Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսը խօսակցում է մի Սամարացի կնկայ հետ։ Շատ Սամարացիներ հաւատում …
Քրիստոսը խօսակցում է մի Սամարացի կնկայ հետ։ Շատ Սամարացիներ հաւատում են։ Քրիստոսը գնում է Գալիլեա և մի ազնուականի որդուն բժշկում։
1Եւ երբոր Տէրն իմացաւ, որ Փարիսեցիները լսեցին, թէ Յիսուսը աւելի աշակերտներ է անում եւ * մկրտում քան թէ Յովհաննէսը, 2(Թէպէտեւ Յիսուսը ինքը չէր մկրտում՝ այլ նորա աշակերտները.) 3Հրէաստանի երկիրը թողեց եւ դարձեալ եկաւ Գալիլեա։ 4Եւ պէտք էր որ Սամարիայի միջովն անցնէր։ 5Արդ նա Սամարիայի մի քաղաքն եկաւ, անունը Սիւքար, այն տեղի մօտ, * որ Յակոբը տուաւ իր որդի Յովսէփին։ 6Եւ Յակոբի մի աղբիւրը կար այնտեղ. Եւ Յիսուսը ճանապարհիցը վաստակած այն աղբիւրի վերայ նստեց. Եւ ժամը վեցին դէմ էր։
7Արդ Սամարիայից մի կին եկաւ, որ ջուր հանէ. Յիսուսը նորան ասեց. Ինձ ջուր տուր խմեմ։ 8Որովհետեւ նորա աշակերտները քաղաքն էին գնացել, որ կերակուր առնեն։ 9Սամարացի կինն էլ ասեց նորան. Դու որ Հրէայ ես, ի՞նչպէս ես ինձանից ջուր ուզում խմել, որ մի Սամարացի կին եմ. Որովհետեւ * Հրէաները չեն խառնվում Սամարացիների հետ։ 10Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան, Եթէ Աստուծոյ պարգեւը գիտենայիր, եւ թէ ով է նա, որ քեզ ասում է, թէ Տուր ինձ խմել, ապա դու նորանից կ’խնդրէիր, եւ նա * կենդանի ջուր կ’տար քեզ։ 11Կինը նորան ասեց. Տէր, դու դոյլ էլ չ’ունիս, եւ հորը խոր է. Ապա ո՞րտեղից ունիս կենդանի ջուրը։ 12Մի՞թէ դու աւելի մեծ ես քան է մեր հայր Յակոբը, որ այս հորը տուաւ մեզ. Եւ ինքը սորանից խմեց, եւ նորա որդիքը եւ նորա անասունները։ 13Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան, * Ամեն այդ ջրիցը խմողը դարձեալ կ’ծարաւի. Բայց ով որ խմէ այն ջրիցը որ ես կ’տամ նորան, նա յաւիտեան չի ծարաւիլ։ 14Այլ այն ջուրը, որ ես կ’տամ նորան, * ջրի աղբիւր կ’լինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կ’բղխէ։ 15* Կինը նորան ասեց. Տէր, տուր ինձ այն ջուրը, որ չ’ծարաւիմ, եւ չ’գամ այստեղ ջուր հանելու։ 16Յիսուսը նորան ասեց. Գնա կանչիր քո մարդին, եւ եկ այստեղ։ 17Կինը պատասխանեց եւ ասեց. Ես մարդ չ’ունիմ. Յիսուսը նորան ասեց. Լաւ ասեցիր թէ Մարդ չ’ունիմ. 18Որովհետեւ դու հինգ մարդ ես ունեցել, եւ նա որ հիմա ունիս, քո մարդը չէ. Դա ճշմարիտ ասեցիր։ 19Կինը նորան ասեց. Տէր, * տեսնում եմ որ դու մարգարէ ես։ 20Մեր հայրերը * այս սարումը երկրպագութիւն արին. Եւ դուք ասում էք, * թէ Երուսաղէմումն է այն տեղն, ուր պէտք է երկրպագութիւն անել։ 21Յիսուսը նորան ասեց. Կին, հաւատա ինձ, որ ժամանակ կ’գայ, * որ այն ժամանակ ոչ այս սարումը կ’երկրպագէք Հօրը, եւ ոչ էլ Երուսաղէմումը։ 22Դուք երկրպագում էք նորան, * որ դուք չ’գիտէք. Մենք երկրպագում ենք նորան, որ գիտենք. * որովհետեւ փրկութիւնը Հրէաներիցն է։ 23Բայց ժամանակ կ’գայ, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները * հոգով եւ * ճշմարտութիւնով կ’երկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին։ 24* Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն։ 25Կինն ասեց նորան. Գիտեմ, որ * Մեսիան պիտի գայ (որ Քրիստոս է կոչվում). Երբոր նա կ’գայ, * ամեն բան կ’պատմէ մեզ։ 26Յիսուսը նորան ասեց. * Ես եմ, որ քեզ հետ խօսում եմ։ 27Եւ սորա վերայ եկան նորա աշակերտները, եւ զարմանում էին, որ կնկայ հետ խօսում էր. Բայց ոչ ոք չ’ասեց, Ի՞նչ ես ուզում, կամ ի՞նչ ես խօսում դորա հետ։ 28Կինն էլ իր կուժը թողեց, եւ գնաց քաղաք, եւ մարդկանց ասեց. 29Եկէք տեսէք մի մարդ, որ ինձ ասեց * բոլորը ինչ որ գործել եմ. Արդեօք նա՞ է Քրիստոսը։ 30Եւ դուրս ելան քաղաքիցը, եւ նորա մօտ էին գալիս։
31Եւ այն միջոցին աշակերտները խնդրում էին նորան եւ ասում. Ռաբբի, կեր։ 32Նա էլ ասեց նորանց. Ես կերակուր ունիմ ուտելու, որ դուք չ’գիտէք։ 33Աշակերտներն էլ իրար ասում էին. Արդեօ՞ք մի մարդ դորան բան բերաւ ուտելու։ 34Յիսուսն ասեց նորանց. * Իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ, եւ նորա գործը կատարեմ։ 35Մի՞թէ դուք չէք ասում, թէ Դեռ չորս ամիս կայ, եւ հունձքը կ’գայ. Ահա ես ասում եմ ձեզ. Բարձրացրէք ձեր աչքերը, եւ տեսէք արտերը, * որ սպիտակացել են եւ արդէն հնձին հասել։ 36* Եւ հնձողը վարձք է առնում, եւ յաւիտենական կեանքի մէջ պտուղ ժողովում. Որ սերմողը եւ հնձողը իրար հետ ուրախանան։ 37Որովհետեւ սորանում ճշմարիտ է այն խօսքը, թէ Ուրիշ է սերմողը, եւ ուրիշ է հնձողը։ 38Ես ուղարկեցի ձեզ հնձել այն, որ դուք չ’աշխատեցիք. Ուրիշներն աշխատեցին, եւ դուք նորանց աշխատանքի մէջը մտաք։
39Եւ Սամարացիների այն քաղաքիցը շատերը հաւատացին նորան * այն կնկայ խօսքի համար, որ վկայում էր, թէ Ասեց ինձ բոլորը ինչ որ գործել էի։ 40Արդ երբոր Սամարացիները նորա մօտ եկան, նորան աղաչեցին, որ իրանց մօտ մնայ. Եւ երկու օր մնաց այնտեղ։ 41Եւ էլ շատերը հաւատացին նորան՝ նորա խօսքի համար։ 42Եւ այն կնկան էլ ասում էին, թէ Այլ եւս քո խօսքերի պատճառով չենք հաւատում. Որովհետեւ * մենք ինքներս լսեցինք, եւ գիտենք որ ճշմարտապէս սա է աշխարհի Փրկիչը՝ Քրիստոսը։
43Եւ երկու օրից յետոյ այնտեղից դուրս եկաւ գնաց Գալիլեա։ 44Որովհետեւ * Յիսուսն ինքը վկայեց, թէ Մարգարէն իր հայրենիքումը պատիւ չ’ունի։ 45Բայց երբոր Գալիլեա եկաւ, Գալիլեացիներն ընդունեցին նորան. * տեսնելով այն բոլորն, որ տօնին արաւ Երուսաղէմումը. * Որովհետեւ նորանք էլ եկել էին այն տօնին։
46Եւ Յիսուսը դարձեալ եկաւ Գալիլեայի Կանան, * ուր ջուրը գինի արաւ. Մի * ազնուական մարդ կար, որի որդին Կափառնայումի մէջ հիւանդ էր։ 47Նա լսելով թէ Յիսուսը Հրէաստանիցն եկել է Գալիլեա, եկաւ նորա մօտ եւ աղաչում էր, որ իջնէ եւ իր որդուն բժշկէ. Որովհետեւ մեռնելու մօտ էր։ 48Յիսուսն էլ նորան ասեց, * Եթէ նշաններ եւ հրաշքներ չ’տեսնէք՝ չէք հաւատալ։ 49Ազնուականը նորան ասեց. Տէր, իջիր դեռ քանի որ չէ մեռել երեխաս։ 50Յիսուսը նորան ասեց. Գնա, քո որդին կենդանի է. Եւ մարդը հաւատաց այն խօսքին՝ որ Յիսուսը նորան ասեց, եւ գնաց։ 51Եւ դեռ որ իջնում էր, նորա ծառաները նորան դիմաւորեցին եւ աւետիս տուին եւ ասեցին թէ Քո տղան կենդանի է։ 52Նա էլ նորանց հարցնում էր այն ժամի համար, որ նորանում սկսեց լաւանալ. Եւ նորան ասեցին թէ Երէկ ժամը եօթին տենդը թողեց նորան։ 53Այն ժամանակ հայրն իմացաւ, թէ նոյն ժամին է, որ Յիսուսը նորան ասեց թէ Քո որդին կենդանի է. Եւ հաւատաց ինքը եւ նորա բոլոր տունը։ 54Սա դարձեալ երկրորդ նշանն արաւ Յիսուսը, երբոր Հրէաստանիցն եկաւ Գալիլեա։
*4.1 Գլ. գ. 22, 26։
*4.5 Ծն. լգ. 19։ խը. 22։ Յես. իդ. 32։
*4.9 դ Թագ. ժէ. 24։ Ղուկ. թ. 52, 53։ Գոր. ժ. 28։ Տես Մատ. ժ. 5։
*4.10 Ես. ժբ. 3։ խդ. 3։ Երեմ. բ. 13։ Զաք. ժգ. 1։ ժդ. 8։
*4.13 Գլ. զ. 35, 59։
*4.14 Գլ. է. 38։
*4.15 Տես Գլ. զ. 34։ Հռովմ. զ. 23։ ա Յովհ. ե. 20։
*4.19 Ղուկ. է. 16։ իդ. 19։ Գլ. զ. 14։ է. 40։
*4.20 բ Օր. ժա. 29։ Յես. ը. 33։ Դատ. թ. 7։
*4.20 բ Օր. ժբ. 5, 11։ գ Թագ. թ. 3։ բ Մն. է. 12։
*4.21 Մաղ. ա. 11։ ա Տիմ. բ. 8։
*4.22 դ Թագ. ժէ. 28-34։
*4.22 Ծն. խթ. 10։ Ես. բ. 3։ Ղուկ. իդ. 47։ Հռովմ. գ. 1, 2։ թ. 4, 5։
*4.23 Փիլ. գ. 3։ Տես Յուդ. 20։
*4.23 Գլ. ա. 17։
*4.24 բ Կոր. գ. 17։
*4.25 Գլ. ա. 41։
*4.25 Հմր. 29, 39։ Տես բ Օր. ժը. 18։ Գլ. ժզ. 13-15։
*4.26 Գլ. թ. 37։
*4.29 Հմր. 25։
*4.34 Յոբ իգ. 12։ Գլ. ե. 30։ զ. 38։ ժէ. 4։ ժթ. 30։
*4.35 Մատ. թ. 37։ Ղուկ. ժ. 2։ Հմր. 40։
*4.36 Դան. ժբ. 3։
*4.39 Հմր. 29։
*4.42 Գլ. ժէ. 8։ ա Յովհ. դ. 14։
*4.44 Մատ. ժգ. 57։ Մար. զ. 4։ Ղուկ. դ. 24։
*4.45 Գլ. բ. 23։ գ. 2։
*4.45 բ Օր. ժզ. 16։
*4.46 Գլ. բ. 1, 11։
*4.46 Կամ՝ թագաւորի պաշտօնեայ
*4.48 ա Կոր. ա. 22։