Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պօղոսի հալածուիլը, և նորա գործերը Թեսաղոնիկէում, Բերիայում և Աթէնքում…

Պօղոսի հալածուիլը, և նորա գործերը Թեսաղոնիկէում, Բերիայում և Աթէնքում։

1Եւ Ամփիպօլիսի եւ Ապողոնիայի միջովը ման գալով՝ եկան Թեսաղոնիկէ, ուր էր Հրէաների ժողովարանը։ 2Եւ Պօղոսը սովորութեանը պէս * մտաւ նորանց մօտ, եւ երեք շաբաթ օրեր նորանց հետ խօսեց գրքերիցը. 3Բաց էր անում՝ եւ առաջներին դնում, թէ * պէտք էր Քրիստոսը չարչարուէր՝ եւ մեռելներիցը յարութիւն առնէր. Եւ թէ Քրիստոսը այս Յիսուսն է որ ես պատմում եմ ձեզ։ 4* Եւ նորանցից ոմանք հաւատացին, եւ Պօղոսի եւ * Շիղայի հետ միացան. Եւ աստուածավախ Յոյներից էլ շատ բազմութիւն, եւ գլխաւոր կանանցիցն էլ ոչ սակաւ։ 5Բայց չ’հաւատացող Հրէաները նախանձելով եւ փողոցից մի քանի անպիտան մարդիկ առնելով աղմուկ արին եւ քաղաքի մէջ շփոթութիւն շինեցին. Եւ * Յասոնի տան վերայ յարձակելով՝ ուզում էին՝ որ նորանց տանեն հրապարակը։ 6Եւ երբոր չ’գտան նորանց՝ Յասոնին եւ մի քանի եղբայրներին քաշելով տանում էին քաղաքապետների մօտ, եւ սաստիկ աղաղակում՝ թէ * այս աշխարհքը շփոթեցնողներն այստեղ էլ հասան. 7Որոնց Յասոնն ընդունել է. Եւ սորանք ամենքը կայսեր հրամաններին հակառակ են գործում, * ասելով թէ մի ուրիշն է թագաւոր՝ Յիսուսը։ 8Եւ շփոթեցրին ժողովուրդին եւ քաղաքապետներին, որ լսում էին այս բաները։ 9Եւ Յասոնիցն ու ուրիշներիցն երաշխաւորութիւն առան, եւ նորանց արձակեցին։ 10* Բայց եղբայրները Պօղոսին եւ Շիղային շուտով գիշերանց ճանապարհ գցեցին դէպի Բերիա. Որ երբոր այնտեղ հասան, գնացին Հրէաների ժողովարանը։ 11Բայց սորանք աւելի ազնիւ էին քան թէ նորանք՝ որ Թեսաղոնիկէումն էին. Որ խօսքը բոլոր յօժարութեամբ ընդունեցին. * ամեն օր Գրքերը քննում էին, թէ այս այսպէ՞ս է։ 12Եւ նորանցից շատերը հաւատացին. Եւ Յոյն պատուաւոր կանանցից եւ մարդկանցից էլ ոչ սակաւ։ 13Բայց երբոր Թեսաղոնիկէի Հրէաները գիտացին, թէ Բերիաի մէջ էլ Աստուծոյ խօսքը պատմուեցաւ Պօղոսից, այնտեղ էլ եկան՝ ժողովուրդները գրգռելով։ 14* Այն ժամանակ եղբայրները Պօղոսին շուտով ուղարկեցին՝ որ մինչեւ ծովը գնայ. Եւ Շիղան եւ Տիմոթէոսն այնտեղ մնացին։ 15Եւ Պօղոսին տանողները նորան մինչեւ Աթէնք տարան. Եւ * պատուէր առնելով Շիղայի եւ Տիմոթէոսի համար՝ որ շուտով գան նորա մօտ, գնացին։

16Եւ երբոր Պօղոսն Աթէնքումը նորանց սպասում էր, * նորա հոգին սաստիկ զայրանում էր իրանում, որ տեսնում էր քաղաքը կուռքերով լիքը. 17Եւ խօսում էր ժողովարանումը Հրէաների եւ բարեպաշտ մարդկանց հետ եւ փողոցումն ամեն օր պատահողների հետ։ 18Եպիկուրեան եւ Ստոյիկեան փիլիսոփաներից ոմանք նորա հետ հակառակում էին. Եւ ոմանք ասում էին. Այս սերմանաքաղն ի՞նչ է ուզում ասել. Բայց ուրիշներն էլ. Երեւում է, որ օտար աստուածների քարոզիչ է. Որովհետեւ Յիսուս եւ յարութիւն էր աւետարանում։ 19Եւ առան նորան տարան Արիսպագոսն՝ ասելով. Կարո՞ղ ենք իմանալ, թէ ի՞նչ է քո այդ խօսած նոր վարդապետութիւնը. 20Որովհետեւ օտար բաներ ես բերում մեր ականջներին. Հիմա կամենում ենք իմանալ՝ թէ դորանք ի՞նչ պիտի լինին։ 21Որովհետեւ բոլոր Աթենացիք եւ այն տեղ կենող օտարները՝ ուրիշ ոչ մի բանի չէին պարապում, բայց միայն որ նոր բան ասեն կամ լսեն։

22Պօղոսն էլ կանգնեց Արիսպագոսի միջին եւ ասեց. Ով Աթենացի մարդիկ, ես ձեզ ամեն կերպով կրօնասէր եմ տեսնում. 23Որովհետեւ ման գալիս եւ ձեր պաշտամունքներին մտիկ տալիս, մի սեղան էլ գտայ, որի վերայ գրած էր, ԱՆԾԱՆՕԹ ԱՍՏՈՒԾՈՒՆ. Այն որ դուք առանց ճանաչելու պաշտում էք. Ես նորան եմ պատմում ձեզ։ 24Այն * Աստուածը, որ աշխարհքս եւ ամեն բան՝ որ նորանում կայ՝ արաւ, նա երկնքի եւ երկրիս * Տէրը լինելով * ձեռագործ տաճարներում չէ բնակվում։ 25Եւ ոչ էլ մարդկանց ձեռով է պաշտվում իբր թէ * մի բանի կարօտ. * նա է ամենի կեանք եւ շունչ՝ եւ ամեն բան տուողը։ 26Եւ նա մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արաւ, որ երկրի բոլոր երեսի վերայ բնակուեն. Որոշուած ժամանակներ եւ * նորանց բնակութեան սահմանները հաստատեց, որ * Աստուծուն խնդրեն. 27Որ լինի թէ խարխափեն նորան եւ գտնեն. * թէ եւ ինքը հեռու չէ մեր ամեն մէկիցը։ 28Որովհետեւ * մենք նորանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք. * ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք էլ ասեցին, թէ Նորա ազգիցն էլ ենք։ 29Արդ որովհետեւ Աստուծոյ ազգիցն ենք, * պէտք չէ համարենք, թէ Աստուածութիւնը նման լինի ոսկու կամ արծաթի կամ քարի՝ մարդի վարպետութեամբ եւ մտքով քանդակուած։ 30Բայց Աստուած * տգիտութեան ժամանակներն անտես անելով, * հիմա մարդկանց պատուիրում է ամենին ամեն տեղ ապաշխարել։ 31Մէկ օր հաստատեց * որ նորանում աշխարհքս արդարութեամբ պիտի դատէ այն մարդի ձեռովը, որ սահմանեց նորանով ամենին հաւատք տալ, * որին մեռելներից յարութիւն տուաւ։

32Երբոր լսեցին մեռելների յարութիւնը, ոմանք ծաղր էին անում. Ոմանք էլ ասում էին, Այդ բանի համար քեզանից դարձեալ կ’լսենք։ 33Եւ այսպէս Պօղոսը նորանց միջիցը դուրս եկաւ։ 34Բայց մի քանի մարդիկ նորա կողմն անցնելով հաւատացին. Որոնց հետ էր Դիոնեսիոս Արիսպագացին, եւ մի կին՝ անունը Դամարիս, եւ ուրիշներ էլ նորանց հետ։

*17.2 Ղուկ. դ. 16։ Գլ. թ. 20։ ժգ. 5, 14։ ժդ. 1։ ժզ. 13։ ժթ. 8։

*17.3 Ղուկ. իդ. 26, 46։ Գլ. ժը. 28։ Գաղ. գ. 1։

*17.4 Գլ. իը. 24։

*17.4 Գլ. ժե. 22, 27, 32, 40։

*17.5 Հռովմ. ժզ. 21։

*17.6 Գլ. ժզ. 20։

*17.7 Ղուկ. իգ. 2։ Յովհ. ժթ. 12։ ա Պետ. բ. 13։

*17.10 Գլ. թ. 25։ Հմր. 14։

*17.11 Ես. լդ. 16։ Ղուկ. ժզ. 29։ Յովհ. ե. 39։

*17.14 Մատ. ժ. 23։

*17.15 Գլ. ժը. 5։

*17.16 բ Պետ. բ. 8։

*17.24 Գլ. ժդ. 14։

*17.24 Մատ. ժա. 25։

*17.24 Գլ. է. 48։

*17.25 Սաղ. ծ. 10-13։

*17.25 Ծն. բ. 7։ Թու. ժզ. 22։ Յոբ ժբ. 10։ իէ. 3։ լգ. 4։ Ես. խբ. 5։ ծէ. 16։ Զաք. ժբ. 1։

*17.26 բ Օր. լբ. 8։

*17.26 Հռովմ. ա. 20։

*17.27 Գլ. ժդ. 16։

*17.28 Կող. ա. 17։ Եբր. ա. 3։

*17.28 Տիտ. ա. 12։

*17.29 Ես. խ. 18։

*17.30 Գլ. ժդ. 15։ Հռովմ. գ. 25։

*17.30 Ղուկ. իդ. 47։ Տիտ. բ. 11, 12։ ա Պետ. ա. 14։ դ. 3։

*17.31 Գլ. ժ. 42։ Հռովմ. բ. 16։ ժդ. 10։

*17.31 Գլ. բ. 24։