Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսը սովորեցնում է գայթակղութիւն չ’տալ և իրար ներել։ Հաւատք…

Քրիստոսը սովորեցնում է գայթակղութիւն չ’տալ և իրար ներել։ Հաւատքի զօրութիւնը։ Անպիտան ծառաներ։ Քրիստոսը տասը բորոտի է բժշկում, և խօսում է Աստուծոյ թագաւորութեան, և մարդի Որդու գալու վերայ։

1Եւ աշակերտներին ասեց. * Անկարելի է, որ գայթակղութիւններ չ’գան. Բայց վայ նորան որի ձեռովը կ’գան։ 2Աւելի լաւ է նորան, որ նորա վզիցը մի էշի ջաղացի քար կախուէր եւ ծովը գցուէր, քան թէ այս փոքրներից մէկին գայթակղեցնէ։

3Զգոյշ կացէք ձեր անձերին։ * Եթէ քո եղբայրը մեղանչէ քեզ դէմ, * յանդիմանիր նորան. Եւ եթէ ապաշխարէ, ներիր նորան։ 4Եւ եթէ օրը եօթն անգամ քեզ դէմ մեղանչէ՝ եւ եօթն անգամ քեզ մօտ դառնայ եւ ասէ՝ Ապաշխարում եմ, ներիր նորան։

5Եւ առաքեալներն ասեցին Տիրոջը. Մեր հաւատքն աւելացրու։ 6Եւ * Տէրն ասեց. Եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենայիք, այս թզենուն կ’ասէիք. Պոկուիր եւ ծովի մէջ տնկուիր, եւ նա կ’հնազանդէր ձեզ։

7Բայց ձեզանից ո՞վ է նա, որ մի հողագործ կամ մի հովիւ ծառայ ունենայ, որ երբոր յանդիցը գայ տուն մտնէ, շուտով ասէ նորան, թէ Եկ սեղան նստիր։ 8Այլ չի՞ ասիլ նորան, թէ պատրաստիր ինչ որ իրիկունս պիտի ուտեմ, եւ գօտիդ կապիր * ինձ ծառայիր, մինչեւ որ ուտեմ եւ խմեմ, եւ յետոյ դու էլ կ’ուտես եւ կ’խմես։ 9Մի՞թէ այն ծառայիցը շնորհակալ կ’լինի, որ այն բոլոր իրան հրամայուածներն արաւ. Չ’կարծեմ։ 10Այնպէս էլ դուք, երբոր բոլոր ձեզ հրամայուած բաներն անէք, ասեցէք, թէ * Մենք անպիտան ծառաներ ենք. Որովհետեւ այն ենք արել, ինչ որ պարտական էինք անելու։

11Եւ եղաւ՝ երբոր նա * Երուսաղէմ էր գնում, ինքը Սամարիայի եւ Գալիլեայի միջովն էր անցնում։ 12Եւ նա մի գիւղ մտնելիս, տասը բորոտ մարդիկ պատահեցան նորան, * որ հեռուանց կանգնեցին, 13Եւ իրանց ձայնը բարձրացրին եւ ասեցին. Յիսուս՝ Վարդապետ, մեզ, ողորմիր։ 14Եւ երբոր տեսաւ՝ ասեց նորանց. * Գնացէք ձեր անձերը քահանաներին ցոյց տուէք. Եւ եղաւ, որ նորանք գնալիս՝ սրբուեցան։ 15Եւ նորանցից մէկն, երբոր տեսաւ թէ բժշկուեցաւ, ետ դառաւ՝ բարձր ձայնով փառաւորում էր Աստուծուն։ 16Եւ իր երեսի վերայ ընկաւ նորա ոտների առաջին, եւ գոհանում էր նորանից. Եւ ինքը Սամարացի էր։ 17Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Չէ՞ որ տասն էլ սրբուեցան. Ապա այն ինն ո՞ւր են։ 18Ետ դառնողներ չ’գտնուեցան, որ Աստուծուն փառք տան, բացի այս այլազգին։ 19* Եւ ասեց նորան. Վեր կաց՝ գնա. Քո հաւատքն ապրեցրեց քեզ։

20Երբոր Փարիսեցիներիցն հարցուեցաւ, թէ Աստուծոյ արքայութիւնն ե՞րբ պիտի գայ, պատասխանեց նորանց եւ ասեց. Աստուծոյ արքայութիւնը դրսի նշանով չի գալ։ 21* Ոչ էլ կ’ասեն, թէ Ահա այստեղ է, կամ՝ ահա այնտեղ է. Որովհետեւ * ահա Աստուծոյ արքայութիւնը հէնց ձեր ներսումն է։

22Աշակերտներին էլ ասեց. * Օրեր կ’գան, որ դուք կ’ցանկանաք մարդի Որդու օրերից մէկը տեսնել, եւ չէք տեսնիլ։ 23* Եւ ձեզ կ’ասեն՝ Ահա այստեղ է, կամ՝ ահա այնտեղ է, չ’գնաք եւ ետեւիցը չ’հետեւիք։ 24* Որովհետեւ ինչպէս կայծակն որ փայլում երկնքի տակիցը՝ լոյս է տալիս մինչեւ երկնքի միւս տակը, այնպէս էլ կ’լինի մարդի Որդին իր օրումը։ 25* Բայց առաջ պէտք է որ նա շատ չարչարուի եւ անարգուի այս ազգիցը։ 26* Եւ ինչպէս եղաւ Նոյի օրերումն, այնպէս էլ կ’լինի մարդի Որդու օրերումը։ 27Ուտում էին եւ խմում էին՝ կին էին առնում՝ եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն որ Նոյը մտաւ տապանը, եւ ջրհեղեղն եկաւ եւ ամենքին կորցրեց։ 28* Նմանապէս էլ ինչպէս Ղովտի օրերումն եղաւ. Ուտում էին, խմում էին, առնում էին՝ ծախում էին, տնկում էին՝ շինում էին։ 29* Եւ այն օրն որ Ղովտը Սոդոմիցը դուրս եկաւ, կրակ եւ ծծումբ տեղաց երկնքիցը եւ ամենքին կորցրեց։ 30Նոյն կերպովն էլ կ’լինի այն օրումը, որ * մարդի Որդին կ’յայտնուի։ 31Այն օրումն * ով որ կտրի վերայ լինի եւ իր բաները տան մէջ, թող չ’իջնէ նորանց առնելու. Եւ յանդումը լինողն էլ այնպէս թող ետ չ’դառնայ։ 32* Յիշեցէք Ղովտի կինը։ 33* Ով որ ուզէ իր անձն ապրեցնել, կ’կորցնէ նորան. Եւ ով որ կորցնէ նորան, կ’ապրեցնէ նորան։ 34* Ասում եմ ձեզ. Նոյն գիշերումն երկու հոգի մէկ մահիճի մէջ կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի։ 35Երկու հոգի միասին աղալու վերայ կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի. Եւ երկու հոգի արտումը կ’լինին, մէկը կ’առնուի եւ միւսը կ’թողուի։ 36Եւ պատասխանեցին եւ նորան ասեցին. Տէր, * ո՞րտեղ։ 37Նա էլ ասեց նորանց. Որտեղ մարմինն է, արծիւներն էլ այնտեղ կ’հաւաքուին։

*17.1 Մատ. ժը. 6, 7։ Մար. թ. 41։ ա Կոր. ժա. 19։

*17.3 Մատ. ժը. 15, 21։

*17.3 Ղ—. ժթ. 17։ Առակ. ժէ. 10։ Յակ. ե. 19։

*17.6 Մատ. ժէ. 19։ իա. 21։ Մար. թ. 22։ ժա. 23։

*17.8 Գլ. ժբ. 37։

*17.10 Յոբ իբ. 3։ լե. 7։ Սաղ. ժզ. 2։ Մատ. իե. 30։ Հռովմ. գ. 12։ ժա. 35։ ա Կոր. թ. 16, 17։ Փիլիմ. 11։

*17.11 Ղուկ. թ. 51, 52։ Յովհ. դ. 4։

*17.12 Ղ—. ժգ. 46։

*17.14 Ղ—. ժգ. 2։ ժդ. 2։ Մատ. ը. 4։ Գլ. ե. 14։

*17.19 Մատ. թ. 22։ Մար. ե. 34։ ժ. 52։ Գլ. է. 50։ ը. 48։ ժը. 42։

*17.21 Հմր. 23։

*17.21 Հռովմ. ժդ. 17։

*17.22 Տես Մատ. թ. 15։ Յովհ. ժէ. 12։

*17.23 Մատ. իդ. 23։ Մար. ժգ. 21։ Գլ. իա. 8։

*17.24 Մատ. իդ. 27։

*17.25 Մար. ը. 31։ թ. 30։ ժ. 23։ Գլ. թ. 32։

*17.26 Ծն. է։ Մատ. իդ. 37։

*17.28 Ծն. ժթ։

*17.29 Ծն. ժթ. 16, 24։

*17.30 բ Թես. ա. 7։

*17.31 Մատ. իդ. 17։ Մար. ժգ. 15։

*17.32 Ծն. ժթ. 26։

*17.33 Մատ. ժ. 39։ ժզ. 29։ Մար. ը. 35։ Գլ. թ. 24։ Յովհ. ժբ. 25։

*17.34 Մատ. իդ. 40, 41։ ա Թես. դ. 16։

*17.36 Յոբ լթ. 30։ Մատ. իդ. 28։