Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսը կանչում է Պետրոսին. Բժշկում մի բորոտի և մի անդամալոյծի։ Կանչ…

Քրիստոսը կանչում է Պետրոսին. Բժշկում մի բորոտի և մի անդամալոյծի։ Կանչում է Մատթէոս մաքսաւորին։ Արդարացնում է իր եւ իրանների վարմունքը։

1Եւ * եղաւ, երբոր ժողովուրդը նորա վերայ կիտվում էր Աստուծոյ խօսքը լսելու, եւ ինքը Գեննեսարէթի ծովակի մօտ կանգնած էր. 2Եւ երկու նաւ տեսաւ՝ ծովակի մօտ կանգնած, ձկնորսներն էլ նորանցից դուրս էին եկած՝ եւ ուռկանները լուանում էին։ 3Եւ նա մտաւ այն նաւերի մէկի մէջ որ Սիմօնինն էր, եւ խնդրեց նորան նաւը ցամաքիցը մի քիչ ներս տանել. Նստեց եւ նաւիցը սովրեցնում էր ժողովուրդներին։

4Եւ երբոր խօսելուց դադարեց, Սիմօնին ասեց. * Նաւը դէպի խորը տար, եւ ձեր ուռկանները գցեցէք որսի։ 5Եւ Սիմօնը պատասխանեց եւ ասեց նորան. Վարդապետ, բոլոր գիշերն աշխատեցանք՝ եւ ոչինչ չ’բռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանը կ’գցեմ։ 6Եւ երբոր այս արին, ձկների մի մեծ բազմութիւն ներս փակեցին, եւ նորանց ուռկանը պատառվում էր։ 7Եւ նշան էին անում միւս նաւի մէջ լինող ընկերներին, որ գան իրանց օգնեն. Եւ նորանք եկան, եւ երկու նաւը լցրին մինչեւ որ թաղվում էին։ 8Սիմօն Պետրոսն էլ տեսնելով ընկաւ Յիսուսի ծնկերի առաջին եւ ասեց. * Ինձանից դուրս գնա, որ ես մեղաւոր մարդ եմ, Տէր։ 9Որովհետեւ ահ պատեց նորան եւ ամենքին էլ, որ նորա հետ էին, այն ձկների որսի համար որ բռնեցին։ 10Այնպէս էլ Զեբեդեայի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որ Սիմօնի ընկերներն էին, եւ Յիսուսը Սիմօնին ասեց. Մի վախենար՝ * այսուհետեւ մարդիկ որսող կ’լինես։ 11Եւ նաւերը հանեցին ցամաքը, * ամեն բաները թողեցին, եւ նորա ետեւիցը գնացին։

12* Եւ եղաւ, երբոր նա քաղաքներիցը մէկումն էր, ահա մի մարդ՝ բորոտութիւնով լիքը, երբոր Յիսուսին տեսաւ, երեսի վերայ ընկնելով, նորան աղաչեց՝ եւ ասեց. Տէր, եթէ կամենաս, կարող ես ինձ սրբել։ 13Եւ նա իր ձեռքը մեկնելով դպաւ նորան եւ ասեց. Կամենում եմ, սրբուիր. Եւ շուտով բորոտութիւնը հեռացաւ նորանից։ 14* Եւ ինքը պատուիրեց նորան, որ ոչ ոքի չ’ասէ, այլ թէ՝ Գնա, անձդ ցոյց տուր քահանային, եւ քո սրբութեան համար ընծան բեր, * ինչպէս Մովսէսը հրամայեց՝ նորանց վկայութեան համար։ 15Բայց նորա վերայ խօսակցութիւնը առաւել եւս տարածվում էր, եւ * շատ ժողովուրդներ ժողովվում էին՝ որ լսեն եւ իրանց հիւանդութիւններիցը բժշկուին նորանով։ 16* Իսկ նա քաշվում էր անապատ տեղերանք, եւ աղօթք էր անում։

17Եւ մէկ օր եղաւ, որ ինքը սովորեցնում էր. Եւ Փարիսեցիները եւ օրէնքի վարդապետները նստած էին, որ Գալիլեայի ամեն գիւղաքաղաքներիցը եւ Հրէաստանից եւ Երուսաղէմիցը հաւաքուած էին. Եւ Տիրոջ զօրութիւնը կար նորանց բժշկելու համար։ 18* Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ էին բերում, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նորան ներս տանել, եւ նորա առաջը դնել։ 19Եւ երբոր չ’գտան թէ որ տեղով նորան ներս տանեն՝ այն ամբոխի պատճառովը, վեր ելան կտուրը, եւ օճորքիցը կախեցին նորան մահիճովը մէջտեղը Յիսուսի առաջին։ 20Եւ նա նորանց հաւատքը տեսնելով նորան ասեց. Ով մարդ, քո մեղքերը թողուած լինեն քեզ։ 21Եւ * դպիրները եւ Փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասել. Սա ո՞վ է, որ հայհոյանք է խօսում. * ո՞վ կարող է մեղք թողել՝ բացի միայն Աստուած։ 22Յիսուսն էլ երբոր նորանց խորհուրդներն իմացաւ, պատասխանեց եւ նորանց ասեց. Ի՞նչ էք խորհում ձեր սրտերումը. 23Ո՞րն է աւելի հեշտ. Ասել՝ Մեղքերդ թողուած լինեն քեզ, թէ ասել՝ Վեր կաց եւ ման եկ։ 24Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիւն ունի երկրի վերայ մեղքեր թողելու. Անդամալոյծին ասեց. Քեզ եմ ասում, Վեր կաց եւ մահիճդ առ, եւ գնա քո տունը։ 25Եւ նա իսկոյն նորանց առաջին վեր կացաւ, իր վերայ առաւ այն՝ ինչի վերայ պառկած էր, եւ գնաց իր տունը՝ Աստուծուն փառաւորելով։ 26Եւ զարմանք բռնեց ամենքին, եւ փառք էին տալիս Աստուծուն. Եւ ահով լցուեցան, եւ ասում էին, թէ Նորանշան բաներ տեսանք այսօր։

27* Եւ նորանից յետոյ Յիսուսը դուրս գնաց եւ մի մաքսաւոր տեսաւ՝ անունը Ղեւի, մաքս առնելու տեղը նստած, եւ նորան ասեց, Իմ ետեւից եկ։ 28Եւ նա ամեն բան թողեց, վերկացաւ գնաց նորա ետեւից։ 29Եւ * Ղեւին նորան մեծ ընդունելութիւն արաւ իր տան մէջ. Եւ * շատ բազմութիւն կար մաքսաւորների եւ ուրիշների, որ նորանց հետ սեղան էին նստել։ 30Եւ նորանց դպիրները եւ Փարիսեցիները տրտնջում էին նորա աշակերտների մօտ եւ ասում. Ի՞նչու էք մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում եւ խմում։ 31Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Առողջները կարօտ չեն բժշկի, այլ հիւանդները։ 32Ես չեմ եկել * արդարներին կանչելու, այլ մեղաւորներին՝ ապաշխարութեան։

33Նորանք էլ ասեցին նորան. * Ի՞նչու Յովհաննէսի աշակերտները ստէպ ծոմ են պահում եւ աղօթքներ են անում, նոյնպէս էլ Փարիսեցիները. Իսկ քո աշակերտները ուտում են եւ խմում։ 34Նա էլ ասեց նորանց. Մի՞թէ կարող էք հարսանիքի տղաներին, քանի որ փեսան նորանց հետ է, ծոմ պահել տալ։ 35Բայց օրեր կ’գան, երբոր փեսան վեր կ’առնուի նորանցից. Ապա այն օրերումը ծոմ կ’պահեն։ 36* Մի առակ էլ ասեց նորանց թէ Ոչ ով մի նոր հանդերձի կարկատան հին հանդերձի վերայ չի գցիլ. Ապա թէ ոչ, այն նորն էլ կպատառէ, եւ հնի հետ չի միաբանուիլ այն կտորը որ նորիցն է։ 37Եւ ոչ ով նոր գինի հին տկերի մէջ չի ածիլ. Ապա թէ ոչ, նոր գինին տկերը կ’պատառէ. Ինքն էլ կ’թափուի, տկերն էլ կ’կորչեն։ 38Այլ նոր գինին նոր տկերի մէջ պէտք է ածուի, եւ երկուսն էլ կ’պահուին։ 39Եւ ոչ ով չ’կայ, որ հինը խմէ շուտով նորը կամենայ, որովհետեւ ասում է, թէ Հինն աւելի քաղցր է։

*5.1 Մատ. դ. 18։ Մար. ա. 16։

*5.4 Յովհ. իա. 6։

*5.8 բ Թագ. զ. 9։ գ Թագ. ժէ. 18։

*5.10 Մատ. դ. 19։ Մար. ա. 17։

*5.11 Մատ. դ. 20։ ժթ. 27։ Մար. ա. 18։ Գլ. ժը. 28։

*5.12 Մատ. ը. 2։ Մար. ա 40։

*5.14 Մատ. ը. 4։

*5.14 Ղ—. ժդ. 4, 10, 21, 22։

*5.15 Մատ. դ. 25։ Մար. գ. 7։ Յովհ. զ. 2։

*5.16 Մատ. ժդ. 23։ Մար. զ. 46։

*5.18 Մատ. թ. 2։ Մար. բ. 3։

*5.21 Մատ. թ. 3։ Մար. բ. 6, 7։

*5.21 Սաղ. լբ. 5։ Ես. խգ. 25։

*5.27 Մատ. թ. 9։ Մար. բ. 13, 14։

*5.29 Մատ. թ. 10։ Մար. բ. 15։

*5.29 Գլ. ժե. 1։

*5.32 Մատ. թ. 13։ ա Տիմ. ա. 15։

*5.33 Մատ. թ. 14։ Մար. բ. 18։

*5.36 Մատ. թ. 16, 17։ Մար. բ. 21, 22։