Հին Կտակարան
Նոր Կտակարան
Նոր տաճարի տեսիլքը։ Նորա գաւիթները և սրահները։ 1Մեր գերութեան քսան…
Նոր տաճարի տեսիլքը։ Նորա գաւիթները և սրահները։
1Մեր գերութեան քսանեւհինգ տարումը՝ տարուայ սկզբի ամսի տասնին, * քաղաքի յաղթուելուց յետոյ տասնեւչորսերորդ տարումը, նոյն օրը * Տիրոջ ձեռքը եղաւ ինձ վերայ եւ ինձ տարաւ այնտեղ։ 2* Աստուծոյ տեսիլքներովը ինձ տարաւ Իսրայէլի երկիրը եւ * ինձ մի շատ բարձր սարի վերայ դրաւ. Եւ նորա վերայ մի քաղաքի շինութեան պէս բան կար դէպի հարաւին կողմը։ 3Եւ ինձ տարաւ այնտեղ. Եւ ահա մի մարդ որի երեւոյթը * պղնձի երեւոյթի պէս էր, եւ ձեռքին * մի քթանի լար եւ * չափի եղէգը. Եւ նա կանգնած էր դռան մէջ։ 4Եւ այն մարդը խօսեց ինձ հետ. * Մարդի որդի, մտիկ տուր աչքերովդ, եւ ականջներովդ լսիր, եւ ուշադրութիւն արա այն ամենին ինչ որ ես քեզ ցոյց եմ տալիս, որովհետեւ քեզ ցոյց տալու համար բերուեցար դու այստեղ. * ամեն ինչ որ տեսնում ես պատմիր Իսրայէլի տանը։
5Եւ ահա մի * պարիսպ կար տանիցը դուրս շրջապատ. Եւ այն մարդի ձեռքին չափի եղէգը վեց կանգուն էր՝ մէկ կանգուն եւ մի ձեռքի լայնութիւն. Եւ նա չափեց շէնքի լայնութիւնը մէկ եղէգ եւ նորա բարձրութիւնը մէկ եղէգ։
6Եւ եկաւ այն դուռը որի երեսը դէպի արեւելք էր եւ նորա աստիճաններովը վեր ելաւ եւ չափեց դռան սեամը մէկ եղէգ լայն, եւ մէկ սեամը մէկ եղէգ լայն։ 7Եւ մէկ խուցը մէկ եղէգ երկայն եւ մէկ եղէգ լայն էր. Եւ խուցերի մէջտեղերը հինգ կանգուն. Եւ դռան սեամը դռան սրահի կշտին տաճարի կողմից մէկ կանգուն։ 8Եւ չափեց դռան սրահը տաճարի կողմից մէկ եղէգ։ 9Եւ չափեց դռան սրահը ութ կանգուն եւ նորա դրանդիքը երկու կանգուն, եւ դռան սրահը դէպի տաճարն էր։ 10Եւ դռան խուցերը դէպի արեւելք՝ երեքը այս կողմից երեքը այն կողմից. Նորանց երեքի չափն էլ մէկ էր. Եւ դրանդիների չափն էլ մէկ էր այս կողմին եւ այն կողմին։ 11Եւ չափեց դռան մուտքի լայնութիւնը տասը կանգուն. Դռան երկայնութիւնը տասնեւերեք կանգուն։ 12Եւ մէկ սահման կար խուցերի առաջին մէկ կանգուն, եւ մէկ կանգուն էր սահմանը միւս կողմից. Եւ խուցը վեց կանգուն էր այս կողմից եւ վեց կանգուն միւս կողմից։ 13Եւ չափեց դուռը մէկ խուցի կտուրից մինչեւ միւսի կտուրը՝ լայնութիւնը քսանեւհինգ կանգուն, մուտք մուտքի դէմ։ 14Եւ դրանդիքը վաթսուն կանգուն արաւ, եւ գաւիթը մինչեւ դրանդիքը հասնում էր դռան շուրջը։ 15Եւ դուրսի դռան երեսից մինչեւ ներսի դռան սրահի երեսը յիսուն կանգուն. 16Եւ * վանդակապատ պատուհաններ խուցերի մօտ եւ նորանց դրանդիքի մօտ դռան ներսումը շուրջանակի. Եւ այսպէս էին սրահները, շուրջանակի պատուհաններ ներսի կողմից. Եւ դրանդիքի վերայ արմաւենիներ։
17Եւ ինձ տարաւ * դուրսի գաւիթը, եւ ահա * սենեակներ եւ գաւիթի համար շինուած քարայատակ շուրջանակի. * երեսուն սենեակ քարայատակի վերայ. 18Եւ քարայատակը դռների կշտին էր դռների երկայնութեան դէմուդէմ, այսինքն տակի քարայատակը։ 19Եւ նա չափեց լայնութիւնը տակի դռան առաջից մինչեւ ներքին գաւիթի երեսը ներսից հարիւր կանգուն, արեւելքից եւ հիւսիսից։
20Եւ այն դուռը որը երեսովը դէպի հիւսիս էր նայում ներսի գաւիթի մօտ՝ չափեց նորա երկայնութիւնը եւ նորա լայնութիւնը։ 21Եւ նորա խուցերը երեքը այս կողմից եւ երեքը այն կողմից էին, եւ նորա դրանդիքն ու նորա սրահները առաջի դռան չափին համեմատ էին՝ յիսուն կանգուն նորա երկայնութիւնը եւ լայնութիւնը քսանեւհինգ կանգուն։ 22Եւ նորա պատուհաններն ու սրահները եւ արմաւենիները այն դռան չափին համեմատ, որի երեսը դէպի արեւելք էր ուղղուած. Եւ եօթը աստիճանով վեր էին ելնում նորա վերայ, եւ նորա սրահները նորանց առաջին էին։ 23Եւ մէկ դուռ ներսի գաւիթի մօտ հիւսիսային եւ արեւելեան դռան դիմացը. Եւ նա չափեց դռնից մինչեւ դուռ հարիւր կանգուն։
24Եւ ինձ տարաւ հարաւային կողմը, եւ ահա մէկ դուռ կար դէպի հարաւ. Եւ չափեց նորա դրանդիքը եւ նորա սրահները նոյն չափերին համեմատ։ 25Եւ նա պատուհաններ ունէր եւ նորա սրահները շուրջանակի այն պատուհաններին պէս. Յիսուն կանգուն երկայն եւ լայնութիւնը քսանեւհինգ կանգուն։ 26Եւ եօթը աստիճան էին նորանով վեր ելնելու համար. Եւ նորա սրահները նորանց առաջիցն էին, եւ արմաւենիներ ունէր մէկը այս կողմից միւսը այն կողմից իր դրանդիքի մօտ։
27Եւ ներսի գաւիթի դուռը դէպի հարաւ էր, եւ չափեց դռնից դուռ դէպի հարաւ հարիւր կանգուն։ 28Եւ ինձ տարաւ դէպի ներսի գաւիթը հարաւի դռան միջով, եւ չափեց հարաւային դուռը նոյն չափերին համեմատ։ 29Եւ նորա խուցերը եւ դրանդիներն ու սրահները շուրջանակի՝ յիսուն կանգուն երկայն եւ քսանեւհինգ կանգուն լայն։ 30Եւ շուրջանակի սրահները երկայն էին * քսանեւհինգ կանգուն՝ եւ հինգ կանգուն լայն։ 31Եւ նորա սրահները դէպի դուրսի գաւիթն էին, եւ արմաւենիներ կային նորա դրանդիքի վերայ. Եւ ութ աստիճան ունէր վեր ելնելու համար։
32Եւ ինձ տարաւ ներսի գաւիթը դէպի արեւելք, եւ չափեց դուռը նոյն չափերին համեմատ։ 33Եւ նորա խուցերը եւ դրանդիքն ու սրահները նոյն չափերին համեմատ, եւ նա պատուհաններ ունէր եւ նորա սրահները շուրջանակի՝ երկայնութիւնը յիսուն կանգուն եւ լայնութիւնը քսանեւհինգ կանգուն։ 34Եւ նորա սրահները դէպի դուրսի գաւիթը, եւ նորա դրանդիքի վերայ արմաւենիներ այս կողմից եւ այն կողմից. Եւ ութ աստիճան ունէր վեր ելնելու համար։
35Եւ նա ինձ տարաւ հիւսիսային դուռը եւ չափեց նոյն չափերին համեմատ. 36նորա խուցերը, դրանդիքը եւ սրահները. Եւ նա պատուհաններ ունէր շուրջանակի երկայնութիւնը յիսուն կանգուն եւ լայնութիւնը քսանեւհինգ կանգուն։ 37Եւ նորա դրանդիքը դէպի դրսի գաւիթն էին, եւ արմաւենիներ կային նորա դրանդիքի վերայ այս կողմից եւ այն կողմից, եւ ութ աստիճան ունէր վեր ելնելու համար։
38Եւ մէկ սենեակ կար, եւ նորա մուտքը դռների դրանդիքի մօտ. Այնտեղ լուանում էին ողջակէզը։ 39Եւ դռան սրահումը երկու սեղան կար այս կողմից եւ երկու սեղան այն կողմից նորանց վերայ ողջակէզը եւ * մեղքի պատարագը եւ * յանցանքի պատարագը մորթելու համար։ 40Եւ դրսի կողմին դէպի հիւսիսային դռան մուտքը վեր գնալու մօտ երկու սեղաններ կային, եւ միւս կողմին որ դռան սրահի մօտ էր երկու սեղաններ։ 41Չորս սեղան այս կողմից եւ չորս սեղան միւս կողմից դռան կողմին. Ութ սեղան՝ որ նորանց վերայ մորթեն։ 42Եւ չորս սեղան ողջակէզի համար, տաշած քարից՝ երկայնութիւնը մէկուկէս կանգուն եւ լայնութիւնը մէկուկէս կանգուն եւ բարձրութիւնը մէկ կանգուն. Դորանց վերայ պէտք է դնէին այն գործիքները, որոնցով մորթում էին ողջակէզը եւ զոհը։ 43Եւ կրկնակարթեր՝ մէկ ձեռքի չափ՝ պնդացրուած էին տան վերայ շուրջանակի, եւ սեղանների վերայ զոհի միսը։
44Եւ ներսի դռան դրսի կողմից * երգեցողների սենեակներն էին, ներսի գաւիթումը, որ հիւսիսային դռան կողքին էր, եւ նորանց երեսները դէպի հարաւ էին, մէկը արեւելեան դռան կողքին՝ երեսը դէպի հիւսիս։ 45Եւ նա ասեց ինձ. Այս սենեակը որի երեսը դէպի հարաւ է՝ * տաճարի պահպանութիւնը անող քահանաներինն է։ 46Եւ այն սենեակը որի երեսը դէպի հիւսիս է՝ * սեղանի պահպանութիւնն անող քահանաներինն է։ Նորանք * Սադովկի որդիքն են, որոնք Ղեւիի որդկանցից մօտենում են Տիրոջը՝ նորան ծառայելու։
47Եւ չափեց գաւիթը՝ երկայնութիւնը հարիւր կանգուն եւ լայնութիւնը հարիւր կանգուն՝ քառակուսի, եւ սեղանը տաճարի առաջին։
48Եւ ինձ տարաւ տաճարի սրահը եւ չաեց սրահի դրանդիքը հինգ կանգուն մէկ կողմից եւ հինգ կանգուն միւս կողմից. Եւ դռան լայնութիւնը երեք կանգուն մէկ կողմից եւ երեք կանգուն միւս կողմից։ 49* Սրահի երկայնութիւնը քսան կանգուն եւ լայնութիւնը տասնեւմէկ կանգուն, եւ այն աստիճաններով միասին որոնցով վեր էին ելնում. Եւ * դրանդիքի մօտ սիւներ կային՝ մէկը մէկ կողմից եւ միւսը միւս կողմից։
*40.1 Գլ. լգ. 21։
*40.1 Գլ. ա. 3։
*40.2 Գլ. ը. 3։
*40.2 Յայտ. իա. 10։
*40.3 Գլ. ա. 7։ Դան. ժ. 6։
*40.3 Գլ. խէ. 3։
*40.3 Յայտ. ժա. 1։ իա. 15։
*40.4 Գլ. խդ. 5։
*40.4 Գլ. խգ. 10։
*40.5 Գլ. խբ. 20։
*40.16 գ Թագ. զ. 4։
*40.17 Յայտ. ժա. 2։
*40.17 գ Թագ. զ. 5։
*40.17 Գլ. խե. 5։
*40.30 Տես հմր. 21, 25, 33, 36։
*40.39 Ղև. դ. 2, 3։
*40.39 Ղև. ե. 6։ զ. 6։ է. 1։
*40.44 ա Մն. զ. 31։
*40.45 Ղև. ը. 35։ Թու. գ. 27, 28, 32, 38։ ժը. 5։ ա Մն. թ. 23։ բ Մն. ժգ. 11։ Սաղ. ճլդ. 1։
*40.46 Թու. ժը. 5։ Գլ. խդ. 15։
*40.46 գ Թագ. բ. 35։ Գլ. խգ. 19։ խդ. 15, 16։
*40.49 գ Թագ. զ. 3։
*40.49 գ Թագ. է. 21։