Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսը պատուիրում է խոնարհ լինել։ Հովիւի եւ պարտականի առակը։ 1*&…
Քրիստոսը պատուիրում է խոնարհ լինել։ Հովիւի եւ պարտականի առակը։
1* Այն ժամումը աշակերտները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին. Ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ։ 2Եւ Յիսուսն իր մօտ մի երեխայ կանչելով, նորան կանգնեցրեց նորանց մէջտեղը. 3Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. * եթէ դարձ չ’գաք եւ չ’լինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։ 4* Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնէ, նա է մեծ երկնքի արքայութեան մէջ։ 5Եւ * ով որ մի այսպիսի երեխայ ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում։ 6Եւ * ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ հաւատում են ինձ, աւելի լաւ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախուի, եւ նա ծովի անդունդում ընկղմուի։
7Վայ աշխարհքիս՝ գայթակղութիւնների համար. * որովհետեւ պէտք է որ գայթակղութիւնները գան, սակայն * վա՛յ այն մարդին, որի ձեռովը կ’գայ գայթակղութիւնը։ 8Եւ * եթէ քո ձեռքը կամ քո ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. Լաւ է քեզ կաղ կամ հաշմանդամ մտնել կեանքը, քան թէ երկու ձեռք եւ երկու ոտք ունենալ՝ եւ յաւիտենական կրակը գցուիլ։ 9Եւ թէ որ քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, լաւ է քեզ մէկ աչքով մտնել կեանքը, քան թէ երկու աչք ունենալ՝ եւ կրակի գեհենը գցուիլ։
10Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չ’անարգէք. Որովհետեւ ասում եմ ձեզ, որ * նորանց հրեշտակներն երկնքումը միշտ * տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է։ 11* Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ ապրեցնէ կորածը։ 12* Ի՞նչպէս է երեւում ձեզ, եթէ մի մարդի հարիւր ոչխար լինի, եւ նորանցից մէկը մոլորի, նա չի՞ թողիլ իննսուն եւ ինը ոչխարը սարերը եւ գնալ այն մոլորածին որոնել։ 13Եւ եթէ լինի որ գտնէ նորան, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորա վերայ աւելի կ’ուրախանայ քան թէ այն իննսուն եւ իննի վերայ որ չեն մոլորած։ 14Այսպէս ձեր Հայրը՝ որ երկնքումն է, չէ կամենում, որ այս փոքրներից մէկը կորչի։
15* Եթէ քո եղբայրը քեզ դէմ մեղանչէ, գնա նորան յանդիմանիր՝ երբոր դու եւ նա մինակ լինիք. Եթէ քեզ լսէ, * քո եղբայրը շահեցիր։ 16Բայց եթէ չ’լսէ, վեր առ մի կամ երկու ուրիշն էլ քեզ հետ, որովհետեւ * երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կ’հաստատուի։ 17Բայց եթէ նորանց էլ չ’լսէ, ասիր եկեղեցուն. Ապա եթէ եկեղեցուն էլ չ’լսէ, թող լինի քեզ համար ինչպէս * հեթանոս եւ մաքսաւոր։
18Ճշմարիտ ասում եմ ձեզ, * ինչ որ երկրի վերայ կապէք, երկնքումն էլ կապուած կ’լինի, եւ ինչ որ երկրի վերայ արձակէք, երկնքումն էլ արձակուած կ’լինի։ 19* Դարձեալ ասում եմ ձեզ՝ եթէ ձեզանից երկուսը երկրի վերայ միաբանուին՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, * կ’լինի նորանց իմ Հօրիցն՝ որ երկնքումն է։ 20Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ։
21Այն ժամանակ Պետրոսը նորա մօտ գալով ասեց. Տէր, քանի՞ անգամ եթէ իմ եղբայրն ինձ դէմ մեղք անէ, ես ներեմ նորան. * մինչեւ եօ՞թն անգամ։ 22Յիսուսը նորան ասեց. Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ, * այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը։ 23Սորա համար երկնքի արքայութիւնը նմանուեցաւ մի թագաւոր մարդի, որ ուզեց իր ծառաների հետ հաշիւ տեսնել։ 24Եւ երբոր սկսեց հաշիւը տեսնել, նորա մօտ մէկը բերուեցաւ տասը հազար * քանքար պարտական։ 25Բայց որովհետեւ չ’ունէր վճարելու, նորա տէրը հրամայեց * որ նա եւ նորա կինն եւ նորա որդիները եւ ամեն ինչ որ ունէր ծախուի եւ պարտքը վճարուի։ 26Եւ ծառան էլ երեսի վերայ ընկնելով երկրպագում էր նորան եւ ասում. Տէր, համբերիր ինձ համար, եւ բոլորը կ’հատուցանեմ քեզ։ 27Տէրն էլ գթաց այն ծառայի վերայ՝ նորան արձակեց, եւ պարտքն էլ շնորհեց նորան։ 28Եւ երբոր այն ծառան դուրս եկաւ, իր ծառայակիցներից մէկին գտաւ՝ որ իրան հարիւր դահեկան էր պարտական, եւ նորան բռնած խեղդում էր եւ ասում, Վճարիր ինձ ինչ որ պարտական ես։ 29Հիմա նորա այն ծառայակիցը նորա ոտներն ընկաւ, նորան աղաչում էր եւ ասում. Համբերիր ինձ համար եւ բոլորը կ’հատուցանեմ քեզ։ 30Բայց նա չէր կամենում, այլ գնաց նորան գցեց բանտը, մինչեւ որ պարտքը վճարէ։ 31Երբոր նորա ծառայակիցները տեսան եղած բաները շատ տրտմեցան եւ եկան իրանց տիրոջը յայտնեցին բոլոր եղածը։ 32Այն ժամանակ նորա տէրը մօտը կանչեց նորան եւ ասեց. Չար ծառայ, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որովհետեւ դու աղաչեցիր ինձ։ 33Պէտք չէ՞ր որ դու էլ քո ծառայակցին ողորմէիր՝ ինչպէս որ ես էլ քեզ ողորմեցի։ 34Եւ նորա Տէրը բարկանալով՝ նորան մատնեց դահիճներին, մինչեւ որ բոլոր պարտքը վճարէ նորան։ 35* Այսպէս էլ իմ երկնաւոր Հայրը կ’անէ ձեզ, եթէ դուք ամեն մէկդ իր եղբօրը՝ ձեր բոլոր սրտիցը չ’թողէք նորանց յանցանքը։
*18.1 Մար. թ. 32։ Ղուկ. թ. 46։ իբ. 24։
*18.3 Սաղ. ճլա. 2։ Գլ. ժթ. 14։ Մար. ժ. 14։ Ղուկ. ժը. 16։ ա Կոր. ժդ. 20։ ա Պետ. բ. 2։
*18.4 Գլ. ի. 27։ իգ. 11։
*18.5 Գլ. ժ. 42։
*18.6 Մար. թ. 41, 42։ Ղուկ. ժէ. 12։
*18.7 Ղուկ. ժէ. 1։ ա Կոր. ժա. 19։
*18.7 Գլ. իզ. 24։
*18.8 Գլ. ե. 29, 30։ Մար. թ. 42, 44։
*18.10 Սաղ. լդ. 7։ Զաք. ժգ. 7։ Եբր. ա. 14։
*18.10 Եսթ. ա. 14։ Ղուկ. ա. 19։
*18.11 Ղուկ. թ. 56։ ժթ. 10։ Յովհ. գ. 17։ ժբ. 47։
*18.12 Ղուկ. ժե. 4։
*18.15 Ղև. ժթ. 17։ Ղուկ. ժէ. 3։
*18.15 Յակ. ե. 20։ ա Պետ. գ. 1։
*18.16 բ Օր. ժէ. 6։ ժթ. 15։ Յովհ. ը. 17։ բ Կոր. ժգ. 1։ Եբր. ժ. 28։
*18.17 Հռովմ. ժզ. 17։ ա Կոր. ե. 9։ բ Թես. գ. 6, 14։ բ Յովհ. 10։
*18.18 Գլ. ժզ. 19։ Յովհ. ի. 23։ ա Կոր. ե. 4։
*18.19 Գլ. ե. 24։
*18.19 ա Յովհ. գ. 2։ ե. 14։
*18.21 Ղուկ. ժէ. 4։
*18.22 Գլ. զ. 14։ Մար. ժա. 25։ Կող. գ. 13։
*18.24 Այսինքն՝ տաղանդ
*18.25 դ Թագ. դ. 1։ Նէեմ. ե. 8։
*18.35 Առակ. իա. 13։ Գլ. զ. 12։ Մար. ժա. 26։ Յակ. բ. 13։