Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յովսէփը բանտումը երկու երազ է մեկնում։ 1Եւ եղաւ որ այս բաներից յետ…

Յովսէփը բանտումը երկու երազ է մեկնում։

1Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Եգիպտոսի թագաւորի * մատռուակը եւ հացագործը իրանց տիրոջ՝ Եգիպտոսի թագաւորի դէմ յանցանք գործեցին։ 2Եւ Փարաւօնը բարկացաւ իր երկու ներքինիների՝ այսինքն մատռուակապետի եւ հացագործապետի վերայ. 3Եւ * նորանց դահճապետի տան բանտի մէջ բանտարկեց, ուր որ Յովսէփը բանտարկուած էր։ 4Եւ դահճապետը Յովսէփին վերակացու նշանակեց նորանց համար, եւ նա ծառայում էր նորանց. Եւ նորանք մի առ ժամանակ մնացին բանտումը։

5Եւ երկուսն էլ երազ տեսան՝ ամեն մէկն իր երազը մէկ գիշեր՝ ամեն մէկն իր երազի նշանակութեամբը՝ Եգիպտոսի թագաւորի մատռուակը եւ հացագործը, որոնք բանտումը կապուած էին, 6Եւ Յովսէփն առաւօտանց նորանց մօտ եկաւ, եւ տեսաւ նորանց, որ տրտմած էին։ 7Եւ հարցրեց Փարաւօնի ներքինիներին, որ իր տիրոջ տանը իր հետ բանտարկուած էին ասելով, * Ինչո՞ւ համար ձեր երեսները այսօր տխուր են։ 8Եւ նորանք ասեցին նորան. * Երազ ենք տեսել, եւ նորան մեկնող չկայ։ Եւ Յովսէփն ասեց նորանց. * Ահա մեկնութիւնները Աստուծոյն են վերաբերվում. Խնդրեմ, պատմեցէք ինձ։

9Եւ մատռուակապետը պատմեց իր երազը Յովսէփին եւ ասեց նորան. Երազումս տեսայ, որ առջեւս մի որթ կար. 10Եւ այն որթի վերայ երեք ուռ կային, եւ հէնց որ բողբոջեց ծաղիկ տուաւ, եւ նորա ողկոյզները խաղող հասցրին. 11Եւ Փարաւօնի բաժակը իմ ձեռքին էր. Եւ խաղողներն առի, եւ Փարաւօնի բաժակի մէջ ճմլեցի, եւ գաւաթը Փարաւօնի ձեռքը տուի։ 12Եւ Յովսէփը նորան ասեց. * Սա է դորա մեկնութիւնը. Երեք ուռը * երեք օր է. 13Երեք օրից յետոյ Փարաւօնը քո գլուխը կը բարձրացնէ, եւ քեզ դարձեալ քո պաշտօնի վերայ կþդնէ. Եւ Փարաւօնի բաժակը նորա ձեռքը կþտաս այն առաջի սովորութեան պէս, երբոր նորա մատռուակն էիր։ 14Բայց ինձ միտքդ բեր, երբ որ քեզ բարիք կþլինի, եւ խնդրեմ ինձ բարերարութիւն արա, եւ * ինձ յիշիր Փարաւօնի առաջին եւ ինձ հանիր այս տունիցը. 15Որովհետեւ իրաւ գողացուեցայ Եբրայեցիների երկրիցը. Եւ * այստեղ էլ մի բան չեմ արել որ ինձ այս գուբը նետեն։

16Եւ հացագործապետը տեսաւ որ լաւ մեկնեց, ասեց յովսէփին. Ես էլ երազումս տեսայ, որ գլխիս վերայ երեք նաշիհի սակառ ունէի. 17Եւ ամենի վերայի սակառի մէջ կար Փարաւօնի ամեն կերակուրներիցը, որ հացագործը շինում է, եւ թռչունները ուտում էին նորանց գլխիս վերայի սակառիցը։ 18Եւ Յովսէփը պատասխանեց, եւ ասեց. Սա է դորա մեկնութիւնը. Երեք սակառը երեք օր է. 19Երեք օրից յետոյ Փարաւօնը քո վերայից վեր կþառնէ քո գլուխը, եւ քեզ մի ծառից կը կախէ. Եւ թռչունները քո վերայից կþուտեն քո մարմինը։

20Եւ եղաւ երրորդ օրը, որ Փարաւօնի * ծննդեան օրն էր, եւ իր բոլոր ծառաների համար * խնջոյք արաւ եւ իր ծառաների մէջ մատռուակապետի եւ հացագործապետի * գլուխները վեր հանեց։ 21Եւ դարձրեց մատռուակապետին իր պաշտօնին, եւ * նա բաժակը Փարաւօնի ձեռքը տուաւ։ 22Բայց հացագործապետին կախել տուաւ, ինչպէս Յովսէփը մեկնել էր նորանց։ 23Բայց մատռուակապետը չþյիշեց Յովսէփին, եւ * մոռացաւ նորան։

*40.1 Նէեմ. ա. 11։

*40.3 Գլ. լթ. 20, 23։

*40.7 Նէեմ. բ. 2։

*40.8 Գլ. խա. 15։

*40.8 Տես գլ. խա. 15։ Դան. բ. 11, 28, 47։

*40.12 Գլ. խա. 12, 25։ Դատ. է. 13, 14։ Դան. բ. 36։ դ. 19։

*40.12 Գլ. խա. 26։

*40.14 Ղուկ. իգ. 42։

*40.15 Գլ. լթ. 20։

*40.20 Մատ. ժդ. 6։

*40.20 Մար. զ. 21։

*40.20 Հմր. 13, 19։

*40.21 Նէեմ. բ. 1։

*40.23 Սաղ. լա. 12։ Ժող. թ. 15։ Ամով. զ. 6։