեցիներումը լուռ կենան. Որովհետեւ նորանց հրաման չ’կայ խօսելու, այլ որ * հնազանդ լինեն, * ինչպէս օրէնքն էլ ասում է։ 35Բայց եթէ մի բան կամենան սովորիլ, թող տան մէջ իրանց մարդկանցից հարցնեն. Որովհետեւ կնկանն անվայել է եկեղեցում խօսել։ 36Կամ թէ Աստուծոյ խօսքը ձեզանի՞ց դուրս եկաւ, կամ միայն ձե՞զ հասաւ։ 37Բայց * եթէ մէկը կարծէ՝ թէ նա մարգարէ է կամ հոգեւոր, թող գիտենայ ինչ որ գրեցի ձեզ, որ Տիրոջ պատուիրաններն են։ 38Բայց եթէ մէկը տգէտ է, թող տգէտ լինի։ 39Ուրեմն, եղբարք, ջանք արէք * որ մարգարէանաք, եւ լեզուներով խօսելը մի արգելէք։ 40* Ամեն բան թող պարկեշտութեամբ եւ կարգով լինի։
*14.1 Գլ. ժբ. 31։
*14.1 Թու. ժա. 25, 29։
*14.2 Գոր. բ. 4։ ժ. 46։ իբ. 9։
*14.6 Հմր. 26։
*14.15 Եփես. ե. 19։ Կող. գ. 16։
*14.15 Սաղ. խէ. 7։
*14.16 Գլ. ժա. 24։
*14.20 Սաղ. ճլա. 2։ Մատ. ժա. 25։ ժը. 3։ ժթ. 14։ Հռովմ. ժզ. 19։ Գլ. գ. 1։ Եփես. դ. 14։ Եբր. ե. 12, 13։
*14.20 Մատ. ժը. 3։ ա Պետ. բ. 2։ Գլ. բ. 6։
*14.21 Յովհ. ժ. 34։
*14.21 Ես. իը. 11, 12։
*14.23 Գոր. բ. 13։
*14.25 Ես. խե. 14։ Զաք. ը. 23։
*14.26 Հմր. 6։ Գլ. ժբ. 8-10։
*14.26 Գլ. ժբ. 7։ բ Կոր. ժբ. 19։ Եփես. դ. 12։
*14.29 Գլ. ժբ. 10։
*14.30 ա Թես. ե. 19, 20։
*14.32 ա Յովհ. դ. 1։
*14.33 Գլ. ժա. 16։
*14.34 ա Տիմ. բ. 11, 12։
*14.34 Եփես. ե. 22։ Կող. գ. 18։ Տիտ. բ. 5։ ա Պետ. գ. 1։
*14.34 Ծն. գ. 16։
*14.37 բ Կոր. ժ. 7։ ա Յովհ. դ. 6։
*14.39 Գլ. ժբ. 31։ ա Թես. ե. 20։
*14.40 Հմր. 33։