Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսը դարձեալ երևում է իր աշակերտներին նորանք ձուկ որսալիս. Պատուի…

Քրիստոսը դարձեալ երևում է իր աշակերտներին նորանք ձուկ որսալիս. Պատուիրում է Պետրոսին արածեցնել իր ոչխարները։ Իմացնում է թէ Պետրոսը կ’մարտիրոսանայ և թէ Յովհաննէսը շատ կ’ապրի։

1Սորանից յետոյ Յիսուսը դարձեալ իր անձը յայտնեց իր աշակերտներին Տիբերեայ ծովի եզրին մօտ. Եւ այսպէս յայտնեց։ 2Միասին էին Սիմօն Պետրոսը, եւ Երկուորեակ անուանուած Թովմասը, եւ * Նաթանայէլը՝ որ Գալիլեայի Կանայիցն է, եւ * Զեբեդիայի որդիքը, եւ նորա աշակերտներիցն ուրիշ երկուս էլ։ 3Սիմօն Պետրոսը նորանց ասեց. Ես գնում եմ ձուկ բռնելու. Նորան ասեցին. Մենք էլ գանք քեզ հետ. Գնացին եւ շուտով մտան նաւը, եւ այն գիշերը ոչինչ չ’բռնեցին։ 4Երբոր արդէն առաւօտ եղաւ, Յիսուսը ծովի եզրումը կանգնած էր, սակայն աշակերտները * չ’ճանաչեցին, թէ Յիսուսն է։ 5Իսկ * Յիսուսը նորանց ասեց. Տղերք, ուտելու բան ունի՞ք. Պատասխանեցին նորան, Ոչ։ 6Նա էլ ասեց նորանց. * Ուռկանը նաւի աջ կողմը գցեցէք, եւ կ’գտնէք. Նորանք էլ գցեցին, եւ՝ էլ չէին կարողանում քաշել՝ ձկների շատութեան պատճառովը։ 7* Այն աշակերտը որ Յիսուսը սիրում էր նորան՝ Պետրոսին ասեց, Տէրն է նա։ Սիմօն Պետրոսը երբոր լսեց՝ թէ Տէրն է, վերարկուն իրան վերայ առաւ, որովհետեւ մերկ էր, եւ զինքը ծովը գցեց։ 8Իսկ միւս աշակերտները եկան նաւակովը. Որովհետեւ ցամաքիցը հեռու չէին. Այլ երկու հարիւր կանգունի չափ, եւ ուռկանը ձկներովը քաշում էին։ 9Երբոր դուրս եկան ցամաքը, տեսան ածուխի կրակ վառած, եւ նորա վերայ դրած ձուկ եւ հաց։ 10Յիսուսը նորանց ասեց. Բերէք այդ ձկներից՝ որ հիմա բռնեցիք։ 11Սիմօն Պետրոսը նաւը մտաւ եւ ուռկանը քաշեց դէպի ցամաքը՝ մեծ մեծ ձկներով լիքը՝ հարիւր յիսունեւերեք հատ. Եւ այդքան լինելով՝ ուռկանը չ’պատառուեցաւ։ 12Յիսուսը նորանց ասեց. * Եկէք ճաշեցէք. Եւ աշակերտներիցը ոչ ով չէր համարձակում հարցնել՝ թէ Դու ո՞վ ես. Որովհետեւ գիտէին, որ Տէրն է։ 13Յիսուսն էլ եկաւ՝ եւ հացն առաւ՝ եւ նորանց տուաւ, եւ նոյնպէս էլ ձուկը։ 14* Սա երրորդ անգամն է որ Յիսուսը իր աշակերտներին երեւեցաւ, մեռելներից յարութիւն առնելուց յետոյ։

15Եւ երբոր ճաշեցին, Յիսուսն ասեց Սիմօն Պետրոսին. Սիմօն Յովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ դորանցից աւելի, նորան ասեց. Այո, Տէր, դու գիտես՝ որ ես սիրում եմ քեզ, նորան ասեց. Արածեցրու իմ գառները։ 16Դարձեալ ասեց նորան. Սիմօն Յովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ. Նորան ասեց. Այո, Տէր, դու գիտես որ ես սիրում եմ քեզ. * նորան ասեց, Արածեցրու իմ ոչխարները։ 17Երրորդ անգամն ասեց նորան. Սիմօն Յովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ։ Պետրոսը տրտմեցաւ. Որովհետեւ երրորդ անգամ նորան ասեց՝ թէ Սիրո՞ւմ ես ինձ. Եւ նորան ասեց. * Տէր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ. Յիսուսը նորան ասեց. Արածեցրու իմ ոչխարները։ 18* Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, երբոր պատանի էիր՝ ինքդ էիր գօտիդ կապում՝ եւ ման գալիս որտեղ որ ուզում էիր. Բայց երբոր կ’ծերանաս, ձեռքերդ կ’մեկնես. Եւ ուրիշը գօտի կ’կապէ, եւ կ’տանէ՝ որտեղ որ չես ուզիլ։ 19Սա ասեց՝ ցոյց տալով * թէ նա ի՛նչ մահով կ’փառաւորէ Աստուծուն. Եւ սա ասելուց յետոյ, նորան ասեց. Իմ ետեւիցը եկ. 20Պետրոսն էլ դարձաւ՝ տեսաւ այն աշակերտին, * որին Յիսուսը սիրում էր, որ ետեւիցը գալիս էր, նա՝ որ էլ նորա լանջքովն ընկաւ ընթրիքի ժամանակին եւ ասեց. Տէր, ո՞վ է քեզ մատնողը։ 21Պետրոսը սորան տեսնելով, Յիսուսին ասեց. Տէր, բայց սա ի՞նչ։ 22Յիսուսը նորան ասեց. Եթէ ես կամենում եմ, որ դա կենայ, * մինչեւ ես գամ. Քե՞զ ինչ. Դու իմ ետեւիցը եկ։ 23Եւ այս խօսքը դուրս եկաւ եղբայրների մէջ, թէ այն աշակերտը չի մեռնիլ. Բայց Յիսուսը չ’ասեց նորան, թէ չի մեռնիլ. Այլ եթէ կամենում եմ որ դա կենայ մինչեւ ես գամ. Քե՞զ ինչ։

24Սա այն աշակերտն է, որ այս բաների համար վկայում է, եւ այս բաներն էլ գրեց, * եւ գիտենք որ նորա վկայութիւնը ճշմարիտ է։ 25* Բայց ուրիշ էլ շատ բաներ կան, որ Յիսուսը արաւ, որոնք եթէ մէկ մէկ գրուած լինէին, * կարծում եմ թէ աշխարհքս էլ բաւական չէր լինիլ այն գրուած գրքերը տանելու։ Ամէն։

*21.2 Գլ. ա. 45։

*21.2 Մատ. դ. 21։

*21.4 Գլ. ի. 14։

*21.5 Ղուկ. իդ. 41։

*21.6 Ղուկ. ե. 4, 6, 7։

*21.7 Գլ. ժգ. 23։ ի. 2։

*21.12 Գոր. ժ. 41։

*21.14 Գլ. ի. 19, 26։

*21.16 Գոր. ի. 28։ Եբր. ժգ. 20։ ա Պետ. բ. 25։ ե. 2, 4։

*21.17 Գլ. բ. 24, 25։ ժզ. 30։

*21.18 Գլ. ժգ. 36։ Գոր. ժբ. 3, 4։

*21.19 բ Պետ. ա. 14։

*21.20 Գլ. ժգ. 23, 25։ ի. 2։

*21.22 Մատ. ժզ. 27, 28։ իե. 31։ ա Կոր. դ. 5։ ժա. 26։ Յայտ. բ. 25։ գ. 11։ իբ. 7, 20։

*21.24 Գլ. ժթ. 35։ գ Յովհ. 12։

*21.25 Գլ. ի. 30։

*21.25 Ամովս է. 10։